Ռուսաստանը հնարավոր է սահմանափակի Թուրքիայի հետ օդային երթևեկությունն ապրիլի 12-ից

81

Համաճարակաբանական իրավիճակի պատճառով ապրիլի 12-ից Ռուսաստանի և Թուրքիայի միջև օդային երթևեկությունը կարող է սահմանափակվել մեկ ամսով: Այս մասին ուրբաթ հայտնել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով տրանսպորտի նախարարության աղբյուրներ և երկու խոշոր տուրօպերատորների:

Ըստ թերթի՝ սահմանափակող միջոցները կարող են ուժի մեջ մտնել երկուշաբթի` ապրիլի 12-ին, այնուամենայնիվ, օդային երթևեկության ամբողջական դադարեցում չի սպասվում: Պարզաբանվում է, որ սահմանափակումները կարող են լինել չարտերային թռիչքների արգելք, ինչպես նաև Թուրքիայից ժամանողների համար 14-օրյա կարանտինի սահմանում: Միևնույն ժամանակ, ենթադրվում է, որ կպահպանվի բեռնափոխադրումների մի մասը:

Ապրիլի 8-ին Թուրքիայի առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսային վարակի դեպքերի ամենամեծ աճը ամբողջ համաճարակի ընթացքում`ավելի քան 55 հազար դեպք: Հանրապետությունում նախորդ հակառեկորդը գրանցվել էր մեկ օր առաջ (54.740 վարակված): Բացի այդ` ՌԴ Պետդումայի կրթության և գիտության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, Ռուսաստանի նախկին գլխավոր սանիտար Գենադի Օնիշչենկոն կարծիք է հայտնել, որ ավելի լավ է, որ ռուսներն այս տարի իրենց արձակուրդն անցկացնեն երկրի ներսում, քանի որ Թուրքիա ուղևորություններն այժմ անվտանգ չեն, քանի որ նրա առողջապահական համակարգը չի կարողանում հաղթահարել համաճարակաբանական իրավիճակը: