5/10/15. Գազը, զենքը, Էրդողանի հոխորտանքն ու ԵԱՏՄ հեղինակությունը

97

Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-11

«Եթե լինի պատերազմ, ապա փող չի լինի»

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիէլ Ֆրիդն ապրիլի 4-ին հայտարարել էր, որ պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը չպետք է եկամուտներ ակնկալի նավթի եւ գազի արտահանումից:

«Ադրբեջանը մեծ գումարներ է ակնկալում նավթի եւ գազի արտահանումից, սակայն դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե լինի խաղաղություն: Եթե լինի պատերազմ, ապա փող չի լինի: Սա պարզ է: Պարզապես հայացք գցեք քարտեզին: Դուք գիտեք, ինչի մասին եմ ես խոսում»,  – ասել էր ԱՄՆ պետքարտուղարի օգնականը:

Դենիէլ Ֆրիդը նաեւ նշել էր, որ «նավթային եւ գազային փողերը ձեզ ոչ մի լավ բան չեն բերի, եթե դրանք չծախսվեն խելամտորեն, սակայն դա այլ հարց է»:

«Հայաստանն արդեն արել է փոխզիջումների իր մասը»

Ապրիլի 5-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ «եթե Ադրբեջանը ցուցաբերի անհրաժեշտ քաղաքական կամք, մեզ կհաջողվի տեղից շարժել բանակցությունները եւ հասնել ավելի մեծ առաջընթացի գալիք ամիսներին»:

Ելույթ ունենալով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ համատեղ մամուլի ասուլիսում, նախարարը նշել էր, որ «անհամաձայնեցված են մնացել ամենաբարդ հարցերը, սակայն Հայաստանն արդեն արել է փոխզիջումների իր մասը եւ նոր զիջումներ մեզանից ակնկալել պետք չէ»:Վարդան Օսկանյանը եւ Փիթեր Սեմնեբին Երեւանում 2006թ. ապրիլի 5-ինՎարդան Օսկանյանը եւ Փիթեր Սեմնեբին Երեւանում 2006թ. ապրիլի 5-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Փիթեր Սեմնեբին, իր հերթին, ասել էր, որ իրեն «չեն ուրախացնում ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման մասին հայտարարությունները»: «Ադրբեջան կատարած այցիս ժամանակ ես հայտարարեցի, որ ցանկացած ռազմական փորձ կունենա աղետալի հետեւանքներ», – նշել էր նա:

Օսկանյանն ու Լավրովը գոհ են

Ապրիլի 7-ին Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանը եւ Սերգեյ Լավրովն գոհունակություն էին հայտնել այն լուծման կապակցությամբ, որը կոչված է մեղմացնել ռուսական գազի գնի բարձրացման հետեւանքները:

«Հարցը կարգավորված է այն ճանապարհով, որը չի հարվածի սպառողին», – ասել էր Սերգեյ Լավրովը` ամփոփելով Վարդան Օսկանյանի հետ իր ունեցած հանդիպման արդյունքները:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նկատել էր, որ հարցը «կլուծվի Հայաստանի գազաէներգետիկ ոլորտում լրացուցիչ ներդրումների միջոցով, ինչը կբարձրացնի նրա եկամտաբերությունը»:

Ապրիլի 6-ին Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ «ՀայՌուսգազարդը» Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի համար կվճարի 248.8 մլն դոլար, որը կօգտագործվի առաջիկա 3 տարվա ընթացքում ռուսական գազի գնի աճը փոխհատուցելու համար:

Հայաստանի պաշտպանության նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը «շատ շահավետ» էր որակել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վաճառքի մասին համաձայնագիրը: Նա նշել էր, որ «մարդիկ, ովքեր կասկածի տակ են դնում այս գործարքի իրագործելիությունը, չգիտեն, թե ինչ է ներկայացնում իրենից 5-րդ էներգաբլոկը»: Նախարարը համեմատել էր այն երեք հարկանի շենքի հետ, որը միայն նկուղ ունի:

Նախարարը քննադատել էր հասարակության որոշակի ուժերի մոտեցումները՝ որոնք մերժում են եկամտաբեր տնտեսական առաջարկները միայն այն պատճառով, որ դրանք գալիս են ռուսական կողմից: «Նման մարդկանց վրա «Ռուսաստան» բառը նույն ազդեցությունն է ունենում, ինչպես կարմիր գույնը ցուլի վրա: Մենք պետք է հրաժարվենք նման դրսևորումներից, քանի որ իրավունք չունենք ինքներս մեզ համար խնդիրներ ստեղծել, ապա հերոսաբար հաղթահարել դրանք», – ասել էր Սերժ Սարգսյանը:

ԵԽԽՎ նախագահը սպառնացել է

Ապրիլի 11-ին Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե Վան դեր Լինդենը Մեդիամաքսին տված հարցազրույցում հայտարարել էր, որ այն երկիրը, որը կդիմի ղարաբաղյան խնդրի ուժային լուծմանը, կհեռացվի Եվրոպայի Խորհրդից:Ռենե Վան դեր Լինդենը 2006 թվականինՌենե Վան դեր Լինդենը 2006 թվականին

Լուսանկարը` REUTERS

«Եթե Լեռնային Ղարաբաղում վերսկսվեն ռազմական գործողությունները, ես հնարավոր չեմ համարում մի երկրի ներկայությունը Եվրախորհրդում, որը զինված ուժեր է կիրառում հակամարտության լուծման համար: Այդ դեպքում մենք ստիպված կլինենք քննարկել այդ երկրի անդամակցության հարցը», – հայտարարել էր Ռենե Վան դեր Լինդենը:

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-11

Կրակը դադարեցնելու պայմանավորվածություն

Ապրիլի 5-ին ժամը 12:00-ից երկկողմանի պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու վերաբերյալ:

Սերժ Սարգսյան. «Ուժը տանկերի մեջ չէ»

Ապրիլի 5-ն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախում, հայ ժողովրդի համար հերթական փորձություն է:

«Վստահ եմ, որ մենք պատվով ենք հաղթահարելու այս մարտահրավերը եւս: Հայատյացությունից կուրացած, նավթի հոտից արբած Ադրբեջանի ղեկավարությունը չի հասկանում, որ ուժը տանկերի թվի մեջ չէ, ուժը Արցախի եւ Հայաստանի նոր սերնդից ճառագող լույսի մեջ է, եւ այդ լույսն այսօր մեզ բոլորիս դարձրել է միասնական, միասնական մեկ բռունցք, որ իջնելու է մեր անվտանգությանը սպառնացող ոսոխի գլխին:

Ես պարտավոր եմ հայտարարել, որ մենք պատրանքներ չունենք, մենք չունենք հզոր հովանավորներ, բայց ունենք աշխարհի արդար մարդկանց համակրանքը, մենք ունենք ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք մեր տունը, մեր Հայրենիքը»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Էրդողանը Ռուսաստանին «հակամարտության կողմ» է անվանել

Ապրիլի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր Ռուսաստանին «ԼՂ հակամարտության կողմ» լինելու մեջ:  

«Ռուսաստանն ասում է, որ Թուրքիան ԼՂ հակամարտության կողմ է: Իրականում, Ռուսաստանն է հակամարտության կողմ», – հայտարարել էր Էրդողանը:Ռեջեփ Էրդողանը 2016 թվականինՌեջեփ Էրդողանը 2016 թվականին

Լուսանկարը` REUTERS

Թուրքիայի նախագահը ասել էր, որ «Ռուսաստանը եղել է Վրաստանի ու Ուկրաինայի հակամարտությունների կողմ, իսկ այժմ նաեւ Սիրիայի հակամարտության կողմ է»:

Ռուսաստանը իջեցրել է գազի գինը

Ապրիլի 7-ին Երեւանում ստորագրվել էր Հայաստանի համար բնական գազի նոր սակագնի վերաբերյալ համաձայնագիրը` երկու երկրների վարչապետների հանդիպման արդյունքում:Հովիկ Աբրահամյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը ապրիլի 7-ին ԵրեւանումՀովիկ Աբրահամյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը ապրիլի 7-ին Երեւանում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Գինը $ 160-ից իջեցվել էր մինչեւ $ 150` 1000 խմ համար, տեղեկացրել էր Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Նրանք գցեցին ԵԱՏՄ հեղինակությունը»

Ապրիլի 7-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ

«Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որոնք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից»:

Ընդունելով Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, Հայաստանի նախագահն ասել էր.

