Հոդվածաշար․ 100 տարի առաջ՝ 1921թ․ Կոստանդնուպոլսում չորս հայկական կուսակցությունների միավորմամբ հիմնադրվեց Ռամկավար Ազատական կուսակցությունը

335

Azgonline.am-ը սկսում է տպագրել պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանի հոդվածաշարը նվիրված ՌԱԿ հիմնադրման 100-ամյակին, –

ՆՅՈւԹ  1

ՀՈԴՎԱԾԱՇԱՐ

100 տարի առաջ՝ 1921 թվականի հոկտեմբերի 1-ին Կոստանդնուպոլսում չորս՝

ԱրմենականՎերակազմյալ ՀնչակյանՍահմանադրական Ռամկավար և Հայ Ժողովրդական կուսակցությունների միավորման արդյունքում հիմնադրվեց Ռամկավար Ազատական կուսակցությունը (ՌԱԿ), որը նշանակալի դերակատարություն ունեցավ սփյուռքի հասարակական-քաղաքական կյանքում, ինչպես նաև ազգապահպանման և կրթամշակութային ասպարեզներում:

1990 թ. Հայաստանի անկախացմանը կողմ քվեարկած վեց կուսակցություն-ներից ՌԱԿ-ը նորանկախ ՀՀ Խորհրդարանում ունեցավ 23 անդամանոց թվով երկրորդ խմբակցությունը: Այդ իրողությունից խրտնած իշխող ՀՀՇ-ն ծավալեց քայքայիչ գործողություններ, որոնց արդյունքում խժդժություններ սկսվեցին կուսակցությունում և առաջացան մի քանի անհաշտ թևեր: 2003 թ. մայիսի 25-ին տեղի ունեցած Հայաստանի խորհրդարանական ընտրություններում պաշտոնական  տվյալներով կուսակցությունը հավաքեց ձայների 2.9%-ը (իրականում 5-ից ավելի էր) և չմտավ խորհրդարան։ Դրանից հետո կուսակցությունը կորցրեց իր լուրջ ներկայաց-վածությունը Հայաստանի քաղաքական դաշտում։ Ներկայումս ՀՀ-ում և սփյուռքայան մի քանի օջախներում թեև անընդհատ նվազող թվերով, սակայն որոշ տեղական կազմակերպություններ դեռևս պահպանվում են: Այդ վիճակը, ցավոք, շատ հեռու է Հայաստանի անկախացումից առաջ եղած հզորության գագաթնակետից։ Մոտեցող 100-ամյա հոբելյանը կարող է անկյունադարձային լինել և հետագա համախմբման ու հզորացման հիմք դառնալ, եթե կուսակցության քիչ թե շատ դերակատարություն ունեցող անդամները հրաժարվեն անձնական ամբիցիաներից ու ներդնեն իրենց հնարավորությունները կուսակցության երբեմնի հզորությունն ու փառքը վերականգնելու համար: Ես գոնե հավատում եմ այդ տեսակ մի շրջադարձի…

Որպես խորին հարգանքի տուրք և յուրակերպ հուշարձան ՌԱԿ 100-ամյա հոբելյանին և որպես երկարամյա կուսակցական ու պատմաբան՝ ձեռնարկում ենք ՌԱԿ-ի պատմության կարևոր հանգրվաններին ու նշանավոր գործիչներին նվիրված հոդվածաշար: Դրանով ցանկանում ենք նոր փաստերի և իրողությունների հենքի վրա նորովի ներկայացնել կուսակցության համառոտ պատմությունը և մեր հարգանքի տուրքն ու համեստ ներդրումը բերել այդ կարևոր հոբելյանի առիթով:

ՌԱԿ-ի ստեղծման պատմությունն ունի երեք կարևոր հանգրվաններ՝

  1. Արմենական՝ հիմնադրվել է 1885 թ. Վանում,
  2. Վերակազմյալ հնչակյան՝ 1896 թ. Լոնդոնում,
  3. Հայ Սահմանադրական ռամկավար՝ 1908 թ. Ալեքսանդրիա-Կահիրե,
  4. Ռամկավար ազատական կուսակցություններ՝ 1921 թ. Կ. Պոլիս:

ՌԱԿ-ի նախասկիզբն Արմենական կուսակցությունն էր, որի գաղափարական սերմնացանները եղան հայ ազատագրական պայքարի գաղափարախոսության ռահվիրաններ Մկրտիչ Խրիմյանն ու Մկրտիչ Փորթուգալյանը: Իսկ անմիջական առաջնորդն ու անդրանիկ ղեկավարը՝ արևմտահայ ազգային-ազատագրական շարժման նվիրյալ, իրապաշտ ու խոհեմ քաղաքական մտածողությունը մարմնավորող Մկրտիչ ԱվետիսյանԹերլեմեզյանը, ով իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեց արևմտահայության ազատագրական պայքարի գործին:

Ծնվել է 1864 թ. ապրիլի 12-ին Վանում: Հարգված ու ազնվաբարո Թերլեմեզյանների ընտանիքըում հարգի էին ազգային ավանդույթներն ու սովորույթները և յուրահատուկ ակնածանք կար հայ ժողովրդի հերոսական անցյալի, գրի ու գրքի, երբեմնի հզոր ու մեծ հայկական պետության, բազմաշնորհ ու խելացի հայ թագավորների ու զորավարների և, ընդհանրապես, հայոց փառավոր անցյալի նկատմամբ:

Ապագա նշանավոր գեղանկարիչ Փանոս Թերլեմեզյանի եղբայրն էր: Սովորել է Վանի տարբեր վարժարաններում և ամենուր իրեն դրսևորել որպես ուշիմ, ջանասեր, խելացի ու ընթերցասեր սանի: Դեռ վաղ պատանեկան տարիներց Մկրտիչին շատ դժվար էր կտրել գրքից: Նա կարող էր ժամերով մանրակրկիտ ու համոզիչ պատմել, բացատրել որևէ հարց, հայոց պատմության տարբեր հարցեր:

1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմին հաջորդած տարիներին հայ ազգային ոգին վերազարթնել էր դարավոր ընդարմացումից և ելք էր որոնում ստեղծված դժնդակ պայմաններից դուրս գալու, ինքնակազմակերպվելու և ազատագրական պայքարի դրոշը պարզելու համար: Այս գաղափարին առավելագույնս նպաստեց Մ. Խրիմյանի Բեռլինի վեհաժողովից հետո հնչեցրած հանրահայտ «թղթե շերեփի» կոչ-քարոզը, որը զենքի էր կոչեց հայ ժողովրդին: Լավագույն արդյունք ունենալու համար հարկավոր էր կազմակերպվել, համախմբվել, միասնական ու համազգային ուժ դառնալ: Այդ գործի առաջամարտիկներից մեկը եղավ Մ. Ավետիսյանը, որը կյանքի կոչեց ու ղեկավարեց Մ. Խրիմյան-Մ. Փորթուգալյան գաղափարական սերմնացանների ազգանվեր նպատակները և 1885 թ. Վանում իր համախոհների հետ հիմնադրեց հայ իրականության մեջ առաջին ու միակ երկրածին Արմենական կուսակցությունը:

(շարունակելի)