Գագիկ Ծառուկյանը տուգանվել է՝ որդու հարսանիքին գիշերային ժամին հրավառության համար

65

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի և Բուզանդ Ավետիսյանի դստեր հարսանեկան խնջույքի ավարտից հետո գիշերային ժամին հրավառություն կատարելու համար Գագիկ Ծառուկյանը կտուգանվի։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեցին, որ ապրիլի 11-ին Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում իրականացվել է հրավառություն՝ չպահպանելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջները։ «Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հրավառության կազմակերպչի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Իրականացվում է վարչական վարույթ»,- հայտնեցին ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում կայացել է Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի հարսանյաց խնջույքը, ինչին հաջորդել է շուրջ 40 րոպե տևողությամբ հրավառություն։

Աղբյուր` Փաստինֆո