Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի երրորդ ալիքը

40

Վրաստանում սկսվել է կորոնավիրուսային վարակի տարածման երրորդ ալիքը: Այդ մասին, ըստ ՏԱՍՍ-ը, կիրակի վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտնել է Վրաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:

«Երկրում արդեն սկսվել է երրորդ ալիքը, բայց մենք ուզում ենք, որ այն հնարավորինս կառավարելի լինի, որպեսզի լայնամասշտաբ համաճարակ չդառնա: Մեզ մոտ բոլոր (վարակի տարածման) կլաստերները կապված են մարդկանց բազմության, հարսանիքների, ոգեկոչումների, ծննդյան տոների և այլնի հետ»,- ասել է Գամկրելիձեն՝ հավելելով, որ վերջին շրջանում վարակման դեպքերի մեծ մասը կապված են, այսպես կոչված, բրիտանական շտամի տարածման հետ:

Վրաստանում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: Նույն թվականի մարտի 21-ից մայիսի 22-ը հանրապետությունում գործում էր արտակարգ դրություն: Երկրում վարակի տարածման երկրորդ ալիքը սկսվել է անցյալ տարվա սեպտեմբերին և հասել գագաթնակետին դեկտեմբերի 5-ին (5450 նոր դեպք): Նոյեմբեր ամսից կառավարությունը ստիպված է եղել մի շարք սահմանափակումներ մտցնել, այդ թվում`երեկոյան 21: 00-ից առավոտյան 05: 00-ը տնից դուրս գալու արգելք: