5/10/15. Սարգսյան-Բայդեն, Ալիեւ-Քերի, Ապրիլյան պատերազմ

60

Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-ԱՊՐԻԼԻ 4

Ադրբեջանը «չի առարկում»

Ապրիլի 4-ին Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել էր, որ «Ամերիկան պետք է հասկանա, իսկ Հայաստանը` լավ հիշի, որ Ադրբեջանը ոչ միայն չի համաձայնի իր հողերի անջատմանը, այլեւ կկանխի դա»:

Արազ Ազիմովը հայտարարել էր, որ «սա պետք չէ ընկալել որպես մեր դիրքորոշման կոշտացում»:

«Դա սկզբունքային դիրքորոշում է, որն Ադրբեջանն որդեգրել է հենց սկզից, հակամարտության առաջին օրից: Մենք հավատարիմ ենք այդ դիրքորոշմանը», – հայտարարել էր Ադրբեջանի փոխարտգործնախարարը:

«Ադրբեջանը կողմ է Լեռնային Ղարաբաղում հայկական եւ ադրբեջանական համայնքների համատեղ հանգիստ բնակությանը եւ նրանց համապատասխան երաշխիքներ տրամադրելուն: Համոզված եմ, որ որեւէ փուլում Ադրբեջանը կհասնի դրան, քանզի այլ ճանապարհ չկա», – ասել էր փոխարտգործնախարարը:Արազ Ազիմովը Արազ Ազիմովը

Լուսանկարը` ԵԱՀԿ

«Լեռնային Ղարաբաղում բնակվող հայկական համայնքը պետք է ապահովված լինի ինքնավարությամբ` ինչ-որ շրջանակներում: Հայկական կողմի պնդմամբ` Ադրբեջանի քաղաքական ուժերը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հայերին այդ տարածաշրջանից վտարելու օգտին: Դա այդպես չէ: Մենք երբեք չենք առարկել հայերի բնակությանը Լեռնային Ղարաբաղում` որպես Ադրբեջանի քաղաքացիների:  Ընդհակառակը, մենք կարծում ենք, որ այդ մարդիկ պետք է ունենան համապատասխան սոցիալական եւ քաղաքական ազատություններ, որոնք անհրաժեշտ է ապահովել», – ասել էր Արազ Ազիմովը:

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-ԱՊՐԻԼԻ 4

«Մառազմ»

Մարտի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն «մառազմ» էր որակել Ադրբեջանի հայտարարությունները դեպի Ստեփանակերտ ուղեւորվող քաղաքացիական ինքնաթիռները գնդակոծելու մասին:Սերժ Սարգսյանը եւ Շվեյցարիայի նախագահ Միշլեն Քալմի-Ռեյը Սերժ Սարգսյանը եւ Շվեյցարիայի նախագահ Միշլեն Քալմի-Ռեյը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Հանդես գալով Շվեյցարիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում, Սերժ Սարգսյանը նկատել էր, որ «նորագույն պատմության մեջ նման հայտարարություններ հնչել են ահաբեկչական խմբերի, բայց ոչ պետությունների կողմից»:

Հայաստանի նախագահը խոստացել էր, որ ինքը լինելու է դեպի Ստեփանակերտ ուղեւորվող առաջին ինքնաթիռի առաջին ուղեւորը:

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-ԱՊՐԻԼԻ 4

Հայաստանը «հավատով է մտնում հասունության փուլ»

Մարտի 30-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ելույթ էր ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգական ինստիտուտում եւ, մասնավորապես, ասել էր.

«Վերջերս մենք էական փոփոխություններ ենք մտցրել մեր Սահմանադրության մեջ: Այս առումով գալիք մեկուկես-երկու տարիները խիստ կարեւոր են լինելու, քանի որ մեր պետությունը համակարգային փոփոխություն է ապրում: Վստահ եմ, որ այդ աշխատանքը լինելու է արգասաբեր եւ տեսանելի մեր ժողովրդի համար: Դրա գրավականը ոչ միայն մեր քաղաքական կամքն է, այլեւ Հայաստանի քաղաքացին՝ նախաձեռնող, ձգտող, հայրենիքին նվիրված»:Սերժ Սարգսյանը՝ Հարվարդի Քենեդու անվան կառավարման դպրոցում Սերժ Սարգսյանը՝ Հարվարդի Քենեդու անվան կառավարման դպրոցում

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Հարվարդի Քենեդու անվան կառավարման դպրոցում ունեցած ելույթի ընթացքում Սերժ Սարգսյանն ասել էր.

