Փոխվարչապետի ընկերոջ եւ նախկին նախարարի բարեկամն ու նրա ընկերները՝ մեկ ՊՈԱԿ–ում. hetq.am

97

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերները եւ նրանց ընկերներն ու բարեկամները 2020 թ.-ից աշխատանքի են անցել «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում։ Ավինյանի ընկերը նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ ամուսինն է։ Այս մասին գրում է hetq.am–ը։

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակի» իրավահաջորդն է։ Վերջինս էլ «Հյուսիս-հարավ  ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդն է։

«Հետք»-ի Կառավարության աղբյուրը տեղեկացրել է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերներն ու նրանց ընկերները տարբեր պաշտոնների են նշանակվել «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում։ Տեղեկությունները ստուգելու նպատակով մի շարք հարցումներ է կայքը  հղել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին եւ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանին։

Երեք ամիս տեւած նամակագրությունից հետո էական նշանակություն ունեցող տեղեկություններ այդպես էլ հնարավոր չի եղել ստանալ ո՛չ Սուրեն Պապիկյանից, ո՛չ Ստեփան Մաչյանից։ Ստեփան Մաչյանը նույնիսկ հրաժարվել է իր կենսագրականի վերաբերյալ տեղեկություններ հայտնել։

Այդուհանդերձ hetq.am–ը ներկայացրել է, թե ովքեր են 2020 թ.-ի երկրորդ կեսին հայտնվել «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում։

Ստեփան Մաչյանը ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նախորդ տարվա օգոստոսի 17-ին։ Մաչյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ նրա նախկին խորհրդական Դավիթ Մանուկյանի ընկերն է։ Բացի այդ՝ Ստեփան Մաչյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին (2019-2020 թթ.) նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ ամուսինն է։ Երկու հարցմամբ կայքը դիմել է Մաչյանին՝ խնդրելով տրամադրել, ի թիվս այլ աշխատակիցների, նաեւ իր կենսագրականը։ Մաչյանը երկու անգամ էլ մերժել է  տեղեկատվություն տրամադրելու hetq.am–ի հարցումները՝ անձնական տվյալների պաշտպանության պատրվակով։ Ստեփան Մաչյանը ՊՈԱԿ-ում աշխատանքի անցնելուց առաջ զբաղեցնում էր Զարուհի Բաթոյանի հասարակական հիմունքներով խորհրդականի, ապա նույն նախարարությունում՝ վարչության պետի պաշտոնները, որոշ ժամանակ էլ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար էր։ Մաչյանի կենսագրության վերաբերյալ այնքան հրապարակումներ կան բաց աղբյուրներում, որ տարակուսելի են կենսագրականը չտրամադրելու պատճառաբանությունները։

Վահագն Ստեփանյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալն է։ Սուրեն Պապիկյանին ուղղված hetq.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան տրամադրված հաստիքացուցակում Վահագն Ստեփանյանի տվյալները բացակայել են։  Մինչդեռ ՊՈԱԿ-ի կայքում Ստեփանյանը ներկայացված է որպես գլխավոր տնօրենի տեղակալ։ Այդ պաշտոնում նա նշանակվել է 2020 թ.-ի հոկտեմբերի 26-ին։ 20201 թ.-ի մարտ ամսին ՊՈԱԿ-ի կայքում Վահագն Ստեփանյանի պաշտոնը նշվել է «Ծրագերի կառավարման դեպարտամենտի պետ»։

Վահագն Ստեփանյանը Ստեփան Մաչյանի մանկության ընկերն է։ Նա էլ է հրաժարվել իր կենսագրությունը կայքին տրամադրել։ Զարմանալի կլիներ, որ Վահագն Ստեփանյանը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում աշխատած չլիներ։ 2019 թ.-ին նա համակարգել է նախարարության սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրերը։ Հետագայում հետեւելով Ստեփան Մաչյանի օրինակին՝ տեփափոխվել է ՊՈԱԿ։

Նարեկ Մկրտչյանը  «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնում է նշանակվել 2020 թվականի հոկտեմբերի 12-ին։ Մկրտչյանը եւս Մաչյանի ընկերն է։ Ինչպես Վահագն Ստեփանյանի այնպես էլ այս դեպքում Նարեկ Մկրտչյանի պաշտոնը փոխվել է մարտ ամսին։ Ըստ ՊՈԱԿ-ի կայքի՝ նա Ադմինիստրատիվ ծառայության ղեկավար է։

Ստեփան Մաչյանի ընկերներից բացի՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում պաշտոն է ստացել նաեւ նրա կնոջ եղբոր կինը՝ Իզաբելլա Մուրադյանը։

Վերջինս Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավարի պաշտոնում է նշանակվել 2020 թ.-ի նոյեմբերի 14-ին։ Մինչ ՊՈԱԿ-ում աշխատանքի անցնելն Իզաբելլա Մուրադյանը զբաղեցնում էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի խորհրդականի պաշտոնը։ Թե ինչպե՞ս է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտից հետո Բագրատաշենի կամրջի շինարարության ծրագիրը ղեկավարում Իզաբելլա Մուրադյանը, գիտի միայն Ստեփան Մաչյանը։

Բացի հաստիքային աշխատակիցներից ՊՈԱԿ-ում եղել են նաեւ արտահաստիքային աշխատանքներ կատարողներ։ 2020 թ.-ի դեկտեմբերի 4-ից մինչեւ 2021 թ.-ի փետրվարի 2-ը ՊՈԱԿ-ը քաղաքացիաիրավական պայմանագիր է կնքել

Լիլիթ Ասկարյանի հետ։ Նա օժանդակել է ՊՈԱԿ-ի փաստաթղթերը պահպանելուն, հետեւել է նամակներին ժամանակին արձագանքելուն, կատարել է փաստաթղթերի պատճենահանում, օգնել է գլխավոր տնօրենի օգնականին, համակարգել է «Մալբրի» համակարգի փաստաթղթաշրջանառությունը։ Լիլիթ Ասկարյանը ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանի եղբոր՝ Արտավազդ Մաչյանի գործընկերոջ կինն է։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին hetq.am–ը խնդրել էր,  որ տրամադրի ՊՈԱԿ-ի հաստիքների համար վերջին 6 ամիսներին վճարված աշխատավարձերի, պարգեւավճարների եւ աշխատավարձին հավասարեցված այլ վճարների մասին տեղեկություններ։ Սուրեն Պապիկյանի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը տրամադրել է յուրաքանչյուր ամսվա համար ընդհանուր թիվ։ Դրանից պարզ չի դառնում, թե կոնկրետ վերը նշված անձինք յուրաքանչյուր ամիս որքան գումար են ստացել պետական ոչ առեւտրային կազմակերպությունից։

Բաց է մնում այն հարցը, թե մասնագիտական ինչ փորձառություն ունեն այս անձինք, որոնց վստահվել են Հայաստանի ճանապարհաշինական գլխավոր ծրագրերը համակարգող ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնները։