AstraZeneca-ի 24 հազար դեղաչափը սպառելն է ավելի կարևոր, թե՞ քաղաքացիների առողջությունն ու կյանքը

106

Վերջերս հայտնի դարձավ, որ Նիդեռլանդների առողջապահության նախարարությունը ժամանակավորապես կասեցրել է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը։ Ինչպես նշված էր տարածված հաղորդագրության մեջ, որոշման պատճառը AstraZeneca-ով պատվաստված քաղաքացիների մոտ արյան մակարդելիության հետ կապված խնդիրներն էին՝ որպես պատվաստանյութի հնարավոր կողմնակի ազդեցություն։

Դեռևս մարտի սկզբին Դանիան հաղորդել էր AstraZeneca-ով պատվաստված կնոջ մահվան մասին: Ըստ տեղեկատվության մահվան պատճառը պատվաստումից հետո առաջացած թրոմբոզն էր (թրոմբոզը ախտաբանական վիճակ է, որը բնորոշվում է թրոմբների (արյան թանձրուկ) առաջացման պատճառով անոթներում արյան բնական հոսքի խաթարմամբ)։ Գրանցվել են նաև այլ մահվան դեպքեր, որոնք, ըստ տարածված տեղեկատվության, պատվաստանյութի կողմնակի ազդեցության հետևանք են եղել։

Դեռևս մարտի կեսերից արդեն Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Բուլղարիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Նիդեռլանդների, Դանիայի, Ռումինիայի, Ֆինլանդիայի իշխանությունները հայտնեցին, որ դադարեցնում են պատվաստումները AstraZeneca-ով։

Որքան զարմանալի է, AstraZeneca-ի հնարավոր կողմնակի ազդեցությունների առկայության տեղեկատվական հոսքի ամենաթեժ օրերին Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ ձեռք է բերվել AstraZeneca-ի 24 հազար դեղաչափ՝ 12 հազար մարդու համար: Ավելին՝ ապրիլի մեկին նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե արդյո՞ք ինքն իր հարազատներին խորհուրդ կտա հենց այդ պատվաստնյութով պատվաստվել, պատասխանել է․ «Եթե ես` որպես նախարար, հրաման եմ ստորագրել, որ պատվաստանյութը պետք է օգտագործվի, իհարկե, միանշանակ»:

Պատվաստանյութը ձեռք է բերվել COVAX միջազգային նախաձեռնության շրջանակներում, որի նպատակը «COVID-19 պատվաստանյութի արագ և հավասարաչափ բաշխումն է բոլոր երկրներում՝ անկախ եկամտի մակարդակից»։ Առաջին երկրներից մեկը, որը COVAX նախաձեռնության միջոցով ստացել է AstraZeneca-ի պատվաստանյութ Մոլդովան է։ Նշենք նաև, որ նույն նախաձեռնության շրջանակներում Ադրբեջան է առաքվել AstraZeneca պատվաստանյութի 84 հազար դեղաչափ։

Օրերս Եվրոպական դեղերի գործակալության (EMA) ներկայացուցիչը հաստատել է AstraZeneca-ի պատվաստանյութի և թրոմբոզի միջև կապը։

Նույն գործակալության կայքում տեղադրված տվյալների համաձայն, մարտի 25-ին AstraZeneca պատվաստանյութը վերանվանվել է Vaxzevria: Անվանափոխության պատճառը չի նշվում, սակայն համարվում է, որ դա կարող է պայմանավորված լինել վերջին շաբաթների ընթացքում պատվաստանյութի նկատմամբ ձևավորված բացասական կարծիքներով: Ըստ էության, անգլո-շվեդական​ AstraZeneca ընկերությունը սահմանափակվել է միայն պատվաստանյութի անվանումը և փաթեթավորման դիզայնը փոխելով, իսկ բաղադրությունը մնացել է նույնը։

Բազմաթիվ երկրներում դադարեցրել են պատվաստումները AstraZeneca-ով՝ փորձելով վտանգի չենթարկել իրենց քաղաքացիներին, իսկ մեզ մոտ կարծես թե այս առնչությամբ լռություն է․ հետաքրքիր է՝ AstraZeneca-ի 24 հազար դեղաչափը սպառելն է ավելի կարևոր, թե՞ քաղաքացիների առողջությունն ու կյանքը։