Էրդողանը հայտարարեց Ղրիմի՝ ՌԴ-ին միացումը սկզբունքայնորեն չճանաչելու մասին

100

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ստամբուլում իր ուկրաինացի գործընկերոջ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ, աջակցություն է հայտնել «Ղրիմի պլատֆորմի» ռազմավարությանը, որը պետք է դառնա Ղրիմը Ուկրաինային վերադարձնելու ելակետ: Նա հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում թերակղզու միացումը Ռուսաստանին:

«Թուրքիան սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Մեր սկզբունքային դիրքորոշումը Ղրիմի բռնակցումը չճանաչելն է: Թուրքիայի և Ուկրաինայի բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի աշխատանքի ընթացքում մենք հաստատեցինք «Ղրիմի պլատֆորմին» աջակցությունը, որը նախատեսված է Ուկրաինայի հողերը միավորելու համար: Մենք ցանկանում ենք, որ այս հարթակը լուծում դառնա Ղրիմի թաթարների և Ուկրաինայի համար», ասել է նա մամլո ասուլիսում, որը հեռարձակել է TRT հեռուստաալիքը:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան համարում է իր պատմական և մարդասիրական պարտքը՝ բարելավել Ղրիմի թաթարների կյանքի որակը, որոնք ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը: Նրա խոսքերով, Կիևն ու Անկարան ծրագրեր ունեն բնակչության այս խմբի համար մզկիթ կառուցելու վերաբերյալ: Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում կողմերը կկարողանան կատարել առաջին քայլը նախագծի իրականացման համար: