Ինչո՞ւ նախագահ Բայդենը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը

108

Ռոջեր Սմիթը Կանադայի “Զորյան” ինստիտուտի գիտական խորհրդի նախագահն է, «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության» համահիմնադիրը եւ նախկին նախագահը։ Ներկայացնում ենք պրոֆեսոր Ռոջեր Սմիթի հոդվածի հայերեն տարբերակը։ Անգլերենը այստեղ

Թուրքիան, ինչպես միշտ, ամեն տարի ապրիլին ընկնում է ջղաձգության մեջ, երբ աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է Թուրքիայի՝ իր 1.5 միլիոն հայ հպատակների նկատմամբ 1915 թվականին սկսած ցեղասպանությունը եւ դիմում աշխարհին հիշատակելու այն իրենց հետ միասին։ Հայերն անում են սա՝ այն ժամանակ Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի դեմ իրագործած ցեղասպանության հանցագործության պատմական փաստի մասին իրազեկվածության բարձրացման եւ աշխարհից հարցի կարգավորման միջոց խնդրելու նպատակով, քանզի Թուրքիան մինչ օրս համառորեն ժխտում է Ցեղասպանության փաստը։

Հանգուցյալ թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդը 2012 թվականի ապրիլի 24-ին գրել է․«Նորից, ինչպես տեղի է ունենում ամեն տարի, Թուրքիայի 70 միլիոնանոց (այժմ 80 միլիոնանոց) բնակչությունը լարված հետեւլու, թե ինչ կասեն այլոք հայկական հարցի վերաբերյալ։ Ի՞նչ կասի Վաշինգտոնը։ Ո՞ր երկիրը կընդունի Հայոց ցեղասպանության վերբերյալ պնդումները։ Օրերը կանցնեն սթրեսի մեջ․․․ Թուրքիան, ինչպես արել է նախկինում, կարձագանքի կոշտ։ Կհնչեցնի սպառնալիքներ, սակայն դրանք կլինեն ապարդյուն»։

Բիրանդն այս հայտարարությունը գրել է՝ կապված Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական փաստաթղթերի թուրքերեն հրատարակության հետ, որն ակնհայտորեն բացահայտում է Թուրքիայի պատասխանատվությունն ու Գերմանիայի մեղսակցությունը Հայոց ցեղասպանությանը։ 2005 թվականին գերմաներենով բնօրինակ հրատարակությունից հետո Գերմանիայի խորհրդարանը քվեարկեց Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին, եւ վերջնականապես ընդունեց այն 2016 թվականին։

Կանադան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 2004 թվականին Թուրքիայի սպառնալիքների ներքո առ այն, որ «Կանադան կտուժի տնտեսապես, եւ որ հայերը հայցեր կներկայացնեն Թուրքիայի դեմ բռնազավթած հողերի վերաբերյալ»։

Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ թուրքական մեքենայությունները եղել են ծանր և ստոր՝ ներառելով անգամ 2000 թվականին Ներկայացուցիչների պալատի խոսնակին ենթադյալ կաշառք տալու մասին լուրերը: Ո՞րն է լինելու ԱՄՆ-ին ճանաչումից հետ պահելու Թուրքիայի այս տարվա հնարքը։

Ըստ Վաշինգտոն Փոստի թուրք վերլուծաբան Ասլի Այդինտասբասի առաջարկած վարկածի՝ կլինի Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ հայտարարություն: Հեղինակը գրում է․ «Քննադատներն գտնում են, որ Թուրքիայի ակնհայտ մեծահոգությունը խորտակում է իր վերջին ջանքերը՝ Վաշինգտոնի հետ իր խզված կապերը շտկելու ուղղությամբ՝ առանց կատարելու այն զիջումները, որոնք իրականում պահանջվում են իրենից, այն է՝ անմիջապես ազատվել իր ռուսական S-400 հրթիռներից»:

Թուրքիայի մասնակցությունը Ադրբեջանի կողմից Արցախի հայերի դեմ սանձազերծած պատերազմին՝ ներառյալ սիրիացի ջիհադիստների ներգրավվումը, որպեսզի օգնի Ադրբեջանին հաղթել պատերազմում, կարող էին օգտագործել այդ հաղթանակը այլ երկրներին խաբելու համար, իբրեւ թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այլեւս հակամարտություն գոյություն չունի։ 

ԱՄՆ-ն եւ Շվեյցարիան արդեն մեկ անգամ անհաջողության մատնվել են 2009 թվականին, երբ Թուրքիան ստորագրեց այն, ինչ այն ժամանակ համարվում էր փաստաթղթերի պատմական փաթեթ․ նրանք կոչված էին կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ եւ վերաբացել ընդհանուր սահմանը, ինչը սակայն չհաջողվեց, քանի որ Էրդողանը ստիպված եղավ ընդառաջել Ադրբեջանի ճնշմանը եւ հետ կանգնել պայմանավորվածություններից։

