Հայաստանն աշխարհաքաղական կենտրոնների բախման կիզակետում. Տիգրան Աբրահամյան

65

Ադրբեջանը վերջին երկու շաբաթվա ընթացքում 5 տարբեր բնույթի սադրանքների է դիմել: Եթե նախնական շրջանում դրանք հիմնականում դիտարկվում էին Արցախին, Հայաստանին և առհասարակ հային ուղղված գործողություններ, ապա վերջին շրջանում առավել ընդգծվեցին դրա՝ նաև երրորդ կողմին ուղղված ուղերձները:

Առաջինը, Կարմիր Շուկա-Սարուշեն ճանապարհին, ադրբեջանական զինվորական շարասյան մասնակցությամբ միջադեպն էր՝ ադրբեջանցիները քարեր էին շպրտել հայկական պետհամարանիշներով մեքենաների ուղղությամբ:

Երկրորդ դեպքը գրանցվել էր Շուշի-Լիսագոր-Բերձոր ճանապարհին, երբ ադրբեջանցիները դիմահար հարվածներով քարեր էին նետել զոհված հայ զինծառայողների աճյունները տեղափոխող մեքենայի վրա և լուրջ վնասներ հասցրել:

Երրորդը, Շուշիի մերձակա հատվածում տեղակայված ադրբեջանցի զինծառայողների հետ կապված միջադեպն էր, երբ վերջիններս շրջանցելով ռուսական հենակետը, դուրս էին եկել Շուշի-Ստեփանակերտ ճանապարհի՝ հայտնի տանկի հուշարձանի մոտակա հատված, ապա հարակից տարածքում գտնվող նախկին ռեստորանի ցուցատախտակները ներկել ու ադրբեջանական գրառումներ արել:

Չորրորդ դեպքն արդեն գրանցվել է Հայաստանի տարածքում՝ Սյունիքի մարզի Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհին, որի ժամանակ էլ ադրբեջանական դիտակետից քարեր էին նետվել այդ հատվածով շարժվող հայկական պետհամարանիշներով մեքենաների վրա:

Հիշեցնենք, որ սա այն ճանապարհն է, որը Գորիսը կապում է մարզկենտրոն Կապանին, իսկ այնտեղից էլ ճանապարհը շարունակվում է մարզի մյուս խոշոր համայնքներ՝ Քաջարան, Մեղրի, Ագարակ:

Հինգերորդ դեպքը գրանցվեց երեկ, երբ հայտնի դարձավ, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ադրբեջանը պետք է Հայաստան վերադարձներ հայ գերիների հերթական խումբը, սակայն վերջին պահին, դեռևս անհայտ պատճառներով, այդ գործընթացը տապալեց:

Գերիների հերթական խմբի վերադարձի հետ կապված այս փաստը երեկ նախ հաստատեց վարչապետի մամուլի խոսնակը, ապա գործընթացի տապալումից հետո, դրան անդրադարձավ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը՝ տեղեկացնելով, որ գործընթացը հետաձգվել է:

Ի՞նչն է միավորում այս բոլոր սադրանքներին

Հինգ միջադեպերի ժամանակ էլ Ադրբեջանը «շրջանցել էր» ռուսական կողմի հետ ունեցած պայմանավորվածությունները, անտեսել հավաքական առումով, այդ հատվածներում ռուսական կողմից ստանձնած պարտավորվածությունը, ինչը մեկ բառով կոչվում է անվտանգություն:

Սկսենք առաջին դեպքից: Կարմիր Շուկա-Սարուշեն-Շոշ-Շուշի ճանապարհով ադրբեջանական շարասյունների շարժերն իրականացվում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ, իսկ միջադեպը տեղի ունեցել այդ ընթացքում, ըստ էության, նրանց աչքի առաջ:

Երկրորդ դեպքը՝ աճյուններ տեղափոխող մեքենան, քարկոծվել է «Լաչինի միջանցքում», որի վերահսկողությունն ու անվտանգությունը, ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, իրականացվում է ռուսական զորախմբի ուժերով:

Երրորդ դեպք, պղծված հայկական ցուցապաստառներ և ադրբեջանական գրառումներ: Այս սադրանքն իրականացվել է ռուսական զորախմբի հենակետը շրջանցելու արդյունքում:

