5/10/15. Ալիեւի ակնարկը, Հովհաննիսյանի հացադուլը, Տեր-Պետրոսյանի պնդումը

79

Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-21

«Հայաստանի հետաքրքրությունը ուշադիր կուսումնասիրվի»

Մարտի 16-ին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը Երեւանում ասել էր, որ Հայաստանի հետաքրքրությունը «ատոմային էներգիայի նոր, անվտանգ եւ տնտեսապես կենսունակ աղբյուրների» հանդեպ ուշադիր կուսումնասիրվի Վաշինգտոնում:

Պատասխանելով Մեդիամաքսի`Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու նկատմամբ ԱՄՆ հավանական հետաքրքրության մասին հարցին` Դեն Ֆրիդն ասել էր, որ «էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման նոր իրավիճակի հետ կապված, Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն կրկին սկսել են քննարկել ատոմային էներգետիկայի օգտագործման հեռանկարները»:Դենիել Ֆրիդը, ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը եւ ՀՀ նախագահ Ռոբերտ ՔոչարյանըԴենիել Ֆրիդը, ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Առայժմ հաստատ չեմ կարող ասել, ինչ եզրակացությունների կգանք թե ընդհանուր առմամբ այդ քննարկումների արդյունքների հիման վրա, թե մասնավորապես Հայաստանի վերաբերյալ: Հայաստանում զրուցակիցներս խոսել են ատոմային էներգիայի նոր, անվտանգ եւ տնտեսապես կենսունակ աղբյուրներ ունենալու շահագրգռության մասին: Ես այդ գաղափարները հետս կտանեմ Վաշինգտոն, եւ մենք ուշադիր կքննարկենք դրանք», – ասել էր Դենիել Ֆրիդը:

«Հայաստանը երբեք ի վիճակի չի լինի մրցել մեզ հետ»

Մարտի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ «ոչ 10, ոչ էլ 100 տարի հետո մենք չենք հանդուրժի Լեռնային Ղարաբաղի անջատումը»:

Նա հայտարարել էր, որ Ադրբեջանը տարեց տարի ուժեղացնում է իր ռազմական զորությունը, եւ այս տարի երկրի ռազմական բյուջեն կազմել է $ 600 մլն:

«Ես մտադիր եմ Ադրբեջանի ռազմական բյուջեն մոտ ապագայում հավասարեցնել Հայաստանի ողջ բյուջեին: Հայաստանը երբեք ի վիճակի չի լինի մրցել մեզ հետ: Լավ կլինի, որ Հայաստանի կառավարությունը գիտակցի դա հնարավորինս շուտ», – հայտարարել էր Ալիեւը:

Մարտի 17-ին մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունները, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ «քաղաքակիրթ աշխարհում ռազմական բյուջեի ծավալը վաղուց արդեն մրցակցության առարկա չէ»:

«Ռազմական բյուջեի չափը հպարտանալու բան չէ, եւ դա պատիվ չի բերում ոչ ոքի: Այսօր աշխարհում ընդունված է մրցել տնտեսական, մշակութային եւ կրթական ոլորտներում: Ադրբեջանը շատ լավ գիտակցում է, որ այս բոլոր ուղղություններով մի քանի քայլով հետ է մնում Հայաստանից: Օրինակ ՝ ՄԱԿ-ի մարդկային զարգացման Ինդեքսում մենք անհամեմատ ավելի շահեկան դիրքեր ենք գրավում, քան Ադրբեջանը: Մի քանի տարի շարունակ Ադրբեջանն արդյունահանում է օրական 400 000 բարել նավթ, բայց Հայաստանը մեկ հոգու համար հաշվարկված ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ է անցել իր հարեւանից: Սրանք Համաշխարհային բանկի վերջին տվյալներն են», – ասել էր Հայաստանի արտգործնախարարը:

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-21

Ալիեւ. «Հայերը սպանել են իննամյա տղայի»

Մարտի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ «հայերը սպանել են իննամյա տղայի»:

«Սոչիում կայացավ նախագահ Մեդվեդեւի կողմից կազմակերպված հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվեց վստահության ստեղծման միջոցառումներին եւ ցանկացած խնդիր խաղաղ եղանակով լուծելու մտադրություններին վերաբերող համատեղ հռչակագիր: Ցավոք, դրանից երեք օր հետո հայերը սպանեցին իննամյա տղայի: Իննամյա տղան զինվոր չէ, այլ` երեխա: Այդ պարագայում մենք ինչպե՞ս կարող ենք վստահել այդպիսի բռնարարքի դիմող կողմին: Այս դեպքում նշանակետի տակ են քաղաքացիական անձինք, մասնավորապես, սովորական երեխան: Դա խոսում է այն մասին, որ հայկական կողմը չի հարգում նույնիսկ սեփական ստորագրությունն ու հռչակագիրը»,- հայտարարել էր Իլհամ Ալիեւը:

Սարգսյանը «զրպարտություն» է անվանել Ադրբեջանի մեղադրանքները

Մարտի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ Ադրբեջանի մեղադրանքները հայ դիպուկահարի կողմից 9-ամյա երեխայի սպանության վերաբերյալ «բացարձակ զրպարտություն» են:Սերժ Սարգսյանը ընդունում է միջնորդներին 2011թ. մարտի 16-ինՍերժ Սարգսյանը ընդունում է միջնորդներին 2011թ. մարտի 16-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Հաջորդ օրը Սերժ Սարգսյանն արձագանքել էր Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովայի հայտարարությանը, ով հրապարակային կոչով դիմել էր Հայաստանի նախագահին եւ իր տիկնոջը` մասնավորապես ասելով. «թույլ մի տվեք ձեր ժողովրդին սպանել երեխաներին»:

Հայաստանի նախագահի պատասխանում, մասնավորապես, ասված էր.

