«Շանգրիլա» խաղատան 2 միլիարդ 900 միլիոն դրամ պարտքը դեռ չի վճարվել. ընկերությունը դատի է տվել ՀՀ ֆինանսների նախարարությանը

122

Դեռևս անցյալ տարի՝ հունիսին, Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մեջ մտնող «Օնիրա քլաբ» ընկերության կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է 30 մլրդ դրամի վնաս և հարուցվել է քրեական գործ։

Նշենք, որ «Օնիրա քլաբի» բաժնետերերն են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, ինչպես նաև՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնը։

Այս հայտարարությունից մի քանի ամիս անց՝ նոյեմբերին, Ֆինանսների նախարարությունն ուժը կորցրած ճանաչեց «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ի՝ «Շանգրի Լա» խաղատան կազմակերպման լիցենզիան:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ «Օնիրա քլաբը» մինչև 2018 թվականի հունիսը չէր վճարել նախարարության կողմից ընկերությանը դեռ 2014-ին տրված լիցենզիայի համար տարվա երրորդ եռամսյակի պետական տուրքի տարեկան գումարի 25 տոկոսը։

Քանի որ օրերս հրապարակում էինք պատրաստել Գագիկ-Ծառուկյան-Փաշինյան նախընտրական-քաղաքական պայմանավորվածությունների մասին՝ մասնավորապես անդրադառնալով Կառավարության այն որոշմանը, որով լուծվել է Գագիկ Ծառուկյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված բիզեսներից մեկի՝ «Արարատ Ցեմենտի» համար խնդիրներ առաջացրած ցեմենտի հումքի՝ կլինկերի ցածր մաքսատուրքի հարցը, ու այսուհետ կլինկեր կհարկվի շատ ավելի բարձր գնով, ինչը ցանկանում էին և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ «Արարատ Ցեմենտի» աշխատակիցները, 168.am-ը փորձեց պարզել նաև, թե 2020 թվականի հունիսին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելուց հետո Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում առաջացած խնդիրներից է՞լ որոնք են լուծվել՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

Մասնավորապես, 168.am-ը ՀՀ ֆինանսների նախարարությունից հետաքրքրվեց՝ արդյոք «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի՝ 2020 թվականին ուժը կորցրած ճանաչված լիցենզիան վերականգնվե՞լ է։

Ֆինանսների նախարարությունից մեզ պատասխանել են, որ «Օնիրա քլաբի» լիցենզիան չի վերականգնվել։

Չվերականգնվելու պատճառը, ըստ ֆինանսների նախարարության, այն է, որ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն պետական տուրքի գծով իր պարտավորությունը՝ 2. 929.437.500 դրամը, չի վճարել։

Պարզվում է, սակայն, որ «Օնիրա Քլաբ» ընկերությունը չի էլ պատրաստվում վճարել Ֆինանսների նախարարության կողմից մատնանշված գումարը՝ 2 միլիարդ 929 միլիոն դրամը, որովհետև հարցը վիճարկել է դատարանում և դատական հայց է ներկայացրել վարչական դատարան ու հաղթել։

«Օնիրա Քլաբը» դատական հայց է ներկայացրել ՀՀ Ֆինանսների նախարարության դեմ՝ դատարանից պահանջելով ուժը կորցրած ճանաչել խաղատան լիցենզիայի կասեցման մասին որոշումը, իսկ վարչական դատարանը բավարարել է «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության և անվավեր ճանաչել ֆինանսների նախարարության կողմից խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ ֆինանսների նախարարի 20.11.2020 թվականի հրամանը:

Ֆինանսների նախարարությունն էլ չի հաշտվել այս որոշման հետ, դիմել է վարչական վերաքննիչ դատարան՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը։

Կբեկանվի՞, թե՞ ոչ, պարզ չէ, քանի որ դեռ վարչական դատարանը դատական նիստի օր չի նշանակել, սակայն, եթե պարզվի, որ առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչը թողնում է անփոփոխ, ապա դա նշանակում է, որ առանց 2 միլիարդ 929 միլիոն դրամ վճարելու՝ «Օնիրա Քլաբը» կվերականգնի իր լիցենզիան, ու «Շանգրի Լա» խաղատունը կշարունակի իր գործունեությունը։

168.am