Լեւոն Մարկոս. «Հայաստանը գոտեպնդվելու եւ վերստին հզորանալու մեկ ուղի ունիՙ Ռուսաստանի հետ անխախտ բարեկամությունը»

100

Արցախյան վերջին պատերազմը, մանավանդ, պատերազմի անակնկալ եւ անսպասելի վախճանը, ասես շանթահարեց համայն հայությանը: Կորստյան մեծ ցավն ու դառնությունը բոլորինս էր, աշխարհի որ ծագում էլ լիներ, որտեղ հայի սիրտ է բաբախում: Այսօր, կատարվածից ամիսներ անց էլ, սփյուռքում ապրող մեր հազարավոր հայրենակիցների հոգիները պաշարված են տագնապի եւ անհանգստության մշուշով: Հեռուներում նրանք ապրում են Հայրենիքի հաջողություններով, ո՞ւմ է հարկավոր քո ունեցվածքն ու հարստությունը, եթե խրոխտ ու հաստատ չեն քո քայլերը, Հայրենիքի հզորությունը ապրելու եւ արարելու մեծ ուժ է տալիս հայությանը, եւ նրանք հավատում ենՙ հազար դառնություն տեսած մեր երկիրը վերստին գոտեպնդվելու եւ հզորանալու է:

Օրերս հենց այս մտորումներով ինձ հետ կիսվեց ռուսաստանաբնակ հայազգի ճանաչված գործարար, բարերար եւ հասարակական գործիչ, Մոսկվայում գործող Ռուս-հայկական ռազմավարական եւ հասարակական նախաձեռնությունների աջակցության կենտրոնի անփոփոխ հովանավոր Լեւոն Մարկոսը, ում հետ վերջին անգամ հանդիպել էի Հայաստանի Անկախության տոնի նախօրյակինՙ 2019 թվականի սեպտեմբերի 20-ին: Իսկ յոթ օր հետո սկսվեց պատերազմը:

– Պատմության անիվը հետ բերել չես կարող, ինչ եղելՙ եղել է,-ասաց Լեւոն Մարկոսը:- Կարող էր նաեւ վաթարագույնը լինել, ավելի շատ զոհեր ունենայինք եւ ավելի շատ տարածքներ կորցնեինք: Շնորհակալություն Վլադիմիր Պուտինինՙ պատերազմը, արյունահեղությունը դադարեցնելու համար: Իրեն մարդասեր հորջորջող աշխարհը քար լռություն էր պահպանում, գործնականում ոչ ոք տեղից չշարժվեց, միայն Ռուսաստանը միջամտեց, հետագա արյունահեղությունը կանխվեց:

Ես, համոզված եմ նաեւՙ Ռուսաստանի հայ համայնքը, եւ ինչու չէՙ հայ ժողովուրդը, երախտապարտ ենք Ռուսաստանի նախագահինՙ մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման գործում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար: Ավելինՙ Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայնՙ Արցախի հանրապետության տարածքում տեղակայվել են ռուսական խաղաղապահ ուժերըՙ դառնալով կայունացման կարեւոր գործոն նման պայթյունավտանգ իրավիճակում: Այստեղից հետեւում է մեկ բանՙ Հայաստանը գոտեպնդվելու եւ վերստին հզորանալու մե՛կ ուղի ունիՙ Ռուսաստանի հետ անխախտ բարեկամությունը:

Կյանքի մեծ ճանապարհ անցած Լեւոն Մարկոսը ծնվել է Երեւանում, բարձրագույն կրթությունը ստացել է Մոսկվայումՙ ավարտելով Պատրիս Լուլումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանը: Ունի 4 երեխաՙ 2 աղջիկ, 2 տղա, աղջիկներից մեկը սովորում է Քեմբրիջի համալսարանում, տղաներից մեկը նույնպես պատրաստվում է Քեմբրիջ մեկնել:

Երեք տասնամյակից ավելի ապրելով եւ աշխատելով Ռուսաստանում, իր աշխատասիրության ու պատվախնդրության շնորհիվ հասնելով մեծ հաջողությունների, ճանաչման ու հարգանքի եւ ամենեւին չխզելով կապը Հայրենիքի հետՙ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության մեծ ջատագով Լեւոն Մարկոսը մի խորին համոզմունք է արձանագրելՙ ամենամեծ հայկական սփյուռքն ունեցող Ռուսաստանում հայերի համար ստեղծված են բոլոր պայմաններն աշխատելու, ստեղծագործելու եւ ճանաչման արժանանալու, Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է հարյուրամյակների ամուր եւ հուսալի դաշինքով:

Լեւոն Մարկոսի համոզմամբՙ Հայաստանի համար միշտ էլ եղբայրական երկիր է եղել Ռուսաստանը, եւ կարծում է, որ առանց ռուսների չենք կարող ապրել թշնամիներով շրջապատված այս դժվարին տարածաշրջանում. ՙՄենք տեսել ենք եղեռն ու ավեր, չենք ուզում, որ կրկնվի բնաջնջման վտանգը, ռուսներից չպետք է հեռանանք:

Լեւոն Մարկոսը նշում է, որ ռուս բազմաթիվ ճանաչված մտավորականների ուսումնասիրությունների համաձայն, հայերը վերջին դարերի ընթացքում նշանակալի հետք են թողել Ռուսաստանում եւ մեծ ավանդ ունեն մի շարք բնագավառների զարգացման գործում: Այսօր էլ բազմաթիվ հայեր ապրելով Ռուսաստանում` աշխարհին ներկայանում են իրենց ամենատարբեր շնորհներով ու ձեռքբերումներով:

– Ռուսաստանն ու Հայաստանը դարավոր բարեկամներ են, եւ այդ մեծ բարեկամությունն առավել սերտացնելու եւ ամրապնդելու շոշափելի արդյունքները ինձ համար առավելապես նկատելի են եղել Վլադիմիր Պուտինի նախագահության տարիներին, եւ որքանով ես տեղյակ եմ, այսպես է մտածում ռուսաստանաբնակ հայության գերակշիռ մասը, նրանքՙ ովքեր տեսել են 90-ականներին Ռուսաստանում տիրող ամենաթողությունն ու անօրինականությունները, Ելցինյան տարիների խեղճուկրակ, կաթվածահար վիճակը, ինչը Սովետական Միության անկումից հետո խայտառակություն էր: Ես այսօր էլ չեմ թաքցնում իմ սերն ու համակրանքը Սովետական Միության նկատմամբ, երանությամբ եմ հիշում այդ տարիները, քանի որ ներկա սերնդի կողմից անտեղի ու անհիմն քննադատվող այդ ժամանակներում երկաթյա կարգապահություն ու կարգուկանոն էր տիրում բոլոր բնագավառներում: Ես հպարտ եմ, որ Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանում ինձ դասավանդել է խորհրդային եւ ռուս քաղաքական եւ պետական ականավոր գործիչ Եվգենի Պրիմակովը, որի սիրելի ուսանողներից էի: Պրիմակովը բազմաթիվ ծառայություններ է մատուցել մեր ժողովրդին, որոնցից թվեմ ընդամենը երկուսը: Առաջին դեպքը, որ քիչ անց կներկայացնեմ, ես կրկին հիշեցի վերջերս, երբ մեր գերիների մի մասին Ադրբեջանից Հայաստան վերադարձնելուց հետո սկսեցին հայտարարել, թե սա աննախադեպ իրողություն է Հայաստանի պատմության մեջ: Բայց հավանաբար այսօր քչերն են հիշում, համենայնդեպսՙ նոր սերունդը, որ 1996 թվականի մայիսին Ռուսաստանի այն ժամանակվա արտգործնախարար, իմ երջանկահիշատակ դասախոս Եվգենի Պրիմակովը Բաքվում Հեյդար Ալիեւի հետ երկարատեւ բանակցություններից հետո ժամանում է Երեւան` ռուսական օդանավով իր հետ Հայաստան բերելով 39 հայ ռազմագերիների եւ պատանդների, որի դիմաց էլ Հայաստանը, պրիմակովյանՙ բոլորըՙ բոլորի դիմաց պայմանավորվածության համաձայնՙ հանձնեց 71 ադրբեջանցի ռազմագերիների…

Ահա, բազմաթիվ ռուս մտավորականների եւ քաղաքական գործիչների համար թանկ էր եւ այսօր էլ թանկ է հայ ժողովրդի հետ բարեկամությունը: Պրիմակովի համար, հենց թեկուզ իր բազմաթիվ հայ ընկերների աչքերի մեջ պարզճակատ նայելու համար, պատվի հարց էր հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնելը: Հետեւապես, չմտածված քայլերով, անզգույշ արտահայտություններով եւ անհեռատես պահվածքով չպետք է խաթարել այդ մեծ վստահությունն ու բարեկամությունը, չէ՞ որ այն մեզ պետք է գալիս ամենաանելանելի իրավիճակներում:

Հենց Եվգենի Պրիմակովի բարի կամեցողության շնորհիվ էր նաեւ, որ նա ինձ ծանոթացրեց Մոսկվայի նախկին քաղաքապետ եւ հայ ժողովրդի մեծ բարեկամ Յուրի Լուժկովի հետ, ում հետ նույնպես մենք դարձանք լավ բարեկամներ, եւ Պրիմակովի այդ միջնորդությունը ճակատագրական դեր խաղաց իմ կյանքում: Այսօր քչերին է հայտնի, որ տարիներ առաջ Մոսկվայի սրտում մեծ հանդիսավորությամբ բացված Հայկական եկեղեցական համալիրի հսկա տարածքը, ունեցած անձնական կապերի եւ գործադրած մեծ ջանքերի շնորհիվ եւ աներեւակայելի արգելքներ հաղթահարելովՙ Յուրի Լուժկովից ձեռք եմ բերել ես, ապա 1996-ին սկսվել է շինարարությունը, որում քիչ չի եղել իմ ներդրումը: Լուժկովին ես խնդրել էի, որ այդ տարածքը լինի հենց իմ տան հարեւանությամբ, եւ այդպես էլ եղավ:

Այսօր, փառք Աստծո, եկեղեցին վեհորեն վեր է խոյանում Մոսկվայի կենտրոնումՙ հանդիսանալով ռուսաստանաբնակ մեր հազարավոր հայրենակիցների հավաքատեղին եւ համախմբման վայրը:

– Ինչ խոսք, փառքն ու ճանաչումը մարդուն միանգամից չեն տրվում,-շարունակում է զրուցակիցս: Ես Ռուսաստանում ապրող ինձ նման բազմաթիվ հայերի եմ ճանաչում, որ զրոյից սկսելով` իրենց արդար աշխատանքով եւ օրինապահ քաղաքացու ճիշտ պահվածքով վայելում են տարբեր ազգությունների սերն ու հարգանքը: Ես դեռեւս 90-ականների սկզբներին եղել եմ Հայաստանում կոոպերատիվների միության հիմնադիրն ու առաջին նախագահը, զբաղվել ենք կոշկագործությամբ, տեքստիլ արդյունաբերությամբ, այդ բնագավառներում մեծ հաջողությունների հասելՙ արտադրանքն իրացնելով նաեւ արտասահմանյան երկրներում: Հետագայում, երբ արդեն հաստատվել էի Ռուսաստանում, եւ, հատկապես Վլադիմիր Պուտինի նախագահության տարիներին, ընդլայնել եմ գործարարության ճյուղերն ու ծավալները եւ այսօր, որպես տարիների փորձառությամբ ու վաստակով անուն հանած հուսալի գործընկեր, ինձ հետ հաշվի են նստում ռուսաստանյան ամենահեղինակավոր ընկերություններն ու կազմակերպությունները:

90-ականների ծանր ու դժվարին տարիներին պատերազմող Հայաստանին բազմիցս ձեռք մեկնած Լեւոն Մարկոսը այսօր էլ աչքի է ընկնում իր բարեգործություններով: Ամիսներ առաջ, պատերազմի առաջին օրերին, հանգանակություն է արել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, պատրաստվում է մոտ առաջիկայում ժամանակակից ռենտգեն ապարատ նվիրել Երեւանի թիվ 16 պոլիկլինիկային:

Լեւոն Մարկոսը ներկայումս հովանավորում է տարիներ առաջ Մոսկվայում հիմնադրված Ռուս-հայկական ռազմավարական եւ հասարակական նախաձեռնությունների աջակցության կենտրոնը: Կազմակերպության նպատակները բազմաթիվ ենՙ Հայոց ցեղասպանության ճանաչման գործունեության ծավալում, անվտանգության բնագավառում ռուս-հայկական հարաբերությունների ուժեղացում, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմական, քաղաքական, սոցիալական եւ մշակույթային համագործակցության զարգացում: Կենտրոնն իր գործունեության մեջ նախատեսում է միավորել Ռուսաստանի եւ Հայաստանի գործընկերներինՙ ռուս եւ հայ հասարակական-քաղաքական գործիչներ, ստեղծագործական, գիտական եւ տեխնիկական մտավորականության ներկայացուցիչներ:

