Վուլֆովիչի դոկտրինը գործողության մեջ․Ստեփան Դանիելյան

88

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սա 2018 թվականին եմ գրել։ Կարծում եմ հետաքրքիր կլինի այսօրվա աչքերով կարդալ, հասկանալու համար Արցախի երկրորդ պատերազմի շարժառիթները։

Վուլֆովիչի դոկտրինը գործողության մեջ

Ռուսաստանի և Արևմուտքի միջև նոր սառը պատերազմ է սկսվում: Ո՞րն է դրա պատճառը, և ինչպիսին կլինեն դրա հետևանքները մեր տարածաշրջանի համար:

Ռուսական ռազմական հետախուզության նախկին սպայի` Լոնդոնում իրականացված թունավորման պատճառով Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները սրընթաց կերպով լարվում են:

Մի կողմ թողնենք Բրիտանիայի ու Ռուսաստանի դեսպանատների աշխատակիցների փոխադարձ արտաքսումները, ինչպես նաև` դեռևս սպասվելիք զարգացումները, այլ փորձենք «վերևից» դիտարկել ստեղծված իրավիճակը` հաշվի առնելով Ռուսաստանի և Արևմուտքի աշխարհաքաղաքական հարաբերությունների նախապատմությունը:

Դիտարկենք առավել նշանակալի հայտարարությունները և փորձենք հասկանալ, թե դրանց տողատակերում ինչ է թաքնված:

Այսպիսով.

  • Բրիտանիայի արտգործնախարարը Պուտինին համեմատել է Հիտլերի հետ,
  • ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ջոն Ռուդը Սենատում կազմակերպված քննարկումների ժամանակ ասել է, որ Մոսկվան և Պեկինը փորձում են փոխել գործող աշխարհակարգը,
  • Ամերիկացի գեներալ Ջոն Հայտենը Ռուսաստանը համարում է ԱՄՆ-ի հիմնական սպառնալիքը,
  • Պենտագոնի ղեկավար Ջոն Մետիսն ասել է, որ Մոսկվան և Պեկինը փորձում են աշխարհը կառուցել իրենց բնորոշ ավտորիտար մեթոդներով:

Ավելին, 2017-ի դեկտեմբերի 20-ին հրապարակված ԱՄՆ Ազգային Անվտանգության ռազմավարության փաստաթղթում, որի տակ դրված է Թրամփի ստորագրությունը, ասվում է, որ Չինաստանը և Ռուսաստանը մարտահրավեր են նետում Ամերիկայի շահերին, ազդեցությանը և հզորությանը` դրանով վտանգի տակ դնելով Ամերիկայի անվտանգությունը և բարեկեցությունը:   

Ազգային անվտանգության հայեցակարգում Ռուսաստանը հիշատակված է 17 անգամ և բոլոր դեպքերում` բացասական իմաստով:

Այսպիսով, ռուսական նախկին հետախույզի թունավորումը կարծես թե հարաբերությունների լարվածության հիմնական պատճառը չէ, քանի որ վերը բերված խոսքերն առնչություն չունեն ռուսական նախկին ռազմական հետախույզի ճակատագրին, դա ընդամենն առիթ էր, և այս պարագայում արդեն երկրորդական է, թե իրականում ով է կազմակերպել թունավորումը: Չլիներ այդ թունավորումը, կգտնվեր մի այլ պատճառ, քանի որ բրիտանացի և ամերիկացի պաշտոնյաներն ավելի հիմնարար մեղադրանքներ են ներկայացրել, ու ոչ միայն Ռուսաստանին, այլև Չինաստանին:

Վուլֆովիչի դոկտրինը

Փոլ Վուլֆովիչը 2001-2005 թվականներին եղել է ԱՄՆ Պաշտպանության փոխնախարարը, իսկ 2005-2007 թվականներին` Համաշխարհային բանկի նախագահը: 1989-1993 թվականներին ավագ Բուշի վարչակարգի համար պատրաստել է «Ռազմական շինարարության ուղեցույց» անվանումով գաղտնի փաստաթուղթը: 1992-ի մարտի 7-ին The New York Times ամսագրում հրապարակվել է հոդված, որտեղ մեջբերումներ են արվել այդ փաստաթղթից: Հետագայում փաստաթղթի ամենասկանդալային մասերը, մինչև Քլինթոնի ադմինիստրացիայի կողմից պաշտոնապես ընդունվելը, մեղմացվել են, սակայն դրանից բովանդակությունը չի փոխվել: 

«Վուլֆովիչի դոկտրին» անվանումը ստացած փաստաթղթում խոսվում է ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական ռազմավարության մասին. «Մեր հիմնական նպատակն է թույլ չտալ, որ ո´չ ետխորհրդային տարածքում, ո´չ էլ աշխարհի որևէ այլ անկյունում այնպիսի մրցակից առաջ գա, որը կարողանա ԱՄՆ-ի համար այնպիսի սպառնալիք հանդիսանալ, որպիսին մի ժամանակ Սովետական Միությունն էր: Դա պաշտպանության ռազմավարության հիմնական դրույթն է: Մենք պետք է աշխատենք թույլ չտալ, որ այնպիսի ախոյան ծնվի, որն իր ռեսուրսներով  ընդունակ լինի գլոբալ վերահսկողություն ստանձնել միջազգային հարաբերություններում»:

ԱրևմտյանշատվերլուծաբաններԹրամփի «Ամերիկանառաջնահերթէ» կարգախոսը համեմատում են Վուլֆովիչիդոկտրինիհետ:

Պատահական չէ, որ Եվրոպայի և Ռուսաստանի հարաբերությունների հետ միաժամանակ սրվել են Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները: Շատերը երկու երկրների միջև առևտրային պատերազմ են կանխատեսում:

Այժմ վերադառնանք մեր տարածաշրջանի խնդիրներին, ինչի համար նորից կօգտվենք Վուլֆովիչի արտահայտություններից:

Այս տեսահոլովակումԱՄՆ պաշտոնաթող գեներալ Վես Քլարկը պատմում էդեռևս 1991 թվականին իր և այդ ժամանակ Պենտագոնում իր նշանակությամբ 3-րդ պաշտոնը զբաղեցնող Փոլ Վուլֆովիչի միջեւ տեղի ունեցած մի խոսակցության մասին. «Ես ասացի` պարոն քարտուղար, Դուք պետք է շատ գոհ լինեք անապատում մեր զորքերի աշխատանքից: Նա պատասխանեց, որ` այո, բայց մենք պետք է ձերբազատվեինք Սադամից (1991-ի պատերազմի ժամանակ Սադամ Հուսեյնը գահընկեց չարվեց), բայց մենք դա չարեցինք: Բայց մենք մի բան իմացանք, որ կարող ենք Մերձավոր Արևելքում օգտագործել մեր զորքերը, և Սովետները մեզ չեն կանգնեցնի: Մենք ունենք 5-10 տարի, որպեսզի մաքրենք սովետական նախկին ռեժիմները Սիրիայում, Իրաքում, Իրանում մինչ այն, երբ մի նոր գերտերություն կփորձի մեզ մարտահրավեր նետել»:

Դեռևս երեք տարի առաջ կարծիք կար, թե Վուլֆովիչի դեկտրինն արդեն անցյալում է, սակայն Թրամփի ազգային անվտանգության նոր գլխավոր խորհրդականի` Բոլթոնի ընդգծված հակաիրանական կեցվածքը, կարծես թե, նորից ակտուալ է դարձնում Վուլֆովիչի դոկտրինը, և հիմնական գործողություններն ուղղակիորեն մեր սահմանների մոտ են զարգանալու` Իրանի ուղղությամբ: Հայաստանը պարտավոր է այս նոր մարտահրավերի պայմաններում նոր ռազմական ու քաղաքական ռազմավարություն մշակել:

26 մարտ 2018