Երբ շղթայված է հողդ

106

Իմ սերունդը իր կյանքի փոքր ու մեծ իրողություններին անդրադառնալիս միշտ ասելու է` մինչ 88-ի փետրվարը և՝ 88-ի փետրվարից հետո:

Այսպես քրիստոնյա աշխարհն է իր ապրած ու չապրած տարիները կիսում Հիսուս Նազովրեցու ծնունդով, այդպես մարդկությունն է իր երկրորդ ծնունդը կապում աշխարհակործան ջրհեղեղի անսուտ առասպելին: Ահա այդպես փետրվարյան հայտնի յոթ օրերի լեգենդն է հյուսվել մեր կենսագրությանը և ստիպում է, որ գոնե տարին մեկ հիշենք իր դասերը:

Արցախյան շարժումը, ինչպես ամեն մի համազգային շարժում, նախ երիտասարդական էր, ավելի ճիշտ` ուսանողական: Հետո պիտի դառնար համաժողովրդական, պիտի իր մեջ ներառեր հայրենիք ու սփյուռք. հասկացնելով մեր բարեկամին ու թշնամուն, որ Հայաստան կոչվածը միայն այն չէ, որ բլոկադայի կարող են ենթարկել, որ Հայաստանի սահմանները շատ ավելի լայն են, քանի որ ուր մի հայ է ապրում, հայաստանոտ է ու գրեթե Հայաստան: Ասացի, որ շարժումը սկսվեց որպես ուսանողական, ուստի այս օրերին, երբ լրանում է արցախյան ընդվզումի երրորդ տարին, ես ցանկացա հանդիպել, զրուցել համալսարանական այն ուսանողների հետ, որոնք ի սկզբանե հավատացել են և հիմա էլ հավատում են, որ Արցախը մի օր դառնալու է Հայաստանի անբաժան մասը, որ Արցախն էլ Հայաստան է:

Խոսքն իրենցն է:

Էդուարդ Դարբինյան (ֆիզիկայի ֆակուլտետի 5-րդ կուրս) – 88-ի փետրվարի 20-ին Թատերական հրապարակ էինք գնում, և մեր ձեռքին փոքրիկ մի պաստառ էր` «Ղարաբաղը մերն է»: Առաջինը մենք` համալսարանականներս, հրապարակ մտանք, հետո` մյուս բուհերի ուսանողները: Ժողովուրդը խմբվեց մեր շուրջ: Ոմանց ձեռքերին Գորբաչովի նկարն էր, իսկ բոլորիս մեջ այն հավատը, թե ինքն է սատարելու մեր արդար պահանջատիրությունը: Միամիտ էինք ու դյուրահավատ: Բայց որքան հեռացանք փետրվարյան պայծառ օրերից, հասկացանք, որ ամեն ժողովուրդ ինքն է լուծում իր փոքր ու մեծ խնդիրները: Չգիտեմ, գուցե ուշ հասկացանք, չնայած հիմա էլ կան մարդիկ, որ դեռ շարունակում են նամակներ հղել այս ու այն կողմ, կուրծք ծեծել, լաց լինել, ապացուցել, որ մենք լավն ենք, իսկ… Իզուր է: Ելքը (առայժմ գուցե միակ) Արցախի լքված գյուղերի շտապ վերաբնակեցումն է, արցախցիների վերադարձը և Հայաստան-Արցախ տնտեսական, մշակութային ու մյուս կապերի ամրապնդումը:

Միքայել Թադևոսյան (ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 5-րդ կուրս) – Արցախյան շարժումը մեկ անգամ ևս ապացուցեց, որ սուտ է մեր ազգային անմիաբանության մասին հորինվածքը, որ եթե դրված է ժողովրդի ու երկրի գոյության հարցը, մենք մի բռունցք ենք, մի հոգի և մի մարմին: Երանի միշտ այդպես լինեինք: Շուտ ենք թևաթափ լինում:

Հիմա ես երազում եմ փետրվարյան մեր միասնությունը, ուսանողական մեր հուժկու շարժումը: Հոգնեցի՞նք, բարձր դռնից պատասխանը շա՞տ ուշացավ… Օրերով այս մասին եմ մտածում, և ինձ մեկ-մեկ թվում է, թե Արցախը մեր գոյապայքարի վերջին լինել-չլինելն է, պարտությունը կհուշի միայն մեկ միտք` այլևս կռիվ ու հաղթանակ չունենք:

Անահիտ Ավագյան (բանասիրական ֆակուլտետի 5-րդ կուրս) –Ոմանց թվում է, թե մեր պայքարը անկում է ապրում: Այդպես մտածելն արդեն իսկ վտանագավոր է: Թե այդպես ես մտածում, ուրեմն քեզ դուրս ես դնում մեր ազգային պայքարից, որը շարունակվում է և դադարել է միտինգային լինելուց: Ուղղակի ասեմ, անցել է գեղեցիկ ճառերի ժամանակը, հիմա Արցախը գեղեցիկ խոսքերի կարիք չունի: Օգնելու հնար ունե՞ս, օգնիր, ելք փնտրիր: Հիմա գործ անող է պետք, որը իր հոգու խորքում հավատում է, որ արցախյան խնդիրը վաղուց լուծվել է, և միայն նվաճումը պահել է պետք:

Սամսոն Մխիթարյան (փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի 4-րդ կուրս) – Ասում են` կորուստներ ունեցանք, ու թվում են` Կամո, Ազատ, Չարդախլու… Իսկ ես պատասխանում եմ այնպես, ինչպես Ձորի Միրոն իր Հարութ որդուն` հողի կորուստը անդարձ չէ, մարդու կորուստն է անդարձ: Կուզեի թվել արցախյան շարժման բոլոր նահատակներին անուն առ անուն: Խոնարհվում եմ իրենց հիշատակի առաջ: Ինձ համար, մեզ համար իրենք սրբացած անուններ են: Իրենց գործը եկող սերունդների պայքարի դաս և ուղեցույց պիտի լինի, մեզ համար` նույնպես: Արցախն իրենց համար լոկ պատմաաշխարհագրական տեղանուն չէր, այլ կյանքի իմաստ ու նպատակ, կապանքված հայրենիք, որի շղթաները նաև իրենցն էին:

Նրանց կենդանի հոգիները մեզ միշտ այդ շղթաների մասին են հուշելու և թույլ չեն տալու, որ մի պահ անգամ մոռանանք այդ մասին:

Գուրգեն Միքայելյան (ժուռնալիստիկայի բաժնի 5-րդ կուրս) –Վերջերս կրկին Արցախում էի: Առաջին անգամ այնտեղ եղել եմ 1988թ. ամռանը, որպես «Արցախ-88» ուսանողական շինջոկատի անդամ:

Այդ օրերին Մոսկվայից սպասելիք ունեինք ու զարմանում էինք, որ ոչ մի արցախցի այդպես էլ չի հարցնում` Մոսկվայից ի՞նչ լուր: Իրենց սպասածը Երևանից էր: Այս անգամ նույնպես` Երևանում ի՞նչ են ասում, վերջն ի՞նչ է լինելու: Ստեփանակերտի օդանավակայանում, երբ փաստաթղթերս էին ստուգում, նկատեցի, որ զինվորականներից մեկը թուրք է և գազազած աչքեր ունի: Հասկացել էր, որ ինչ էլ լինի, Արցախն իր ժողովրդով Հայաստան[ին] է մնալու:

Ես շատերին հանդիպեցի, զրուցեցի, բայց ընտրեցի միայն այս հինգ խոսքը: Ուրախ եմ, որ իմ սերնդակիցների մեջ այսպես կենդանի էփետրվարյան օրերի շունչը, անընկճելի ոգին: Մեր դժվար ճանապարհին այն դեռ մեզ շատ է սատարելու:

Ժուռնալիստիկայի բաժնի

5-րդ կուրսի ուսանող Նաղաշ Մարտիրոսյան

«Երևանի համալսարան», 2 փետրվարի 1991 թ.