Չորրորդ միջադեպ, Գորիս-Շուռնուխ-Դավիթ Բեկ ճանապարհի անվտանգությունը, ըստ ռուսական կողմի հետ ձեռք բերված մեկ այլ պայմանավորվածության, ապահովում է ռուս զինծառայողների ուժերով:

Ընդ որում՝ այս պայմանավորվածության փաստաթուղթը մինչև այժմ հրապարակված չէ, դեռևս ամբողջությամբ հայտնի չէ, թե էլ ինչ պայմանավորվածություններ կան Սյունիքի մարզի և այս պահին ադրբեջանական վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի սահմանային հատվածների վերաբերյալ:

ՀՀ պաշտպանության նախարարը խոսում էր այդ հատվածի աջ ու ձախ մասերում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերի տեղակայման, իսկ նրանց մեջտեղում՝ ռուս զինծառայողների առաքելության մասին: Իրականում ճանապարհի այդ և մի շարք այլ հատվածներում ռուս զինծառայողները պարեկային ծառայություն են իրականացնում այն պարագայում, երբ ադրբեջանցիները աստիճանաբար ուղեկալներ, հենակետեր և դիտակետեր են տեղակայում սահմանագծի ողջ երկայնքով:

Եվ վերջին՝ հինգերորդ դեպքի հետ կապված, ակնհայտ է, որ եռակողմ հայտարարության մեկ այլ դրույթ՝ գերիների, ռազմագերիների, անհետ կորածների վերադարձի հարցն իրականացվում է ՌԴ միջնորդությամբ, ճիշտ այնպես, ինչպես նույն հայտարարության մյուս դրույթները, որտեղ ՌԴ հանդես է գալիս որպես գործընթացի երաշխավոր:

Երեկ նաև տեղեկություններ եղան, որ Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ղեկավարը՝ գեներալ-լեյտենանտ Մուրադովը, ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս մեկնել էր Բաքու, սակայն այս անգամ ապարդյուն:

Որքան էլ Ադրբեջանն ու Ռուսաստանը ցույց տան, որ ջերմ հարաբերությունների մեջ են, իսկ այդ սադրանքները որևէ ձևով ուղղված չեն Ռուսաստանին, պարզ երևում է, որ այն ուղիղ սպառնալիք է ՌԴ շահերին, որովհետև նման սադրանքները, հատկապես որ, դրանք սկսել են պարբերական բնույթ կրել, ահռելի վնաս են հասցնում Ռուսաստանին, նրա դերակատարությանը հարավկովկասյան տարածաշրջանում և հատկապես արցախյան հարցում նրա միջնորդական առաքելությանը:

Միաժամանակ ակնհայտ է, որ այս գործընթացի գլխավոր շահառուն ոչ այդքան Ադրբեջանն է, որքան Թուրքիան և արևմուտքի որոշ երկրներ, որոնց որևէ կերպ ձեռնտու չէ ոչ միայն ռուսական ազդեցության աճը մեր տարածաշրջանում, այլ առհասարակ այդպիսի առանցքային դերակատարությունն Արցախի հարցում, որովհետև այս խնդրի հանգուցալուծման տրամաբանության մեջ են տեղի ունենում տարածաշրջանային այլ կարևոր իրադարձություններ՝ ռեգիոնալ ապաշրջափակումից մինչև հարևան երկրների երկկողմ կամ բազմակողմ հարաբերություններ, հնարավոր համագործակցություն և այլն:

Սա մի խոշոր գործընթացի բաղկացուցիչն է, որում Հարավային Կովկասում շահեր ունեցող խաղացողները, ռեգիոնալ պետություններն ու աշխարհաքաղաքական կենտրոններն ունեն իրենց ընդգծված շահերը և յուրաքանչյուրը փորձում է խաղը տանել իր կենսական, ռեգիոնալ շահերի շրջանակներում:

Այս և հետագա փուլերում, տարածաշրջանային երկարատև խաղաղության և կայունության հարցը մեծապես կախված է այս ծանր գործընթացի հանգուցալուծման սցենարային ելքերից, որտեղ Հայաստանն արդեն հրաժարվել է գործոն լինելու իր կարգավիճակի և մեր շահերը ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունը՝ ելնելով ռազմավարական մոտեցումներից և հետաքրքրություններից:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից։