«Մենք ազգովի պատասխան տվեցինք 2018թ. համար». Ժիրայր Դադասյան

102

«Նորմալ, վերլուծող միտք ունեցող մարդու համար ակնհայտ է, որ գերիների հարցն այս ձևով չեն լուծում, այս ձևով այս իշխանությունները գերիների հարցը կյանքում չեն կարողանալու լուծել». այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի անհաջող փորձին: Հիշեցնենք՝ երեկ լրատվամիջոցներից մեկին Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասել էր, որ նախատեսվում է գերիների վերադարձ: Ավելի ուշ խոսնակի փոխանցած տեղեկությունը կայքից հեռացվել էր, իսկ հետո պարզվեց, որ Բաքվից Երևան եկած ինքնաթիռը դատարկ է եղել, գերիներ չեն վերադարձվել: Դադասյանը, լրագրողի հարցին ի պատասխան, անդրադառնալով այն վարկածին, որ հնարավոր է՝ Ալիևը պահանջի Մեղրին գերիների դիմաց, ասաց.

«Դա անհնար է ուղղակի, քանի որ կա ինչ-որ մի կարմիր գիծ վերջիվերջո, ես հավատում եմ մեր ժողովրդին: Մենք դպրոցում բանաստեղծություն ենք սովորել անգիր՝ «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում, մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում», էդ հային մոռացել ենք ամբողջովին, լիարժեք մոռացել ենք, չգիտենք՝ մենք ով ենք, բայց ես վստահ եմ, որ այդ գենը կարթնանա, իսկ երբ որ արթնացավ, ավեր կգործի»:

Դադասյանի պնդմամբ՝ ամեն օր մեր օրակարգ են նետվում տարբեր թեմաներ՝ մեզ շեղելու համար կարևորից:

«Ինձ համար ամենակարևոր խնդիրը Արցախի պետականության խնդիրն է՝ սեպտեմբերի 26-ի սահմաններով, որին պետք է ձգտել ամեն գնով: Պրիմիտիվ ուղեղներն իմ ասածի տակ կարող են տեսնել միայն պատերազմ, 98թ.-ին էլ էին ասում, թե գալիս է պատերազմի իշխանությունը, բայց եղան ամենախաղաղ և ամենածաղկուն տարիները, չգիտես ինչու: Դա ոչ թե պատերազմ կլինի, այլ պայքար կլինի քո պետականությունը պահպանելու համար, որովհետև ակնհայտ դարձավ, որ ՀՀ-ի՝ որպես պետության գոյության երաշխավորը Արցախն էր՝ իբրև պետական միավոր:  Քանի դեռ մենք չենք վերականգնի Արցախի պետականությունը, մենք երբեք չենք ունենա հայկական պետություն, Արցախ և ՀՀ, միասին վերցրած Հայաստան պետություն չենք ունենա երբեք: Եթե մենք չդնենք Արցախը և Արցախի պետականությունը անկյունաքար, մենք Հայաստան որևէ դեպքում չենք ունենա»,- ասաց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Այսօր «Հրապարակ» թերթի լրագրողն Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովից հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ էին Հայաստանի պաշտոնատար անձինք երեկ հայտարարում, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան։

«Կեղծ պրովոկացիա էր: Նրանք մոլորության մեջ են գցում բնակչությանը»,- պատասխանել էր Մուրադովը:

Դադասյանը, անդրադառնալով այս միջադեպին, ասաց.

«Սուտն ու կեղծիքը դարձել է առօրյա աշխատելու ձև»:

Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարի մոտ զարմանք է առաջացնում այն հանգամանքը, որ այսքան զոհեր, անհետ կորածներ, գերիներ ունենալու պարագայում՝ մեր պաշտոնյաները խոսում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին:

«Ես կարծում եմ, որ այս ծուռ հայելիների թագավորությունն ի վերջո իր ավարտը կունենա, շատ մեծ հույս ունեմ, որ կունենա, չգիտեմ՝ էս ընտրություններո՞վ կլինի, թե՞ չէ, որովհետև էս ընտրություններից ես բան չեմ հասկանում, բա որ էդ ընտրություններում նորից էս ուժը հաղթի, ի՞նչ է ստացվում, որ զրոյացվո՞ւմ են մեր զոհերը, չենք ունեցե՞լ,  ամբողջը զրոյացվո՞ւմ է, չեմ կարողանում հասկանալ, էս ամեն ինչը պետք է լիներ հենց էսպե՞ս, էդ երեխեքը պետք է զոհվեի՞ն, էսքան էլ վիրավո՞ր պետք է ունենայինք, էս երկիրն էլ կործանեինք, որ մենք մնանք իշխանության, էդ է ստացվո՞ւմ, ոչ մեկը պատասխան չի տալո՞ւ էս ամեն ինչի համար, ուղղակի հարցնում եմ ու ուզում եմ հասկանալ: Մենք ազգովի պատասխան տվեցինք 2018թ.-ի համար»,- ասաց Դադասյանը:

168.am