– Ես երկար ու ձիգ տարիներ ապրել եւ աշխատել եմ Ռուսաստանում, բայց հոգով ու սրտով մշտապես եղել եմ Հայաստանի հետ, ամենադժվարին պահերին օգնության ձեռք եմ մեկնել Հայրենքիս փրկության գործի համար, եւ ուղնուծուծով ինձ համարում եմ երեւանցի,-խոսքը շարունակում է Լեւոն Մարկոսը:- Հարթ ու դյուրին չեն եղել վերելքներն ու ձեռքբերումներն իմ կյանքում, ինչի որ հասել եմ, հասել եմ իմ աշխատասիրության, համառության, շիտակության եւ կյանքի չգրված օրենքները հարգելու եւ դրանք չոտնահարելու իմ բնավորության շնորհիվ: Հայ մարդուն բնորոշ այս գծերը ժառանգել եմ Արեւմտյան Հայաստանից գաղթած իմ պաշտելի ծնողներից եւ նույնքան պաշտելի տատ ու պապերից: Հպարտ եմ, որ ես ինքս վերականգնել եւ կրում եմ Մարկոս պապիս ազգանունը: Հպարտ եմ, որ մայրական պապս, ում աքսորեցին Սիբիր եւ նա այնտեղ կնքեց իր մահկանացուն, եղել է հայ մեծագույն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ուսուցիչը, հպարտ եմ, որ խորհրդային ճանաչված գրող, հրապարակախոս, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Մարիետա Սերգեյի Շահինյանն իմ մորաքույրն էր, եւ ես առաջին անգամ գալով Մոսկվաՙ ոտք եմ դրել հենց նրա տանը: Ի դեպ այսօր, երբ մեր հարեւանները վիճարկում են Շուշի քաղաքի հայկական լինելու հարցը, կարող են ծանոթանալ նաեւ Շուշիի մասին մորաքրոջս գրառումներինՙ 1920 թ. ջարդերից հետո: Մարիետա Շահինյանը մասնավորապես գրել է. «Շուշիում ինձ ապշեցրեց լռությունը: 1920 թվականի մարտին այստեղ երեք օրում ավերել ու կրակի են մատնել 7000 տուն, ու մորթել ենՙ ոմանք ասում են 3-4 հազար հայ, ոմանքՙ 12 հազարից ավելի: Փաստ է, որ 35 հազար հայերից Շուշիում ոչ ոք չէր մնացել: Ինչ-որ տեղ առվում դեռ կարելի է տեսնել կանացի մազափնջերՙ լերդացած սեւ արյունով պատված: Երեւակայություն ունեցող մարդն այստեղ դժվար է շնչում. քայլում ես, քայլում, քայլում համատարած ածխացած շենքերի շարքով, ավելի ճիշտՙ պատերի կտորներով, շտապում ես, վախենում, թե երբեք դուրս չես գա…»:

Ահա այսպեսՙ Լեւոն Մարկոսը ակնածելով, երկյուղելով եւ հպարտանալով երկար տարիների իր ձեռքբերումներով ու ընկերներով, որոնց մեջ բազմաթիվ են ռուսաստանյան ճանաչված դեմքերըՙ այսօր ապավինում է Ռուսաստանի հետ բարեկամությանը, չի ցանկանում, որպեսզի նորից կատարվի իր պապերի, մեր ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգությունը:

Այսօր, երբ բացվում են օդային ճանապարհները եւ Հայաստանից Ռուսաստան մեծ հոսք է նկատվում, Լեւոն Մարկոսի սիրտը տագնապում է:

– Արտագաղթը կկործանի Հայաստանը, ճիշտ է դժվարին ժամանակներ են, սակայն պետք է մի փոքր համբերել, դիմանալ: Անգամ սփյուռքից մեր բազմաթիվ հայրենակիցները եկան Արցախ եւ զոհվեցին պատերազմում, իմ տարիքը չներեց, որ ես էլ մասնակցեի, հիմա դուք այս ո՞ւր եք վազում…

Ես պատրաստ եմ ներդրումներ անել, գործարաններՙ աշխատանքային տեղեր բացել Հայաստանում: Հավաստիացնում եմ, որ կորոնավիրուսային համավարակի նահանջից հետո ոչ միայն ես, այլեւ իմ շատ համախոհներ կգանք, ներդրումներ կանենք մեր հայրենիքում, ինչը ինքնաբերաբար կհանգեցնի տնտեսական կայունացման եւ Հայաստանի հզորացմանը: Այդ նպատակով նա եւ իր համախոհները մտադիր են պատեհ առիթի դեպքում մեկնել Հայաստան եւ ավելի մոտիկից տեսնել եւ ուսումնասիրել, թե ինչով կարող են օգնել մեր ժողովրդին, աշխատատեղեր բացել եւ կանխել հնարավոր արտագաղթը:

– Ես միշտ ասել եմՙ կապ չունի, թե աշխարհի որ ծայրում ենք ապրում, արժանապատիվ հայ մարդը պետք է անի հնարավորինը, որպեսզի մեր հայրենիքում իրականություն դառնան մեր նվիրական երազանքները: Առաջին հերթին մեզ անհրաժեշտ է համախմբվածություն եւ միասնություն: Մեր պատմության դասերից մեկն էլ այն է, որ մենք հաղթանակների հասել ենք, երբ միասնական ենք եղել, որպես Հայաստան-Արցախ-Սփյուռքՙ մեկ բռունցք: Լեւոն Մարկոսի այս լավատեսությունը ապագայի հույսեր է ներշնչում եւ նա վստահ էՙ խելացի, կշռադատված եւ իմաստուն քայլերի շնորհիվ մեր հայրենիքը նորից կծաղկի, կհզորանա եւ հայը հպարտ ու խրոխտ քայլերով կքայլի աշխարհում:

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգի» հատուկ թղթակից