«Այո´, մենք խնդիր ունենք լուծելու ու միասին պիտի լուծենք: Միասին: Մենք պարտավոր ենք դա անել, որպեսզի այդ բեռը չթողնենք մեր զավակներին: Բայց դա անելու համար մենք նախ պիտի կարողանանք փոխել ոչնչացման մղող հասարակական մթնոլորտը, հրաժարվել այն սնող մեխանիզմներից, մենք պիտի կարողանանք կոտրել միջավայրը, որը բռնություն է ծնում, որը հնարավոր է դարձնում բռնությունը, հանգեցնում երիտասարդ տղաների անդառնալի կորուստների, որտեղ նույնիսկ հնարավոր է մանկան կյանքը կասկածելի պատմություններով դարձնել շահարկումների առարկա` միայն թեկուզ մի ողջ ժողովրդի պիտակավորելու պարզունակ նպատակով»:

Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը

Մարտի 15-ին  «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր անժամկետ հացադուլի մեկնարկի մասին:Րաֆֆի Հովհաննիսյանը 2011թ. մարտի 15-ինՐաֆֆի Հովհաննիսյանը 2011թ. մարտի 15-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի նախագահին կոչ էր արել հրաժարական տալ եւ ասել էր, որ ժողովուրդը պետք է միավորվի «հանուն ազատության եւ արդարության»:

«Իրանի դեմ պատժամիջոցները մարտահրավեր են Հայաստանի տնտեսության համար»

Մարտի 16-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ «Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներն իրականում մարտահրավեր են մեր տնտեսական ներուժի զարգացմանը»։

Ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, վարչապետն ասել էր.

«Նպատակ չունենալով հարցականի տակ դնել ԵՄ միջազգային խաղաղության ու կայունության հասնելու ջանքերը, ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներն իրականում մարտահրավեր են մեր տնտեսական ներուժի զարգացմանը: Բացի Իրանից, միակ միջանցքը, որ Հայաստանը կապում է աշխարհի հետ, անցնում է Վրաստանի տարածքով: 2008թ. մեր տարածաշրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները բացահայտեցին Հայաստանի տնտեսության խոցելիությունը` առկա միակ տրանսպորտային միջանցքից գերկախվածության պատճառով: Այդ ժամանակ մենք գոյատեւեցինք միայն Իրանի միջոցով հիմնական ապրանքատեսակների տարանցում կազմակերպելու շնորհիվ: Պատժամիջոցների խստացումը կտրուկ կնվազեցնի այս միջանցքի հասանելիությունը, այն պարագայում, երբ Թուրքիայի սահմանը բացելու ուղղությամբ ԵՄ հետ մեր միասնական ջանքերը հաջողության չհասան»:

«Թունիսի եւ Եգիպտոսի սցենարը կրկնվելու է Հայաստանում»

Մարտի 17-ին Հայաստանի նախկին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ «միանգամայն հասունացել է Հայաստանում արմատական փոփոխությունների իրականացման, կամ այլ կերպ ասած, ավազակապետական համակարգի վերջնական կազմաքանդման պահը»:

«Չեմ կասկածում, որ այն, ինչ տեղի ունեցավ Թունիսում, Եգիպտոսում եւ այլուր, տեղի է ունենալու նաեւ Հայաստանում, այսինքն՝ իշխանությունը վերջիվերջո ենթարկվելու է ժողովրդի կամքին: Բայց նաեւ հավատացած եմ, որ ի տարբերություն այդ երկրների, Հայաստանում դա տեղի է ունենալու սահուն, անցնցում կերպով», – նշել էր առաջին նախագահը:Լեւոն Տեր-Պետրոսյանը 2011թ. մարտի 17-ինԼեւոն Տեր-Պետրոսյանը 2011թ. մարտի 17-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր նաեւ, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը «հանված չէ օրակարգից»։

Նախագահը ՝ ոստիկաններին. «Ես ձեր փոխարեն ինքս ամաչում եմ»

Մարտի 14-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ոստիկանությանը կոչ էր արել ոստիկանությանը ուշադրություն դարձնել բարեփոխումների տեմպերին եւ իրական արդյունքների ձեռքբերմանը:

«Ես պատրաստվում եմ շատ ավելի ակտիվորեն մասնակցել ոստիկանական համակարգի փոփոխությունների գործընթացին: Պատրաստվում եմ ամենօրյա ռեժիմով աջակցել փոփոխություններին խոչընդոտող խնդիրների լուծմանը», – ասել էր Սերժ Սարգսյանը Հայաստանի ոստիկանության կոլեգիայի նիստին:Սերժ Սարգսյանը 2011թ. մարտի 14-ինՍերժ Սարգսյանը 2011թ. մարտի 14-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«Եթե քաղաքացիները փողոցում տեսնում են, որ կատարվում է իրավախախտում, եւ ոստիկանը մեջքով է շրջվում դեպի այդ իրավախախտում կատարողը, այս դեպքում ինչպիսի՞ հարգանք կամ ինչպիսի՞ վստահություն կարող է լինել ոստիկանի հանդեպ: Ավելի վատ օրինակներ բերեմ. ամբողջ հասարակությունը տեղյակ է, որ տեղի է ունեցել մարդասպանություն, գիտեն` ո՛վ է կատարել մարդասպանությունը, եւ ոստիկաններն այդ գործը շրջում են այնպես, որ իբր հանցագործությունը կատարել է մեկ ուրիշը, եւ իրական հանցագործությունը մնում է դրսում: Ինչպիսի՞ գնահատական կարելի է տալ այդպիսի ոստիկանին, ինչպիսի՞ գնահատական կարելի է տալ ամբողջ համակարգին: Բոլորդ գիտեք, որ այդպիսի դեպք տեղի ունեցավ Արաբկիրի տարածքում: Ես ձեր փոխարեն ինքս ամաչում եմ: Եթե դուք համակարգի նկատմամբ լուրջ վերաբերմունք ունեք, ինչում ես վստահ եմ, համակարգի պատիվը համարում եք ձեր պատիվը, ինքներդ պետք է անձնական վիրավորանք զգաք եւ ինքներդ առաջինը պետք է գայիք ու այդ բարձր պաշտոն ունեցող ոստիկանին ասեիք` ա՛յ անբարոյական, ինչո՞ւ ես խայտառակում մեր համակարգը», – ասել էր Սերժ Սարգսյանը:

Ռուսաստանը մտադիր չէ միջամտել հայ-թուրքական գործընթացին

Մարտի 18-ին  Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայտարարել էր, որ «հայ-թուրքական մերձեցումը երկկողմ հարաբերությունների խնդիր է, եւ Ռուսաստանը մտադիր չէ միջամտել այդ գործընթացին»:

Նա ասել էր, որ Ռուսաստանն այդ գործընթացի սկզբից եւեթ օժանդակել է երկու կողմերին եւ ողջունել Ցյուրիխի պայմանավորվածությունները` հիշեցնելով, որ արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Միաժամանակ, կարծում ենք, որ հայ-թուրքական մերձեցումը, այնուամենայնիվ, երկկողմ հարաբերությունների խնդիր է, եւ Ռուսաստանը մտադիր չէ միջամտել այդ գործընթացին: Սակայն մենք ամեն կերպ ցանկանում ենք, որպեսզի այն հանգեցնի լավ արդյունքների երկկողմ հարաբերությունների, Անդրկովկասում համագործակցության եւ փոխգործակցության ոգու ամրապնդման տեսանկյունից»,- հայտարարել էր Ալեքսանդր Լուկաշեւիչը:

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-21

Ժիրինովսկին «հիմարություն» է անվանել

Մարտի 17-ին ռուսաստանցի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին «հիմարություն» էր անվանել Կարսի ու Մոսկվայի պայմանագրերը չեղարկելու առաջարկները:

«Այնպիսի հիմարություններ են ասում: Եկեք Բրեստի խաղաղությունն էլ չեղարկենք: Բոլոր պայմանագրերը, որոնք ստորագրվել են շատ վաղուց, արդեն ներառված են այլ նորմատիվ նյութերում: Իմաստ չունի դրանք չեղարկել, այդպես նրանք չեն վերանա», – ասել էր նա:

Բաքուն ցանկանում է ՌԴ-ից որակյալ սպառազինություն ստանալ

Մարտի 18-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ասել էր, որ Բաքվի եւ Մոսկվայի միջեւ սպառազինության մատակարարումների հետ կապված չլուծված ֆինանսական հարցեր չկան:

«Մենք հստակ վճարում ենք ըստ պայմանագրերի: Խնդիրներ կան դրանց կատարման հետ կապված. Ադրբեջան մատակարարվող սպառազինությունները պետք է համապատասխանեն պայմանագրերում ամրագրված տեխնիկական բնութագրերին: Կարեւոր է, որ ապրանքը որակյալ լինի: Դմիտրի Ռոգոզինը եկել էր Բաքու, որպեսզի հասկանա, թե ի՞նչ խնդիրներ կան այդ բնութագրերի հետ կապված եւ ստացել է բացատրություններ: Հարցեր չեն մնացել: Մի քանի կոնկրետ տեսակների տեխնիկական բնութագրերի համար անհրաժեշտ է ճշգրտումներ իրականացնել: Եվ դա Ռոգոզինի խոսքով, կարվի ամենասեղմ ժամկետներում», – ասել էր Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

Արա Թադեւոսյան

Աղբյուրը