«Տեսնես մեղուներն ի՞նչ եղան»․ Խանձաձորը՝ նորից «խանձված». Mediamax.am

129

52-ամյա Ռիտա Այվազյանին Խանձաձորում գիտեին բոլորը․նա զոհված ազատամարտիկ Համբարձում Այվազյանի այրին է, 1990-ականների կրկնակի տեղահանումից հետո վերադարձել էր ազատագրված, բայց ամբողջովին ավերված գյուղ՝ զոհված ամուսնու գերեզմանը չլքելու համար։

Ինչպես եւ բոլոր նման դեպքերում՝ տիկին Ռիտայի հետագա կյանքը, բոլոր որոշումներն ու քայլերը կապվել են զոհված ամուսնու կերպարի հետ, անունը՝ նույնականացվել նրա անվան հետ։

2020-ի աշնանը Խանձաձորը վերջինը լքած Ռիտա Այվազյանն այժմ Հայաստանում է, երրորդ անգամ Խանձաձորից տեղահանվելուց հետո ապագայի մասին հարցերին պատասխանում է լռությամբ։ Չի փոխվել միայն երկու բան․տիկին Ռիտան անկախ ամեն ինչից շարունակում է ժպտալ ու… չվախենալ։

Նոր էի եկել հարս, որ կռիվը սկսվեց։ 25 տարեկան եմ եղել, որ ամուսինս զոհվեց, 1994-ի ապրիլին է զոհվել, մեր գյուղի դպրոցը իր անունով են կոչել. Համբարձում Այվազյան։ Փոքր աղջիկս չգիտի՝ պապան ինչ բառ ա։ Նկարներ ա տեսնում, ուղարկում. «Մամա՛, էս պապան ա՞»։ Ասում եմ՝ հա։ Բայց ինքը չի հիշում…

Երեք պատերազմ եմ տեսել, երեք անգամ տուն եմ դրել։ Խանձաձորը առաջին պատերազմին երկու անգամ տեղահանել են, դուրս ենք եկել, գնացել ենք Հադրութի շրջկենտրոն, երկրորդ երեխաս էնտեղ ա ծնվել։ Ազատագրումից հետո հետ ենք եկել գյուղը, ասել եմ՝ զոհված ամուսնուս գյուղն ա, պետք է մնամ էնտեղ։Ռիտա ԱյվազյանըՌիտա Այվազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամուսնուս ծնողները կողքիս են եղել, տեգրս էլ հատուկ էստեղից տեղափոխվել էր գյուղ, որ զոհված եղբոր երեխաներին տիրություն անի։ Դպրոցի տնօրեն է եղել 25 տարի, աղջիկներիս պահել, մեծացրել, տարել ուսումը շարունակելու։ Էդ երկու աղջիկն ունեմ մենակ, հիմա արդեն թոռներս էլ՝ 4-ը մեկինն ա, 2-ը էն մեկին։

«Ամուսինս երազիս գալիս, ասում ա՝ ինչի ես ինձ թողել էստեղ, գնացել»

Խանձաձորը վերջին պատերազմից առաջ մոտ 30-35 ազգ էին, շատը ծեր մարդիկ, դպրոցը 18 աշակերտ ուներ, բայց առաջ, իհարկե, շատ են եղել։ Գյուղում երիտասարդներ շատ են եղել, տեղափոխվել են, դե գյուղը քանի անգամ վառել, դատարկել են…

ՕՄՕՆ-ը, որ մտավ մեր գյուղ՝ ես նոր ամուսնացած էի, մեծ աղջիկս փոքր էր, էն մեկը ծնված չէր, ամուսինս էլ ֆիդայի։ Լսեցինք, որ թուրքերը եկել են։ Իմ սկեսրայրը ասեց. «Հարսը վերցրեցեք, տեղափոխեցեք ծմակը, սարերը»։ Բադասյան Վահանի եղբայրն էն ժամանակ եկավ, ասեց. «Ռիտան հղի ա, կչարչարեն, վերցնենք, մեզ հետ տանենք»։ Իրանց հետ գնացել ենք, թաքստոցում մինչեւ իրիկուն կացել ենք, իրիկունը եկել գյուղ, նորից դուրս եկել հանդի մեջ։ ՕՄՕՆ-ը լրիվ գյուղի տները վառել, թալանը արել գնացել են, տեգրս հետո եկել, ամեն ինչ զրոյից սարքել էր։Ռիտա ԱյվազյանըՌիտա Այվազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էն ժամանակ 120 մեղվաընտանիք ա եղել մեզ, ավերեցին, էս մի պատերազմին ես դարձրի 30 փեթակ, հիմա չգիտեմ՝ մնացել ա, տարել են, ինչ են արել… Տեսնես մեղուները ի՞նչ եղան։ Լոխ հեչ, ամուսնուս նկարը… Հիշատակը… Ոչ մի բան չեմ բերել։ Հիմա մենակ մի հատ աղջկաս մոտն ա, հեռախոսի մեջ։ Ամեն անգամ էլ երազիս գալիս, ասում ա՝ ինչի ես ինձ թողել էստեղ, մենակ գնացել…

Ավելին` https://mediamax.am/am/news/hadrut/42632/