«Մեր երկրի չափերն ու բնական ռեսուրսները համեստ են, իսկ մեր առջեւ ծառացած մարտահրավերները` հսկայական: Մենք ստիպված ենք փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծել: Ահա այստեղ է, որ բացառիկ կարեւոր է դառնում կառավարման արդյունավետությունը: Սահմանադրական բարեփոխումների ռազմավարական նպատակը հենց դա է: Ավելի շատ ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ ավելի նպատակասլաց պայքար: Այստեղ մենք ունենք լուրջ ներուժ եւ այն պետք է լիարժեքորեն իրացնենք»:

Քերիի եւ Ալիեւի հանդիպումը

Մարտի 30-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին լարվածության աճի վերաբերյալ:Ջոն Քերին եւ Իլհամ Ալիեւը Ջոն Քերին եւ Իլհամ Ալիեւը

Լուսանկարը` REUTERS

«Կողմերը քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերը: Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու մտահոգություն հայտնել շփման գծում եւ պետական սահմանին լարվածության աճի վերաբերյալ: Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի՝ կողմերի հետ աշխատելու հանձնառությունը՝ հասնելու համապարփակ կարգավորման, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկիի եզրափակիչ ակտի վրա»,- հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Սարգսյանի եւ Բայդենի հանդիպումը

Մարտի 31-ին ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հանդիպել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակում:Ջոզեֆ Բայդենը եւ Սերժ Սարգսյանը Ջոզեֆ Բայդենը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է ժողովրդավարական, բարեկեցիկ, ապահով եւ իր հարեւանների հետ համերաշխ Հայաստանին: Փոխնախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ ավելի քան 20 հազար սիրիացի փախստականներին հյուրընկալելու համար: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ԱՄՆ փոխնախագահն իր մտահոգությունն է հայտնել շարունակվող բռնության կապակցությամբ, երկխոսության կոչ արել եւ ընդգծել համապարփակ կարգավորման կարեւորությունը՝  հասնելու տարածաշրջանում երկարաժամկետ կայունության, անվտանգության եւ բարգավաճման»,- հաղորդում էր Սպիտակ տունը:

Ապրիլյան պատերազմ

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի երեք ուղղություններով հակառակորդը ձեռնարկել էր հարձակողական գործողություններ` օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա եւ օդուժ:

«Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի եւ մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, վարում են հուսալի պաշտպանական մարտեր: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում», – ասված էր ԼՂՀ ՊԲ առաջին հաղորդագրությունում:

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ապրիլի 2-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ.

«ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատում է ս.թ. ապրիլի 1-ից  2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Գործողությունների ընթացքում  հակառակորդը, կիրառելով  տանկեր, հրետանի եւ օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը եւ գրավել մարտավարական դիրքեր:

Այս պահի դրությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր: Մարտական գործողությունները շարունակվում են:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների աննախադեպ ագրեսիվ եւ անպատասխանատու որոշումը եւ պաշտոնապես հայտարարում է, որ դրանց շարունակումը կարող է հանգեցնել  ադրբեջանական կողմի համար անկանխատեսելի հետեւանքների:

Լուսանկարը` PAN Photo

Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները:

ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության եւ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա եւ ակնկալում է անհապաղ հասցեական միջամտություն՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու եւ լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելու համար»:

Ապրիլի 2-ին Հայաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները.

