Այս փաստաթուղթը վերանայելու ցանկացած փորձ կանդրադառնա Ռուսաստանի շահերի վրա. Զախարովան` Մոնտրյոյի կոնվենցիայի վերաբերյալ

105

Ռուսական կողմը Բոսֆորի և Դարդանելի կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիան համարում է Սև ծովի կայունության և անվտանգության հիմնական գործոն, հատկապես` ծովային նավարկության հարցում: Եվ այս փաստաթուղթը վերանայելու ցանկացած փորձ կանդրադառնա Ռուսաստանի շահերի վրա: Այս մասին ապրիլի 9-ի ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք Մոնտրյոյի կոնվենցիայի հիման վրա հաստատված միջազգային իրավական ռեժիմին այլընտրանք չենք տեսնում», – ընդգծել է նա:

Այս կապակցությամբ, հավելել է Զախարովան, Ռուսաստանն ակնկալում է, որ բոլոր երկրները պատասխանատու կերպով կմոտենան Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթների կատարմանը:

«Եվ, իհարկե, դրանում Թուրքիան առանձնահատուկ դեր ունի»,- ընդգծել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

Մոնտրյոյի՝ 1936 թ. կոնվենցիան, որը գործում է մինչ օրս, ԽՍՀՄ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունաստանի, Հարավսլավիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի մասնակցությամբ Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում տեղի ունեցած խորհրդաժողովի արդյունքում ստորագրված կոնվենցիան է, որը ենթադրում է, որ բոլոր սևծովյան պետությունների ռազմանավերը (առևտրային և այլ նավերին չի վերաբերում) ազատ կարող են ելումուտ անել Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով՝ պայմանով, որ պետք է նախապես դրա մասին տեղեկացնեն թուրքական իշխանություններին: Իսկ ոչսևծովյան պետությունների ռազմանավերի համար կա հստակ սահմանափակում՝ միայն մանր և ոչ մեծ տարողությամբ ռազմանավերին է թույլատրվում մուտք գործել նեղուցներ (հսկայական ավիակիրներն, անշուշտ, չեն մտնում այդ ցուցակի մեջ):

Ի դեպ, Թուրքիան բազմիցս խախտել է այս կոնվենցիայի դրույթները. մասնավորապես, կետերից մեկի համաձայն, եթե Թուրքիան չի մասնակցում պատերազմի, ապա պարտավոր է փակել նեղուցները ցանկացած պետության համար: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Թուրքիան խախտել է այս դրույթը (քանզի պաշտոնապես համարվում էր չեզոք երկիր) և թույլատրել նացիստական նավերի մուտքը Սև ծով: