Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը չու­նեն հստակ դիր­քո­րո­շում Ղա­րա­բա­ղի հար­ցում, ինչն էլ ավե­լի անո­րոշ է դարձ­նում իրա­վի­ճա­կը. «Փաստ»

75

«Փաստ» օրաթերթը գրում է. «ritmeurasia.org-ը «Լեռնային Ղարաբաղում երերուն խաղաղություն է՝ զարգացման անորոշ հեռանկարով» վերնագրով հոդվածում գրում է, որ գրեթե հինգ ամիս է անցել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հռչակումից հետո: Ընդհանուր հայտարարություններին հաջորդել են որոշակի գործողություններ և կոնկրետ քայլեր, բայց դրանք դեռ չեն հանգեցրել առճակատման լուծման հարցում դիրքորոշումների մերձեցման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ԼՂՀ-ի հիմնախնդիրը լուծված է: Հայաստանի իշխանությունները հակառակ կարծիքին են և բազմիցս հայտարարել են, որ հակամարտությունը չի լուծվել: Լեռնային Ղարաբաղում երերուն կայունությունը պահպանվում է միայն ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ: Երկու կողմերի վերլուծաբաններն էլ ավելի զգուշավոր և պակաս լավատեսորեն են գնահատում հակամարտության կարգավորման հարցը:

Հայ փորձագետները միանշանակ կարծում են, որ հակամարտությունը լիովին կարգավորված չէ և չի կարգավորվի, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Բաքվում խոսում են ԼՂՀ-ի ողջ տարածքը Ադրբեջանի հետ ամբողջովին ինտեգրելու անհրաժեշտության մասին: «Չնայած Ադրբեջանի նախագահը վստահ է, որ հակամարտությունն արդեն լուծված է, բայց հասկանալի է, որ կարգավիճակի հարցը դեռ լուծված չէ: Այդ մասին խոսում է հայկական կողմը, դրա մասին խոսել է նաև Ռուսաստանի նախագահը: Ուստի կարելի է ասել, որ հակամարտությունն ամբողջությամբ կարգավորված չէ: Դժվար թե հայ հասարակությունը համաձայնի, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, և չեմ կարծում, որ Ադրբեջանը կհամաձայնի Արցախի անկախությանը: Այնպես որ, հակամարտությունը լուծված չէ», ritmeurasia.org-ին ասել է հայ փորձագետ Հայկ Խալաթյանը:

Փորձագետը չի ակնկալում առաջիկա տարիներին հակամարտության սրում, քանի դեռ ռուս խաղաղապահները այնտեղ են, բայց նաև չի բացառում, որ դա կարող է պատահել, երբ ավարտվի նրանց՝ այնտեղ գտնվելու ժամկետը: «Վերջին իրադարձությունները հաստատել են, որ հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակվելը նույն պետության տարածքում անհնար է: Ճանապարհներ բացելու մասին խոսակցությունների ֆոնին մենք տեսնում ենք, թե ինչպես են ոչնչացվում հայկական մշակութային հուշարձանները, և դա ցույց է տալիս, որ, չնայած «գեղեցիկ» խոսքերին, Ադրբեջանի իշխանությունների նպատակը մեկն է՝ նրանց պետք է տարածք առանց հայերի», – շեշտել է Խալաթյանը:

Ըստ մեկ այլ հայ վերլուծաբան Հրանտ Միքայել յանի, այսօր Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է երերուն հավասարակշռություն, որը պահպանում են ռուս խաղաղապահները: «Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակում առկա է զարգացման ներուժ ինչպես սրման, այնպես էլ կարգավորման ուղղությամբ, չնայած այս պահին շատ քիչ բան է արվել հակամարտության կարգավորման համար:Երբ կան տարաձայնություններ, և կողմերը հետապնդում են տարբեր նպատակներ, դժվար է ասել, որ հակամարտությունը վերջապես լուծված է: Ավելին, այսօր Լեռնային Ղարաբաղում երերուն հավասարակշռություն է, քանի որ մի կողմից կան ռուս խաղաղապահներ, որոնք պահպանում են այդ հավասարակշռությունը, իսկ մյուս կողմից` Ադրբեջանը նրանց ներկայության համար վերջնական մանդատ չի տվել», – ասել է նա: Ըստ Միքայելյանի, ներկայումս Հայաստանի իշխանությունները չունեն հստակ դիրքորոշում Ղարաբաղի հարցում, ինչն էլ ավելի անորոշ է դարձնում իրավիճակը: Ըստ ադրբեջանցի վերլուծաբան Իլգար Վելիզադեի, վերջերս ինչպես Հայաստանի վարչապետից, այնպես էլ այլ պաշտոնատար անձանցից դրական լուրեր են լսվում, այդ թվում` Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման կարևորության մասին…

«Հիմա երկխոսության սկիզբն է, և կողմերը շատ երկար ճանապարհ ունեն անցնելու, կան գովելի պահեր, որոնք կողմերին հնարավորություն են տալիս ներգրավվել ընդհանուր գործընթացներում:Օրինակ՝ Հայաստանի և Նախիջևանի միջով երկաթուղային հաղորդակցության վերակենդանացումը բխում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերից, և քանի որ կողմերն ունեն ընդհանուր շահեր, սրումն աստիճանաբար կորցնում է իր նշանակությունը», – բացատրել է Վելիզադեն:

Միևնույն ժամանակ, ադրբեջանցի փորձագետը չի բացառում հակամարտությունը վերսկսելու տարբերակը, քանի որ, բացի դրական ձայներից, լսվում են նաև այլ հայտարարություններ: Վելիզադեն վտանգը տեսնում է «հայ քաղաքական գործիչների այն հայտարարություններում, որոնք կոչ են անում վերականգնել Արցախի բանակը և պատրաստվել նոր պատերազմի»:

«Մենք դեռ գտնվում ենք տարածաշրջանում իրավիճակի վերափոխման սկզբնական փուլում: Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում խոսվում է մարդկանց խաղաղ գոյակցության պայմանների ապահովման անհրաժեշտության մասին, և այստեղ կան տագնապալի պահեր: Խաղաղ կյանքի վերականգնման և ներքին տեղահանված անձանց վերադարձի գործընթացը կանգ է առել: Փաստն այն է, որ ականապատված են նշանակալի տարածքներ, բայց հայկական կողմը ականապատ դաշտերի քարտեզ չի տրամադրում, հետևաբար գործընթացը դանդաղել է», – նշել է փորձագետը:

Ըստ նրա, հույս կա, որ այդ հարցը կքննարկվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա ապրիլին: Բացի այդ, ակնկալվում է, որ կքննարկվի նաև Հայաստանի համար ցավոտ մի հարց՝ ռազմագերիների վերադարձի հարցը:

«Ադրբեջանում այդ մարդիկ համարվում են ահաբեկիչներ, քանի որ նրանք որոշակի գործողություններ են ձեռնարկել նոյեմբերի 10-ից հետո: Ադրբեջանը չունի երաշխիք, որ նման գործողությունները չեն կրկնվի: Ուստի հայկական կողմը պետք է բոլոր զորքերը դուրս բերելու պարտավորություն ստանձնի», – նշել է Վելիզադեն:

Դատելով երկու երկրների ղեկավարների և վերլուծաբանների մոտեցումներից՝ կողմերի դիրքորոշումների մերձեցում առանցքային հարցերի շուրջ դեռ չի նկատվում: Եվ եթե Հայաստանը պահանջում է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը տրվի ինքնորոշման իրավունք, ապա Բաքվում խոսում են Ադրբեջանի հետ լիարժեք վերաինտեգրման անհրաժեշտության մասին: Եվ չնայած տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի ժամանակավոր ներկայությանը, Լեռնային Ղարաբաղի տարածքը շարունակում է մնալ ժամանակավորապես ավազով ծածկված վառոդի տակառ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 08․04.21թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո