Պատվաստումների վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումը կարող է հետևանքներ ունենալ վիրուսի դեմ պատվաստման պարտադիրության մասով. իրավաբան

68

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հինգշաբթի որոշում կայացրեց, ըստ որի պարտադիր պատվաստումները չեն հակասում մարդու իրավունքներին և կարող են անհրաժեշտ լինել ժողովրդավարական հասարակություններում:

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որոշումն ընդունվել է չեխ ընտանիքների կողմից դատարան մուտքագրված դիմումի հիման վրա, որով խնդրել են երեխաների պարտադիր պատվաստումը ճանաչել որպես մարդու իրավունքների խախտում: Դիմումի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ պատվաստումից հրաժարված ծնողները տուգանվել են, իսկ երեխաներին հրաժարվել են ընդունել մանկապարտեզներ։

Որոշման մեջ ասվում է, որ Չեխիայի առողջապահական մարմինների կողմից իրականացվող պարտադիր պատվաստումները համապատասխանում են երեխաների «լավագույն շահերին»:

Դատարանը գտել է, որ Չեխիայի առողջապահական քաղաքականությունը չի խախտում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը։

Չնայած որոշումն ուղղակիորեն չի վերաբերում COVID-19 պատվաստանյութերին, սակայն դա կարող է հետևանքներ ունենալ վիրուսի դեմ պատվաստման պարտադիրության մասով, հատկապես այն անձանց համար, ովքեր կտրականապես կմերժեն պատվաստանյութի ընդունումը»։