Լիբիայի վարչապետը հայտարարել է Թուրքիայի հետ ծովային համաձայնագրերը երկարացնելու մասին

99

Լիբիայի Ազգային միասնության կառավարության վարչապետ Աբդուլհամիդ Դիբեյբեն ապրիլի 6-ին Տրիպոլի այցելած՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիայի հետ կնքված՝ մայրցամաքային շելֆի մասին համաձայնագիրը կերկարաձգվի: Այդ մասին հայտնում է թուրքական Sabah լրատվական գործակալությունը:

Դիբեյբեն նշել է, որ Անկարայի և Տրիպոլիի միջև այնպիսի համաձայնագրերի ժամկետները, ինչպիսիք են Անվտանգության և ռազմական համագործակցության հուշագիրը և Ծովային իրավասությունների սահմանափակման մասին հուշագիրը, ավարտվում են:

Նրա խոսքով՝ Հունաստանը և Լիբիան կձգտեն զարգացնել հարաբերությունները:

«Մենք ուզում ենք ամեն ինչ նորից սկսել՝ վստահության, փոխադարձ երկխոսության և միջազգային իրավունքի հարգանքի հիման վրա: Մենք մտադիր ենք միջոց գտնել անցյալի սխալները ջնջելու համար»,- շեշտել է Դիբեյբեն:

Ըստ նրա՝  կերկարաձգվի 2019 թ. նոյեմբերի 27-ին Լիբիայի վարչապետ Ֆայիզ Սարաջի և Թուրքիայի միջև ստորագրված «Անվտանգության և ռազմական համագործակցության հուշագիրը», ինչպես նաև «Ծովային իրավասությունների սահմանափակման մասին փոխըմբռնման հուշագիրը»: 

«Ինչ վերաբերում է բացառիկ տնտեսական գոտի սահմանելու մասին Թուրքիայի հետ ստորագրված համաձայնագրերին, մենք կարևորում ենք բոլոր տեսակի համաձայնագրերը, որոնք նպաստում են լուծումների մշակմանը և Լիբիայի, Թուրքիայի ու Հունաստանի իրավունքների պաշտպանությանը: Եթե մի երկիր շահագրգռված է խթանել իր շահերը, Լիբիան նույնպես պետք է ձգտի դրան: Ստորագրված համաձայնագրերը մեզ միայն օգնում են դրանում»,- ասել է Դիբեյբեն: