Սաշա Ղարախանյանը՝ գերության օրերի ու սպանված որդու մասին

65

71-ամյա Սաշա Ղարախանյանի պատմությունը հայտնի է շատերին․ ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո հադրութցի Սաշա պապիկը որդու՝ իր հետ միասին գերության մեջ հայտնված Արսեն Ղարախանյանի մասին հուսադրող լուրերի սպասման մեջ էր։ Ցավոք, հունվարի 18-ին հայտնաբերվեց 41-ամյա Արսենի խոշտանգված մարմինը, նրան հուղարկավորեցին իր իսկ ծննդյան օրը։ Մինչ այդ Արսեն Ղարախանյանի մասնակցությամբ երկու տեսանյութերից մեկը տարածվել էր նրա մոր ծննդյան օրը՝ հունվարի 6-ին։

Ամենայն հավանականությամբ, զինվորական Արսեն Ղարախանյանը հոկտեմբերի 9-ին Հադրութի իրենց տուն էր շտապել տարեց հորը քաղաքից դուրս բերելու նպատակով։

ՀՀ կառավարությունն Արսեն Ղարախանյանի գործով դիմել էր ՄԻԵԴ՝ ներկայացնելով նրա գերեվարումը փաստող տեսագրությունները։ Մեզ հետ զրույցում սպանվածի քույրը՝ Մարինա Ղարախանյանը նշեց, որ դատաբժշկական փորձաքննությունը փաստել է, որ եղբայրը սպանվել է ՄԻԵԴ-ի կայացված որոշման հրապարակումից 2 օր անց։ Նրա դին գտել են Հադրութի Այգեստան գյուղի տարածքում։

Այժմ Սաշա Ղարախանյանը լուրջ առողջական խնդիրներ չունի, կնոջ, դստեր ու թոռների հետ բնակվում է Ստեփանակերտում, որտեղ էլ մեզ պատմեց ադրբեջանական բանտում անցկացրած օրերի մասին։

***

Օրը չեմ հիշում, թուրքերը մտած էին Հադրութ։ Ես չեմ գնացել ոչ մի տեղ, Հադրութում էի, իմ տանը։ Ընտանիքս բոլորը Երեւանում էին, ուղարկել էի։ Ես չուզեցի գնամ, ո՞ւր գնամ։ Տան բակում էի, մեկ էլ ձեն եկավ դրսից, նայեցի, տեսնեմ՝ թուրքերն են, մի 20-30 հոգի ավտոմատներով։ Թուրքերեն, հայերեն, ռուսերեն են խոսում, բա թե. «Չփախչես, գյուլլելու եմ»։ Ասում եմ. էէ, ի՞նչ գյուլլես, ո՞ւմ գյուլլես։ Գնացի, դարպասը բացեցի, ասեցի՝ մտեք։ Ասեցին, որ հրաման կա, որ մինչեւ ամսի 1-ը Հադրութում պիտի մարդ չմնա։

Մի խոսքով՝ տարան։ Իրենց շտաբը տարան։ Տան բակից որ տանում էին ինձ՝ սկզբում աչքերս կապած չէր։ Էնտեղ մի երկու բաժակ օղի խմեցինք, ոչխարի միս էր իրանց սեղանին դրած, ես էլ առավոտից չայ էլ չէի խմել, ասեցի՝ դավայ։ Հետո ասեցի, թե՝ գնամ տուն, ասեցին՝ չէ։ Հրաման տվեցին, որ ինձ տանեն։ Հայերեն էին խոսում լրիվ։ Հետո տարան կամրջի վրա, բեղավոր մի տղա էր, ասում ա. «Դու իմ եղբորը սպանել ես»։ Պատճառ էին էլի ուզում ստեղծեն, որ ծեծեն։ Էդպես էլ արեցին։ Ծեծեցին։ Ձեռքով, մեքենայի մեջին էլ քարեր կային, քարով էլ են խփել։ Հետո ոտքս կապեցին, գլուխս ներքեւ բարձրացրեցին կախեցին, հետո արդեն աչքերս կապեցին, դե տանջում էին էլի, մի չորս անգամ ավտոմատով խփեցին գլխիս։ Մեկուկես, երկու ժամի չափ տարան մեքենայով իրանց մոտ, չգիտեմ որտեղ, տարան գցեցին մի սենյակ, պատուհանները լոխ երկաթից էր։Սաշա ՂարախանյանըՍաշա Ղարախանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Առավոտ եկան, թե. «Ով ես, որտեղացի ես, քանի տարեկան ես»։ Իրենք էլի հայերեն էին խոսում։ Ձեռքերը ավտոմատ կար, ասեցի՝ կարողա խփեն ինձ, սկսեցի իրանց լեզվով խոսալ, ես թուրքերեն լեզուն գիտեմ։ Զարմացան։ Իրանք արդեն իրանց գործը թողած ինձ հետ թուրքերեն էին խոսում, թե. «Որտե՞ղ ես սովորել, ո՞վ ա սովորացրել»։ Ուրախացել էին, ասում էին. «Մեզանից լավ ես խոսում»։ Մեկը մյուսին ասում ա. «Ի՞նչ անենք հիմա, կրակե՞նք»։ Մյուսն էլ թե. «Չէ, չէ, չէ, էս մարդին չի կարելի կրակել»։ Թուրքերենը փրկեց ինձ։

«Մնա էստեղ, անցի Ադրբեջանի կողմը»

Մի երկու ամիս պահեցին։ Բայց լավ էին նայում։ Օրը երեք անգամ հաց էին տալիս, դյուզ ասած քիչ էին տալիս, բայց շաքարով չայը տալիս էին, սիգարետը տալիս էին։ Ասում էի, որ ճնշում ունեմ, դեղը տալիս էին։ Մի անապատ տեղ էր, ումից հարցնում եմ՝ չեն ասում, թե որտեղ էր։ Էնտեղ գալուց հետո էլ չէին ծեծում։ Մենակ թե առավոտ ժամը 7-ին վեր էին կացնում, ոնցոր զինվորի։ Դե ի՞նչ անես։ Կարմիր Խաչից որ գալիս էին՝ ուրիշ սենյակ էին մեզ տանում, հարցուփորձ անում, էդ ժամանակ աչքերս կապած էին տանում-բերում։ 5 հոգի էինք հայերով, մյուս գերիների անունները մոռացել եմ, իրանք ինձնից շուտ էին եկել։ Գլուխս դե չէր աշխատում, չորս անգամ ավտոմատով խփած, ի՞նչ հիշեմ։ Դե տղերք էին, մեծահասակ մարդ կար, բայց ինձանից փոքր, Ազոխից, Դրախտիկից։ Մի անգամ իմ սենյակը մի գիշերով փոխել են, ուրիշ տղեքի մոտ, հետո նորից բերել առաջին տեղը։ Այ տենց բաներ։

Իմ հետ գալուս օրը իրենցից մի հատ մայոր ասեց. «Մնա էստեղ, գնում ես ի՞նչ անես, մեր լեզուն էլ իմանում ես։ Անցի մեր Ադրբեջանի կողմը, ընտանիքով բանով»։ Ասեցի՝ չէ, այ մարդ, ես գնում եմ։

Խոսում էին, միշտ էլ ասում էին, թե. «Ձեր հայերը էս են արել, էն են արել», ես էլ ասում էի. «Երկու ազգի մեջ մի խելոք մարդ չի գտնվել»։ Էդ թուրքը նայեց, նայեց, ասեց. «Ճիշտ ես ասում»։Սաշա ՂարախանյանըՍաշա Ղարախանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մտածում ես, թե ոնց կլինի, ինչ կլինի, էնտեղ ուրիշ բան չունես անելու բացի մտածելուց։ Ասում էի՝ կարող ա սպանեն, կարող ա թողնեն, ի՞նչ իմանաս։ Զենքը իրանց ձեռքին, դու էլ առանց ավտոմատ, ինչ պիտի անես…

Էն ժամանակ լավ էինք իրար հետ, իրար օգնում էինք, «քիրվա» էինք ասում։ Բայց դե հիմա հավատ չկա էլ։ Խելքը գլխին ղեկավարներ են պետք, որ նստեն, խոսեն, ժողովուրդը ի՞նչ մեղք ունի, մենք ի՞նչ մեղք ունենք։ Մեր բոլոր գյուղերը թալանել են, բոլոր տները։ Հադրութի ամբողջ շրջանում ոչ մի հոգի չի մնացել, մարդ չկա։

«Արսեն, բալաս, էս ի՞նչ եղավ»

Տղայիս՝ Արսենին մի հատ Հադրութում կամրջի մոտ, մի հատ էլ էնտեղ եմ տեսել իրենց մոտ, ձեռքերը կապած։ Մենակ Արսենը չէր, մի 6-7 հոգի էլ։ Մեզ որ տանում էին,  մեքենայի մեջ ասեցի. «Արսեն, բալաս, էս ի՞նչ եղավ, կարող ա մի բան անես՝ փախչենք»։ Ասեց. «Չէ, ստեղից չես կարող փախչես»։ Հետո մեզ առանձին տարան։

Քաղաքացիական շորերով մի հատ մարդ հարցաքննության ժամանակ եկավ, ասեց՝ «Որ մի հատ նկար ցույց տամ՝ կճանաչե՞ս»։ Հանեց, տեսնեմ մեր հարսը, Արսենի կնոջ նկարն ա։ Ասեցի՝ Արսենը էստեղ ա՞։ Բա՝ «հա»։ Հետո որ հարցաքննությունը վերջացավ, ասեցի՝ մի բան արեք, գոնե մի անգամ տեսնեմ։ Չթողեցին։ Ասում եմ՝ մեր հարսի նկարը էստեղ ի՞նչ գործ ունի։ Ինձ բան չեն ասում, չեն խոսում։ Արդեն, որ ինձ բաց էին թողնում, փոխանակման օրը ինքնաթիռով գալուց առաջ էլի խնդրեցի, որ գնամ տեսնեմ Արսենին, թույլ չտվեցին։ Շաբաթը մի երեք-չորս անգամ որ ինձ կանչում էին հարցաքննության՝ իմանում էի, որ Արսենը ողջ ա։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստան գալուց հետո մի 10 օր հիվանդանոցում մնացի, տեղն եկա, նիհարել էի էլի։ Ես արդեն ստեղ էի, որ զանգեցին Ստեփանակերտի մորգից, թե եկեք տեսեք ձեր տղան ա, թե ոչ։ Իմ գալուց մի երկու շաբաթ հետո իմացա, որ Արսենին սպանել են։

* * *

2020 թ․-ի սեպտեմբերի 27-ից ի վեր հայկական կողմից արձանագրվել է քաղաքացիական անձանց մահվան 75 դեպք, որոնցից 41-ը հեռահար հարվածներից, մնացյալը՝ գերության մեջ։ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում մնացած անձինք, որոնք սպանվել են տեղում, նույնպես համարվում են գերության մեջ սպանվածներ։ Դրանք հիմնականում եղել են տարեցներ կամ հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք չեն հասցրել կամ չեն ցանկացել լքել բնակավայրը։ Սպանության նման դեպքեր են արձանագրվել Արցախի Հադրութի շրջանի Տող, Տումի, Դրախտիկ, Մեծ Թաղեր, Ազոխ, Նորաշեն, Ուխտաձոր, Վարդաշատ, Սարինշեն եւ այլ գյուղերում, ինչպես նաեւ Հադրութ քաղաքում։

Արցախի ՄԻՊ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ միայն Հադրութի շրջանից շարունակում են անհետ կորած համարվել 15 քաղաքացիական անձ։

Հայտնի է նաեւ, որ մինչ այժմ ադրբեջանական գերությունից վերադարձել են ընդհանուր առմամբ 70 հայ գերի, որոնց թվում նաեւ քաղաքացիական անձինք։  Գերեւարված եւ սպանված խաղաղ բնակիչների շարքում հայտնի պատճառներով գերակշռում են հենց հադրութցիները։

Ներկա դրությամբ ՄԻԵԴ-ում կա հայ գերիների վերաբերյալ Ադրբեջանի դեմ հարուցված ավելի քան 200 գործ։

Սոֆիա Հակոբյան

Նյութը՝ https://mediamax.am/am/news/hadrut/42612/