Առաջիկա ընտրություններում պայքարը գնալու է երկու թեկնածուի միջեւ. ընդդիմադիր ուժերը պետք է կոնսոլիդացվեն. վերլուծաբան

122

Առաջիկա ընտրությունը լինելու է երկու թեկնածուի միջև. մի կողմից դա լինելու է Անկարայի և Բաքվի, մյուս կողմից ՝ ՀՀ-ի թեկնածուն։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց վերլուծաբան Էլինար Վարդանյանը։

Վերջինս մնում է այն տեսակետին, որ իշխանություններին օր առաջ հեռացնելու համար պետք է գործադրվեն բոլոր ջանքերը, քանի որ միայն նրանց հեռացումը կարող է ապահովել արժանապատիվ խաղաղություն։ Վերլուծաբանը վստահ է, որ իշխանությունները պատրաստ են օգտագործելու ընտրակեղծարարության հնարավոր բոլոր մեխանիզմները. «Արդեն սկսել են կիրառել դրանք՝ սկսած նրանից, որ դեռևս սահմանադրական ընթացակարգով չհայտարարված ընտրության պարագայում խոսում են շտաբի ձևավորման մասին։ Խոսակցություններ եղան նաև այն մասին, թե ովքեր են ընդգրկվելու այդ շտաբում, ինչը վկայում է այն մասին, որ տոտալ ընտրակեղծիքների մեխանիզմների ճանապարհով են գնում։ Մյուս կողմից էլ տեսնում ենք, որ իշխանությունն ի դեմս վարչապետի, չհայտարարված ընտրությունների պարագայում սկսել է քարոզարշավը։

Որքան էլ փորձեն այդ հանդիպումները ներկայացնել որպես քաղաքացիների խնդիրները վերհանելու հանդիպում, տեսնում ենք, որ այն իր մեջ կրում է նախընտրական քարոզչության թաքնված տարրեր։ Նախկինում այսպիսի իրադարձությունների պարագայում իրենց իսկ ղեկավարած թերթերը վայնասում էին դնում, այսօր դա անտեսվում է»,-նշեց Էլինար Վարդանյանը՝ հավելելով, որ միամտություն կլինի մտածել այն մասին, որ ընտրությունները չեն կեղծվելու։

Վերլուծաբանը նկատեց՝ ընդդիմության առաջին օրակարգային հարցը պետք է այն լինի, որ ստեղծվեն այդ ընտրակեղծիքները կանխելու մեխանիզմներ, միջոցառումների ծրագրեր, որոնք կխոչընդոտեն այդ գործընթացին։

Հարցին՝ արդյոք կարծում է, որ ընդդիմության կողմից բոյկոտելը և ընտրություններին չմասնակցելը ճիշտ չի լինի, Էլինար Վարդանյանն ասաց. «Խնդիրը նրանում է կայանում, որ ընտրությունների գնալն ընդդիմության պարտադրած օրակարգն էր։ Լավ, թե վատ, բայց ընդդիմության գործողությունների արդյունքում է, որ առաջիկայում նշանակվելու են արտահերթ ընտրություններ։ Եղել են տեսակետներ, որ միգուցե ընտրություններին մասնակցելը ճիշտ չէ, դա առանձին քննարկման առարկա է և պետք է ճիշտ ծանրութեթև արվեն դրանց հետևանքները։ Մյուս կողմից եթե որևէ պահի հայտարարվի արտահերթ ընտրությունների մասին, ապա չենք կարող անտեսել այն իրականությունը, որը գոյություն է ունենալու»,-նշեց վերլուծաբանը։

Էլինար Վարդանյանը գտնում է, որ բոլոր ընտրական ուժերը պետք է միավորվեն իշխանություններին հեռացնելու գաղափարի շուրջ։ Ե՛վ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ընդդիմության մոտ լայն կոնսոլիդացիա պետք է լինի և գործողությունների հստակ ծրագիր, այդ թվում վերահսկողական լուրջ մեխանիզմներ. «Իրականում այս պահին մեկ խնդիր ունենք՝ առաջիկա ընտրությունը լինելու է երկու թեկնածուի միջև ընտրություն. մի կողմից դա լինելու է Անկարայի և Բաքվի թեկնածուն, մյուս կողմից լինելու է ՀՀ թեկնածուն։

Այսինքն` երկու թեկնածուի միջև ընտրելու հնարավորություն ունենք, հետևաբար ընդդիմադիր ուժերը պետք է կոնսոլիդացվեն հենց դրա դեմ, որպեսզի ձախողեն Բաքվի և Անկարայի քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում»,-ասաց Էլինար Վարդանյանը։

Աղբյուր` Փաստինֆո