«Նման խաբեության խոշոր բլեֆի փորձ մենք չենք ունեցել». Վիկտոր Սողոմոնյան

67

Բոլոր իրենց հարգող իրավաբաններն ասում էին, որ Մարտի 1-ի գործը մտացածին է ու անգրագետ կարված, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Ինչը հետզհետե ապացուցվեց», – նշեց նա։

Սողոմոնյանն ասաց, թե հանրությանը թունավորել են այն մտքով, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման վերջին ժամանակահատվածում սպանդ է կազմակերպվել, տապալվել է սահմանադրական կարգը։ «13 տարի հասարակությունը սրանով թունավորվել է, արվել է նպատակաուղղված, սրա վրա մեծ միջոցներ են դրվել, ոչ միայն տեղական, այլ օտարերկրյա զգալի ռեսուրսներ են դրվել», – ասաց նա։

Քոչարյանի գրասենյակի ղեկավարի խոսքով՝ 2018-ից սկսած՝ Մարտի 1-ի գործը Նիկոլ Փաշինյանի իշխանության պետական գաղափարախոսությունն էր, որով խաբում էին ժողովրդին։

«Մենք երեք տարում հասանք մի հանգրվանի, երբ տեսանք, որ այս գործն ընդամենը միտված էր սպասարկելու գործող իշխանության քաղաքական շահերը ու հետապնդում իրականացնելու այդ իշխանության հակառակորդների նկատմամբ», – ասաց Սողոմոնյանը։

Նա նշեց, որ 13 տարվա թունավորման պատասխանատուները, 3 տարվա խայտառակության հեղինակները պետք է կրեն համապատասխան պատիժներ։

«Մարդիկ պետք է իմանան, որ այն հիմնաքարերը, որով այս իշխանությունը խաբել է ժողովրդին, ջարդուփշուր եղավ, հիմա ո՞վ է Մարտի մեկի պատասխանատուն, դրա պատասխանը ժամանակին մեր դատարանները տվել են», – ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավարը։

Սողոմոնյանը նշեց, որ հանրությոնը պետք է հետևողական լինի այս թունավորման մեղավորներին պատժելու համար։ «Եթե մենք սա չարեցինք, դա նշանակում է, որ մենք հանդուրժում ենք, որ ինչ-որ խումբ մարդիկ կարող են տարիներ շարունակ մոլորեցնել հասարակությանը, հասնել իշխանության, ռեպրեսիաներ իրականացնել, սա անթույլատրելի մի բան է», – ասաց նա՝ հավելելով. «Նման խաբեության խոշոր բլեֆի փորձ մենք չենք ունեցել»։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշում է  կայացրել դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը 300.1 հոդվածով։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգի տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։ Հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։