«Այս ամենն ընդհանրական հարձակում է Ռուսաստանի վրա, Հայաստանն օկուպացնելը նույնպես մտնում է այդ տերությունների շահերի մեջ». Գագիկ Հարությունյան

161

Տևական ժամանակ է, Դոնբասում իրավիճակը լարված է, և ըստ ՌԴ արտգործնախարարության խոսնակի՝ սրվելու միտում ունի։

«Ցավոք, այնտեղ իրադրությունը մնում է բարդ և սրվելու միտում ունի։ Դրա պատճառը Կիևի մարտական տրամադրվածությունն է, որն առաջվա պես պատրանքներով է ապրում երկրի հարավ-արևելքում հակամարտության ուժային լուծման հնարավորության հետ կապված»,- ապրիլի 9-ին ճեպազրույցի ժամանակ ասել էր Մարիա Զախարովան։

Դոնբասում իրավիճակի հետ կապված տարբեր կարծիքներ են հնչում, այդ թվում՝ այնտեղ Թուրքիան կձգտի իրավիճակը դարձնել պայթյունավտանգ, որպեսզի «պատժի» Ռուսաստանին և Արցախում կարողանա իր տեղն ու դերն ավելի ամրապնդել ու մեծացնել, այլ կերպ ասած՝ Դոնբասը խաղաթուղթ է Թուրքիայի ձեռքին՝ ուղղված Ռուսաստանի դեմ։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին նախատեսված է Ուկրաինիայի նախագահի այցը Թուրքիա, որտեղ վերջինս կհանդիպի իր թուրք գործընկերոջ հետ։

168.am-ի հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ  Գագիկ Հարությունյանն ասաց, որ հակամարտությունը, որն այսօր ընթանում է Դոնբասի շուրջ, հիմնականում արվում է արևմտյան ուժերի կողմից, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից, նաև Թուրքիայի։

«Ուզում եմ հատուկ կանգ առնել Թուրքիայի դերակատարության վրա, որովհետև եթե մարդիկ ծանոթ են բրիտանական պատմությանը, ապա պետք է հիշեն, որ կային, այսպես կոչված, ծովահեններ, որոնք ենթարկվում էին իրենց թագավորին կամ թագուհուն։ Նրանք օրենքից դուրս մարդիկ էին, որոնք անում էին ամեն ինչ, ամեն դաժանություն, բայց չէին հանդիսանում պետական միավորներ, բայց դրանից անձնապես շատ օգտվում էին։ Արդեն 20-21-րդ դարում, բրիտանացիները, նույն անգլոսաքսերը հայտնի տեխնոլոգիաներով ստեղծեցին «Իսլամական պետություն» կազմավորումը, որը կարծես օրենքից դուրս ինչ ուզում, անում է։

Հիմա նրանք զարգացրել են իրենց տեխնոլոգիաները և ստեղծել Թուրքիային՝ որպես օրենքից դուրս մի միավորի, որն ինչ ուզում, այն էլ անում է։ Այնպես որ՝ այս ամենը ընդհանրական հարձակում է Ռուսաստանի վրա, ավելին՝ Հայաստանն օկուպացնելը, որն այսօր այդ վիճակում է, նույնպես մտնում է այդ տերությունների շահերի մեջ»,- նշեց Գագիկ Հարությունյանը։

Այդուհանդերձ, քաղաքագետի կարծիքով՝ Դոնբասի շուրջ մեծածավալ պատերազմ չի լինի, առայժմ ընթանում է հոգեբանական ճնշում, որի վարպետներն են այն պետությունները, որոնք այսօր դա իրականացնում են։ Թուրքիան այդ ամենին մեծ մասնակցություն ունի, որն անօդաչու թռչող սարքեր է վաճառում Ուկրաինային, նաև այդ երկիրը հիմնականում ընդունում է թուրքական ու բրիտանական ինքնաթիռներ։

«Այո, Դոնբասում լարվածությունն աճում է, բայց ես կարծում եմ՝ եվրոպական մի քանի երկրներ, առաջին հերթին՝ Գերմանիան, ինչ-որ չափով՝ Ֆրանսիան, խիստ դեմ են նման ելքի։ Շատ է խոսվում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ ընդգրկվելու մասին, բայց պետք է իմանանք, որ բացի նրանից, որ այն երկրները, որոնք գտնվում են հակամարտության մեջ, նրանց ՆԱՏՕ չեն ընդունում, նաև ինչպես Վրաստանի դեպքում, Գերմանիան միշտ ՎԵՏՕ է դնում նման որոշումների վրա»,- շեշտեց Գագիկ Հարությունյանը։

Նրա բնորոշմամբ՝ Դոնբասի շուրջ հոգեբանական ճնշումներին Ռուսաստանն արդեն պատասխանել է՝ տոտալ զորավարժություններ կատարելով։

Միաժամանակ Գագիկ Հարությունյանն  ընդգծեց. «Ուկրաինա-Թուրքիա բլոկն օրենքից դուրս գտնվող երկրներ են, նրանց հետ՝ նաև Ադրբեջանը, որոնք իրականացնում են բոլոր օրենքներից դուրս արարքները՝ Ռուսաստանի, Հայաստանի, Չինաստանի և առհասարակ մարդկության դեմ ուղղված»։

168.am