Գերիների հարազատները շարժվում են դեպի ՊՆ(տեսանյութ)

109

Ադրբեջանական գերության մեջ գտնվող և հայրենիք չվերադարձած հայ ռազմագերիների հարազատները վրդովված են։ Նրանք պատրաստվում են Էրեբունի օդանավակայանի մոտից շարժվել դեպքի ՀՀ ՊՆ վարչական շենք, որտեղ կեսօրից ակցիա են իրականացնում անհետ կորած զինծառայողների հարազատները՝ շղթայելով շենքի մուտքներն ու ելքերը։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ դեռ կեսօրին Երեւանից ինքնաթիռ էր մեկնել Բաքու եւ ակնկալվում էր, որ դրանով մի քանի հայորդի կարող է վերադառնալ հայրենիք։ Ինքնաթիռի՝ Բաքվից շարժվելուց հետո պաշտոնական աղբյուրները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հաստատել էր, որ հայրենիք պետք է վերադառնա հայ ռազամագերիների հերթական խումբը, սակայն դժվարացել նշել նրանց թիվը։

Ինքնաթիռն Էրեբունի օդանավակայանում իրոք վայրէջք կատարել է, սակայն առանց գերիների, ինչն առաջացրել է օդանավակայանի տարածքում հավաքված ծնողների արդարացի զայրույթը։

Ինքնաթիռի՝ դատարկ վայրէջք կատարելուց հետո ծնողները հայտարարել են, որ շարժվում են դեպի ՊՆ շենք՝ միանալու անհետ կորած զինվորների հարազատների ակցիային։