Լենա Նազարյանն ընտրացուցակում կանանց է հերթագրում․ «Հրապարակ»

91

«Օրերս մենք գրել էինք, որ «Իմ քայլի» ցուցակը կազմելիս ակնհայտորեն ծագելու է կին թեկնածուների խնդիր՝ նախորդ ցուցակում ընդգրկված կանանց մեծ մասն այլևս «Իմ քայլի» հետ չէ։ Նրանք ավելի սկզբունքային գտնվեցին և, ի տարբերություն տղամարդկանց, պատերազմից հետո իրենց վերաբերմունքը բացահայտ արտահայտեցին՝ ոմանք բացահայտ դուրս եկան, ոմանք լուռ մի կողմ քաշվեցին։ Նախկին ցուցակից Նարինե Թուխիկյանը, Թագուհի Թովմասյանը, Գայանե Աբրահամյանը, Զարուհի Բաթոյանը դուրս են եկել, իսկ Անուշ Բեղլոյանին և Լուսինե Բադալյանին Փաշինյանն ինքը չի վերցնի՝ տարբեր սկանդալային պատմությունների պատճառով։

Տեղեկացանք, որ կանանց հարցն այս անգամ իր ձեռքն է վերցրել Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը՝ Լենա Նազարյանի միջոցով։ Թեև «Իմ քայլում» տպավորություն ունեն, թե Նազարյանն է որոշում՝ կանանցից ով որ տեղում պետք է լինի, ով է ընդհանրապես դուրս մնալու, և որ կանանց բերանն են փակելու իրավապահների հավաքած դոսյեներով, որպեսզի ընտրությունները չհարամեն՝ «սլիվներ» կազմակերպելով կամ հայտարարություններ անելով։ 

Իշխանական մեր աղբյուրն ասում է, որ Լենա Նազարյանն էլ իր հերթին ուզում է ընկերուհիներին առաջ հրել, հիմնականում սորոսական թևի ներկայացուցիչներին և նախևառաջ թուրքերի հետ բարեկամության մեծ ջատագով Մարիա Կարապետյանին, Մերի Գալստյանին, ով պատգամավորական գործունեության ընթացքում ոչնչով աչքի չի ընկել, սակայն պատերազմի օրերին անդամագրվել էր Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատին և մի քանի շաբաթ Գորիսի հյուրանոցների մատույցներում հայրենիքի պաշտպանության տեսարանների մասնակիցներից էր։ 

Որքան էլ տարօրինակ թվա, սակայն Նազարյանը ջանք չի խնայում, որ անցողիկ տեղում գրեն նաև հանրահայտ Թագուհի Ղազարյանին, ով այս խորհրդարանի թերևս ամենասկանդալային պատգամավորներից է։ Ասում են՝ Նազարյանը նրանց աշխատանքային գործունեության մասին «հաշվետվություններ» է պատրաստել և Նիկոլ Փաշինյանին փորձելու է համոզել, որ  Թագուհին շատ-շատերից առավել է, պարզապես բախտը չբերեց և անփորձության պատճառով ընկավ լրագրողների «բերանը»։ Սորոսականների խմբակն առանձնապես թեժ չի պայքարում Հերիքնազ Տիգրանյանի համար, նրանք պատրաստ են նրա փոխարեն մեկ ուրիշ կնոջ ներկայացնել։ Ի դեպ, այս խմբակն իր հաղթանակն է համարում Ընտրական օրենսգրքից ռեյտինգային ընտրակարգը հանելու և համամասնականին անցնելու որոշումը։

Չնայած «Իմ քայլի» ուղիղ կեսը դեմ էր դրան, հատկապես նրանք, ովքեր վարկանիշային կարգով էին խորհրդարան եկել և իրենց տարածքներում ունեն որոշակի հեղինակություն, ուստի նաև հույսեր, որ ռեյտինգային մոդելի դեպքում կրկին խորհրդարան կանցնեին, այդուհանդերձ սորոսական թևը, որպես ավելի համախմբված և հետևողական, կարողացավ շանտաժով ու ճնշումներով հասնել իր ուզածին և Փաշինյանին համոզել, որ համամասնական մոդելն իրենց էլ է ձեռնտու՝ քվեարկողների քանակը կնվազի, և իրենց ստացած ձայները մեծ տոկոս կկազմեն ընդհանուրի մեջ։ 

«Իմ քայլում» համոզված են, որ Արարատ Միրզոյանի թևի կանայք ևս դուրս կմնան անցողիկ տեղերից․ Աննա Կարապետյան, Տաթևիկ Գասպարյան, Հռիփսիմե Գրիգորյան, ում ամուսինն ԱԺ նախագահի օգնականն է, Էմմա Պալյան։ Իսկ Տաթևիկ Հայրապետյանն ինքը չի ուզում թիմի հետ ճանապարհը շարունակել։ Ասում են՝ նա փակ հավաքների ժամանակ քննադատել է Փաշինյանին նոյեմբերի 9-ի փաստաթղթի համար և ասել, որ հարկավոր են արտահերթ ընտրություններ, իշխանությունը չի կարող ձգել մինչև հերթականը։ Արարատ Միրզոյանի մտերիմ Քրիստինե Պողոսյանի համար էլ վերջինիս ընկերուհի Արփի Դավոյանն է պայքարում, Փաշինյանի երբեմնի գործավարը, ով այս խորհրդարանում ստանձնել է ընդդիմադիրների դեմ ամենակեղտոտ ելույթներն արտասանողի դերը և կարծում է, որ իր «խաթր» Քրիստինեին պետք է տեղ հատկացնեն։

Հիշեցնենք, որ Քրիստինեն հանրությանը հայտնի է իր նշանավոր խոստովանությամբ, որ եթե Փաշինյանը մեկ նախադասությունից կազմված ծրագրեր էլ ներկայացներ, ինքը կողմ էր քվեարկելու։ 

Սոնա Ղազարյանին, ում Փաշինյանը 2018-ին ցուցակ էր ընդգրկել նրա արտասանելու ընթացքում հուզվել-արտասվելու համար, նույնպես դուրս կմնա։ Անորոշ է ՀԱԿ քվոտայով պատգամավոր դարձած տիկնանց  հարցը՝ Ծովինար Վարդանյանի՝ Ժոկոյի դստեր, և Արուսյակ Ջուլհակյանի։ Նազարյանի թիմում կարծում են, որ Ծովինարի օգտակար գործողության գործակիցը զրո է, սակայն նրա համար էլ Հակոբ Սիմիդյանն ու Տիգրան Ավինյանն են փորձում բարեխոսել։ Սիմիդյանը՝ Ծովինարի, իսկ Ավինյանը նրա՝ ավագանու անդամ քրոջ հետ է մտերիմ։ Նազելի Բաղդասարյանին ասացին, որ անձամբ Նիկոլ Փաշինյանն է «ընտրել», ու նա լինելու է անցողիկ տեղում՝ լավ է ծառայել։ Հրապարակային պաշտպանել է Փաշինյանին և ամրագրել իր տեղը հաջորդ խորհրդարանում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: