Իրանցիների մոտ թյուր տպավորություն է ստեղծվել, թե հայաստանյան հասարակությունը համաձայն է իրերի այս դասավորության հետ, քանի որ Փաշինյանը դեռ իշխանության ղեկին է. իրանագետ

25

Հայաստանում այժմ իրեն իշխանություն համարող վարչախումբը ունակ չէ որևէ ոլորտում հաջողություն գրանցել, այս մասին է խոսում անցած 3 տարիների փորձը, – «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նրա դիտարկմամբ՝ հաջողություն կարող ենք արձանագրել մեկ նախապայմանով ` եթե այս իշխանությունը հեռանա:

«Այս իշխանությունները պետք է դա հասկանան և հեռանան նաև ի շահ Հայաստանի և հայ ժողովրդի: Հայաստանի հաջորդ կառավարիչները անշուշտ ունակ են բարելավել ՀՀ-ի և Իրանի հարաբերությունները և նոր մակարդակի հասցնել մեր հարաբերությունները նաեւ մյուս դաշնակիցների և գործընկերների հետ», – նկատեց իրանագետը:

Այս տարվա սկզբին Իրանի կողմից եղել են ադրբեջանահաճո հայտարարություններ:

«Նախ մենք պետք է արձանագրենք, թե ովքեր են հանդես եկել նման հայտարարություններով: Նման հայտարարություններով աչքի է ընկել Բաքվում Իրանի դեսպանը և շատ տարօրինակ է, որ դեսպանը նման հռետորաբանություն է օգտագործում: Սակայն նա միակը չէր:

Կարծում եմ խնդիրը մի քանի հարթություններում է ` առաջինն այն է, որ իրանական կողմը ցանկանում է ներկայություն ունենալ Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներում, հաշվի առնելով, որ արաքսյան գոտում ահաբեկիչների գտնվելու հանգամանքը անհանգստացնում է իրանական կողմին: Վերջին մամուլի ասուլիսի ժամանակ իրանցի լրագրողը Բաքվի բռնապետին հարց տվեց ահաբեկիչների մասին և դրանով շատ զայրացրեց Ալիևին: Դա ցույց է տալիս, որ իրանցիները փորձում են զանազան միջոցներով ապահովել իրենց ներկայությունը Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներում», – ասաց Ոսկանյանը:

Նրա խոսքերով, երկրորդ հարթությունը պայմանավորված է Հայաստանի ներսում տիրող իրավիճակով: «Պարտության խորհրդանիշ հանդիսացող վարչապետի աթոռը զբաղեցնողը, իշխանության ղեկը պահում է իր ձեռքերում, ինչը իրանցիների մոտ թյուր տպավորություն է ստեղծում, որ հայաստանյան հասարակությունը և հայ ժողովուրդը համաձայն է իրերի այս դասավորության հետ, ինչը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը, դա սխալ ընկալման արդյունք է: Մեր հասարակությունը իր դժգոհությունը արտահայտում է բողոքի գործողություններով: Եվ հենց այս բողոքի գործողությունները պետք է հիմք հանդիսանան Հայաստանում հասարակական տրամադրությունների չափման համար», – շեշտեց իրանագետը:
Երրորդ հարթությունը ` անձնական շահագրգռվածությունն է:

«Ցավալի է, բայց Բաքվի բռնապետը կարողացել է իրանական որոշ շրջանակների հետ ստեղծել վստահելի հարաբերություններ: Կարծում եմ դրա խորքում կան այլ գործընթացներ, օրինակ ` կոռուպցիոն գործընթացներ: Ինչևէ այդ մարդիկ ունեն անձնական շահագրգռվածությունը», – ասաց նա:

Իրանագետը, սակայն հավելեց, որ իրանական կողմը հանդես է եկել նաև հայանպաստ հայտարարություններով: «Օրինակ` Իրանի ԱԳՆ նախարարի հայտնի հայտարարությունը առ այն, որ Հայաստանի Հանրապետության ամբողջականությունը Իրանի համար կարմիր գիծ է: Դա շատ կարևոր է, հաշվի առնելով ադրբեջանա-թուրքական դաշինքի նկրտումները ` Սյունիքի նկատմամբ:

Բացի դրանից Իրանի ներսում վերլուծական և հասարակական շրջանակներ կան, որոնք խոսում են Հայաստանի հետ հարաբերությունները որակական նոր մակարդակի բերելու մասին: Եվ այս համատեքստում ես կարծում եմ, որ իրավիճակը այնքան էլ մռայլ չէ, ինչպես փորձում է ներկայացնել ադրբեջանական կողմը:

Ադրբեջանցիները շահագրգիռ են ներկայացնել Իրանի դիրքորոշումները ` հակահայկական պրիզմայի ներքո: Նրանք ցանկանում են ցույց տալ, որ Բաքվի բռնապետը շատ ճիշտ քաղաքականություն է վարել Իրանի հետ հարաբերություններում: Բացի այդ, նրանք ուզում են ցույց տալ, որ Հայաստանը այս տարածաշրջանում մեկուսացված է, և չունի բարեկամներ: Ադրբեջանցիները ցանկանում են մեր մոտ հուսահատություն առաջացնել, որպեսզի հայ հասարակությունը հանձնվի ադրբեջանա-թուրքական ողորմածությանը: Սակայն մեր հասարակությունը պահպանում է իր իմունիտետը, Հայաստանը կենսունակ պետություն է», – շեշտեց Ոսկանյանը:

Աղբյուր` Փաստինֆո