Լուսանկարը` PAN Photo

«Իրավիճակի սրման Ադրբեջանի այս հերթական քայլը, հաշվի առնելով դրա լայնածավալ բնույթը, օգտագործված զինատեսակները, թիրախների ընտրությունը, խոսում է այն մասին, որ Բաքուն գնում է իրավիճակի հետեւողական լարման ճանապարհով, ինչը հրամայական է դարձնում Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով միջազգային հանրության գործնական քայլերի իրականացումը»:

Ապրիլի 2-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ԱԳՆ-ին հանձնարարել էր աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ:Սերժ Սարգսյանը 2016թ. ապրիլի 2-ին Սերժ Սարգսյանը 2016թ. ապրիլի 2-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել եւ ուղարկել Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով, եւ մենք նաեւ ունենք դրա իրավական իրավունքը, որովհետեւ հանդիսանում ենք 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի կողմ», – ասել էր Հայաստանի նախագահը:

Լավրով. «Թուրքիան շարունակում է աջակցել ահաբեկչությանը»

Ապրիլի 4-ին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ասել էր, որ «հակամարտությունը ԵԱՀԿ ՄԽ-ից դուրս հանելու բոլոր փորձերն ու գաղափարները շահագործվելու են նրանց կողմից, ովքեր ցանկանում են խնդրի խաղաղ լուծման, եթե ոչ տապալումն, ապա գոնե բարդացումը»:

«Իսկ այդպիսիք հաստատ կան: Փորձեր են ձեռնարկվում նրանց կողմից, ովքեր համաձայն չեն հակամարտության խաղաղ, քաղաքական լուծման հիմնարար մոտեցումների հետ», – ասել էր ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Պատասխանելով այն հարցին, թե ո՞րն է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման գործում Թուրքիայի դերը, ՌԴ ԱԳՆ ղեկավարը ասել էր, որ Մոսկվան արտաքին դերակատարներին  չի մեղադրում Լեռնային Ղարաբաղում լարվածության բռնկում հրահրելու համար:

«Մենք չենք մեղադրում Անկարային, թեեւ, իհարկե, լսել ենք թուրքական ղեկավարության հայտարարությունները, որոնք միակողմանի բնույթ են կրում: Մեր թուրք հարեւանների համար կարեւոր է այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու քաղաքականություն որդեգրել՝ լինի դա Իրաքը կամ Սիրիան: Թուրքիան շարունակում է աջակցել ահաբեկչությանը: Չեմ կարող դատել թե ինչ դեր ունի Անկարան Ղարաբաղի հարցում, բայց կարծում եմ, որ բոլորի համար՝ այդ թվում եւ Թուրքիայի ու թուրք ժողովրդի համար ճիշտ կլինի կենտրոնանալ ահաբեկչությանը սատարելու դադարեցման վրա: Այդ կարծիքը ես կարող եմ վստահ արտահայտել, եւ մենք դա առաջ ենք տանելու», – ասել էր Սերգեյ Լավրովը:

«Թուրքիան հրահրում է մեծ պատերազմ»

Ապրիլի 4-ն նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ Թուրքիան, լինելով ԵԱՀԿ անդամ երկիր, հանդես է գալիս տարածաշրջանում մեծ պատերազմ հրահրելու դիրքերից:Սերժ Սարգսյանը 2016թ. ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանը 2016թ. ապրիլի 4-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«Ադրբեջանը պարծենում է իր իբրեւ թե արձանագրված հաղթանակով, իսկ Թուրքիան՝ շնորհավորում է նրան դրանում: Մինչ միջազգային հանրությունը դատապարտում է ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում, թեեւ միայն խոսքերով, Թուրքիան միակն է, որ աներկբա աջակցություն է ցուցաբերում ադրբեջանական արկածախնդրությանը:

Անկարայի կողմից այս իրավիճակից առաջ եւ հետո կատարած հայտարարությունները, որոնցով այդ երկիրը կարծես թե իր հակահայկական մոտեցումներով փորձում է մրցակցության մեջ մտնել Ադրբեջանի հետ, կարող են ձեւավորել տարածաշրջանային լարվածության նոր օջախ, ինչի փորձը Թուրքիան ունի Մերձավոր Արեւելքում»,- ասել էր Հայաստանի նախագահը՝ ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը:

Արա Թադեւոսյան

Աղբյուր