Երկիրը էրգիր է դառնում

239

   Երբևէ պատկերացրածս ամենադաժան գործողություններից մեկը լքելն է: Լքելը և կորցրածի սոսկումով ետ նայելը: Լքելը պարտադրանքի ուժով, լքելն անպատճառ, լքելը պետական մակաբույծների խենթությունների վճռով: Անմեղ ռամիկի բաժանումը հողից: Սա անօրինակ դաժանություն է, որ ծնում է մեն-միայն եղերերգ…

     Հիմա, մեր օրերում, մեր աչքի առաջ տեղի ունեցավ դարակազմիկ մի ոճիր: Հրահրվեց սաստիկ պատերազմ, պատերազմ, որի մասին ամբողջ կյանքում մայթերով քայլած երիտ այրերը գաղափար էլ չունեին: Հետո սկսվեց և դեռ ընթանում է հաշտեցման ագիտացիան թշնամու հետ, ներձույլ կեցությունը թուրքի հետ, և մոռացումի մամլիչներով անցյալի ճզմումը. կարծես երբեք այդ հողակտորը մերը չի էլ եղել, և այնտեղ բացառապես սելջուկների որթերն են գցված, նույնիսկ ցորեններից միայն մուսուլմանական լոշիկ է խմորվում…

     Մեզ ենթարկում են տեղեկատվական, ագիտացիոն ցածրաբարո խոշտանգման. մեր երբեմնի երկիրը մեր աչքերին դառնում է կորուսյալ մի Էրգիր՝ հայրենիք, որով մենք՝ այնտեղ չապրածներս հրապուրվում ու թովչանում ենք սոսկ նկարներով ու գրքերով: Մեր երկիրը «զոռով» դարձնում են Էրգիր անհայրենիք լամուկների քաղաքական դասակները, որոնց կողմնորոշումն է հենց ինքը՝ «հակա»-ն: Նրանք «հակա» են ամենայն ինչում, որոնց ակունքներում ազգային սածիլներ կան…

  « …Թող որ ողբամ քեզ, իմ միամի՜տ երկիր, որ այս էլ քանի անգամ երասանդ տալիս ես անհայտ ծագմամբ լամուկներին իբրև «Ա ու Բ» տարբերողների, և որոնք խրում են կառքդ մինչև թամբ խորտակումի ճահիճներում, ուր չկա փրկություն բակտերիային անգամ…

     Թող որ ողբամ քո դյուրավառ երազները, իմ երկիր, որ խանդավառ կապում ես այս էլ քանի անգամ անբաշար ու արկածախնդիր կարճմիտ «ջահելներիդ» հետ, ու որոնց, տալով փողկապ, վերակացու ես կարգում պարանոցիդ…

     Թող որ ողբամ քեզ, արդեն 21-րդ դարի հա՜յ, որ օրվա կարճության մեջ անդադար խաբվում ես երեխայի պես, ու քարկտիկի տձև քարերի պես հրմշտվում աջ ու ձախ՝ քո իսկ լամուկների հորդորներին անսալով…

    Հայաստա՜ն, թող որ ողբամ քո բախտը՝ հանճարեղին հասու ողբերգությունդ, ու քո ողնաշարը, որ քաղցր բամբակի նման հալվում է քո իսկ ծնած լակոտների քիմքերում… կաթիլ-կաթիլ, կտոր-կտոր բզկտվում ես ու կադր-կադր դառնում հիշողություն, անցյալ ու կորուսյալ հայրենիք…   

    Հեյ վա՜խ, Հայաստա՜ն, հեյ վա՜խ հա՛յ, որ հանդուրժում ես քո ծնած ահրիմաններին, որոնք լղարիկ ու մատղաշ թաթիկներով բռնել են պատառաքաղն ու հրամմում են քո աղանդեր սահմանները աջ ու ձախ…»:

   Իշխանական սուտը, որ արդեն քիմիական արտանետման պես աղավաղում է մեր օդը, հային վազեցնում է այսուայն կողմ՝ գնդակախաղով «կոտորվող» մանկան նման: Եվ, դեռ կան մարդիկ, ովքեր երեխայի երջանկությամբ հավատում են ստերին ու մեկնվում դեպի իշխանական գույնզգույն «գնդակը»:  

   Սոսկալի է, երբ տեսնում ես, թե ինչպես է մանիպուլացվում մի ամբողջ հասարակություն, մի գերակա զանգված, ու դիտավորյալ մղվում է դեպի քա՜ղցր սուտը, դեպի էյֆորիկ թմբիրը, միայն թե իրենց իլուզիան չավարտվի, միայն թե չգա անհաճույք սթափությունը:

   Հ.Գ. Արդեն ակնառու են իմքայլական կեղծիքից գերդոզավորված հայեր, որոնք մեր դունչը՝ մեր երկրի մի մարմնամասը, հավատում են, թե հարևան պետության ազդրն է եղել և կա: Ուրեմն, կեցցե նիկոլական ցնորքը, որ ցերեկվա երազի նման պատեց այս խեղճուկրակ պտղունցաչափ ժողովրդին, որ կեսօրին նույնիսկ քնի բթության մեջ է…