«Ձեր այցը կայանում է բարդ ժամանակաշրջանում. Ադրբեջանը հերթական անգամ փորձեց լուծել ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով: Ձեռնարկվեց լայնամասշտաբ օպերացիա՝ Ադրբեջանի զինանոցում եղած սպառազինության ամբողջ սպեկտրի կիրառմամբ: Ցավալի է, բայց այդ զենքը կիրառվել է նաեւ խաղաղ բնակչության նկատմամբ, զոհվել են երեխաներ, տարեց մարդիկ, սակայն ի շնորհիվ Պաշտպանության բանակի զինվորների եւ հրամանատարների պրոֆեսիոնալ գործողությունների, այդ փորձը կասեցվեց: Վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից եւ բարեկամ: Այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք չենք բացառում հերթական սադրանքը, քանի որ եւ՛ երեկ, եւ՛ այսօր լրատվական դաշտում այդ սադրանքները շարունակվում են, եւ մենք, իհարկե, մեծ պատրանքներ չունենալով, ակնկալում ենք Մինսկի խմբի համանախագահներից եւ մեր դաշնակիցներից հասցեական հայտարարություններ եւ որոշակի գործողություններ, որովհետեւ երկրորդ փորձը, կարծում եմ, կբերի լայնամասշտաբ օպերացիայի:Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը ապրիլի 7-ին ԵրեւանումՍերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը ապրիլի 7-ին Երեւանում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ցավում եմ, որ ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երեւան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ես չգիտեմ, դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է»,-ասել էր Սերժ Սարգսյանը:

«Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ոչ հովանավորը»

Ապրիլի 8-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը երբեւէ չի եղել Հայաստանի հովանավորը:

«Ես երբեւէ չեմ ասել, որ Ռուսաստանը մեր հովանավորն է, որ որեւէ երկիր եղել կամ կարող է լինել մեր հովանավորը: Եվ Ռուսաստանը երբեւէ Հայաստանի համար չի խաղացել այնպիսի դեր, ինչպիսին Թուրքիան խաղում է Ադրբեջանի համար»,- ասել էր Հայաստանի նախագահը Deutsche Welle-ին:

«Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց դրա հետ մեկտեղ մենք միշտ բաց կերպով ասում ենք, որ դեմ ենք ռուսական զենքի վաճառքին Ադրբեջանին», – նշել էր նախագահը:

Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել

Ապրիլի 9-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ասել էր, որ

Եթե Ռուսաստանը դադարեցնի զենք մատակարարել Հայաստանին եւ Ադրբեջանին, իր տեղը կզբաղեցնեն այլ երկրները:

«Եթե մի պահ պատկերացնենք, որ Ռուսաստանը կհրաժարվի այդ դերից, մենք շատ լավ պատկերացնում ենք, որ այդ տեղը դատարկ չի մնա: Զենք կգնեն այլ երկրներից, դրա մահաբերության աստիճանը դրանից չի նվազի: Բայց դա կարող է նաեւ խախտել գոյություն ունեցող հավասարակշռությունը»,- ասել էր Դմիտրի Մեդվեդեւը:Դմիտրի Մեդվեդեւը ապրիլի 7-ին ԵրեւանումԴմիտրի Մեդվեդեւը ապրիլի 7-ին Երեւանում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Մեդվեդեւի խոսքերով, վստահություն չկա այն հարցում, որ «եթե զենքի վաճառքի այս շուկա այլ երկրներ գան, ապա դա կհեշտացնի իրավիճակը»: Նա կարծիք էր հայտնել, որ «իրավիճակն, ըստ ամենայնի, ավելի կբարդանա»:

«Ես կարծում եմ, որ զենքը կարող է եւ պետք է ձեռք բերվի ոչ միայն այն ինչ-որ ժամանակ օգտագործելու, այլ նրա համար, որ այն զսպող գործոն դառնա, եւ այս պահը պետք է ընկալվի հակամարտության բոլոր մասնակիցների կողմից»,- ասել էր Դմիտրի Մեդվեդեւը:

Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպումը

Ապրիլի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում էր ունեցել հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Հանդիպման նախաձեռնողը Տեր-Պետրոսյանն էր,  հայտնել էր նախագահի մամուլի ծառայությունը:

«Մոտ մեկ ժամ տեւած հանդիպումը վերաբերում էր բացառապես ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, բանակցային գործընթացի զարգացման հնարավոր տարբերակներին եւ այդ մարտահրավերների պայմաններում ազգային միավորման անհրաժեշտությանը», -ասված էր հաղորդագրության մեջ:

Ապրիլի 11- ին, մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը, Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ «դա բոլորովին անակնկալ չպետք է լիներ իր գործունեությանը հետեւած մարդկանց համար»:

«Նախ՝ քաղաքական վարվեցողության ասպարեզում ոչինչ անհնար չէ, եւ երկրորդ՝ ինչն անհնար է թվում մեր իրականության մեջ, ամենեւին անհնար չէ նորմալ, կայացած պետություններում։ Արտաքին վտանգի առաջացման դեպքերում այդպիսի երկրներում սովորաբար, կամ որպես կանոն, ներքին հակասությունները ժամանակավորապես մի կողմ են դրվում եւ բոլոր առողջ քաղաքական ու հասարակական ուժերի ջանքերն ուղղվում են ազգային միասնության կայացմանն ու վտանգի համատեղ դիմակայմանը», – նշել էր նա:

«Հիմա սխալների ու բացթողումների համար իշխանություններին մեղադրելու եւ նրանցից հաշիվ պահանջելու ժամանակը չէ։ Պատերազմը շուտով ռազմի դաշտից տեղափոխվելու է դիվանագիտության կամ դժվարագույն բանակցությունների ճակատ։ Պաշտոնի բերումով այդ պատերազմի հրամանատարները մեր կողմից լինելու են Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը։ Եթե անգամ Սահակյանն անմիջականորեն չմասնակցի բանակցություններին, Սերժ Սարգսյանը ոչ մի պարագայում չի կարող հաշվի չառնել նրա կարծիքը (ի դեպ, ես պայմանավորվածություն ունեմ հանդիպելու նաեւ վերջինիս հետ)։ Բանակցությունների սեղանի շուրջ Սերժ Սարգսյանը պետք է իրեն ուժեղ զգա, ունենալով իր ժողովրդի աջակցությունը։ Բայց, միաժամանակ, արտաքին վտանգի պահերին կարիքն ունենալով այդ աջակցությանը, նրա գլխավորած վարչախումբը պարտավոր է որոշակի դրական քայլեր կատարել, դեմքով շրջվել դեպի ժողովուրդը, իրական պայքար մղել կոռուպցիայի, իրավապահ մարմինների կամայականությունների, մենաշնորհների սանձարձակության, ընտրակեղծարարության, պետական պաշտոնյաների ամբարտավանության դեմ։

Իշխանությունների եւ հասարակության հարաբերությունները պետք է կառուցվեն ոչ թե միակողմանի վերաբերմունքի, այլ փոխվստահության եւ փոխաջակցության վրա։ Չի կարելի անհոգության ժամանակներում արհամարհել ժողովրդին ու ընդդիմությանը, իսկ դժվարին պահերին ակնկալել նրանց աջակցությունը»,- ասել էր Հայաստանի առաջին նախագահը:

Արա Թադեւոսյան

Աղբյուրը` Մեդիամաքս