Այդուամենայնիվ, Այդինթասբասը պնդում է, որ Ադրբեջանն այլեւս խոչընդոտ չէ։ Ըստ Ալ-Մոնիթոր-ի (Al-Monitor)՝ մի հայ անանուն բարձրաստիճան դիվանագետ պնդում է, որ թուրքական նախաձեռնությունները կապված են նախագահ Ջո Բայդենի խոստման հետ՝ միանալ այն ազգերի աճող թվին, որոնք պաշտոնապես ճանաչել են 1915 թվականի` ավելի քան մեկ միլիոն օսմանյան հայերի զանգվածային սպանությունը որպես ցեղասպանություն։

Բոլորին է հայտնի է Արևմուտքի անտարբերությունը 1894 թվականից մինչև 1915 թվականը Օսմանյան Թուրքիայի կողմից իր հայ խաղաղ բնակիչների նկատմամբ իրագործված թուրքական հավաքական պետական բռնությունների նկատմամբ։ Ավելի քիչ հայտնի է միաժամանակ եւ հաճախ նույն վայրերում ասորի բնակչության դեմ իրագործված ցեղասպանությունը։ Նմանապես, 1912-1923 թվականների ընթացքում Թուրքիան բազմիցս կոտորել է Փոքր Ասիայի և Պոնտոսի հույներին, իսկ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր՝ նաեւ իր քուրդ քաղաքացիներին: Թուրքիայի՝ հրեա փոքրամասնության եւ մի շարք այլ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների դեմ հետապնդումները եւս լավ փաստագրված են, որոնք դեռեւս շարունակվում են քրդերի դեմ եւ ոչ միայն Թուրքիայի տարածքում, այլեւ դրա սահմաններից դուրս՝ Սիրիայում եւ Իրաքում։

Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության լիակատար ճանաչումը կարեւոր է ոչ միայն բռնապետություններով շրջապատված երկրին աջակցություն ցուցաբերելու առումով․ դա նաեւ ԱՄՆ-ի նկատմամբ վստահության խնդիր է։ 1915 թվականին ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն էր, ով զգուշացնում էր ամերիկյան կառավարությանը հայերին «ռասայական ոչնչացման ենթարկելու» թուրքական ծրագրի մասին։

2019 թվականին Կոնգրեսի երկու պալատները ճնշող մեծամասնությամբ հաստատեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերը (783 և 780)։ Սենատի ամփոփումը հետեւյալն է՝

«Սենատը կարծում է, որ սա Միացյալ Նահանգների քաղաքականությունն է՝

  1. նշել Հայոց ցեղասպանությունը պաշտոնական ճանաչմամբ եւ հիշատակությամբ
  2. մերժել ցանկացած ջանք ներգրավվելու Միացյալ Նահագների կառավարությանը Հայոց ցեղասպանության կամ որեւէ այլ ցեղասպանության ժխտմանն ուղղված նախաձեռնություններում եւ
  3. նպաստել Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ կրթության կազմակերպմանը եւ հանրային ըմբռնման բարձրացմանը, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների դերը մարդասիրական օգնություն տրամադրելուն ուղղված ջանքերին և Հայոց ցեղասպանության արդիականությունը որպես մարդկության դեմ ժամանակակից ոճիրների համար փաստ ներկայացնելու գործին»։

Թերևս ամենակարևորն այն է, որ ԱՄՆ-ն չպետք է Թուրքիային հնարավորություն տա ազատորեն շարունակելու իր ժխտողականությունը, քանզի այն ծառայելու է միայն նրան, որ այն կխրախուսի Թուրքիային և ցեղասպանություն իրագործող այլ ոճրագործներին ապագայում եւս իրականացնելու զանգվածային բռնություններ, ինչպես անում է Թուրքիան քրդերի դեմ (ոչ միայն Թուրքիայում, այլ նրա սահմաններից դուրս, իսկ վերջերս` Արցախում իրագործելով հայերի էթնիկ զտումներ): ԱՄՆ-ն ավելի ամուր դիրքերում կլինի նաեւ, երբ սանձի Չինաստանի նման երկրներին, որոնք խախտում են մարդու հիմնարար իրավունքները եւ զբաղվում են ցեղասպան քաղաքականությամբ:

Պրոֆեսոր Ռոջեր Սմիթ

Կանադայի Զորյան ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ, «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության» համահիմնադիր եւ նախկին նախագահ