Սյունիքում ադրբեջանցիներն անընդհատ փորձում են առաջանալ. Նրանց դեմ պայքարում են համայնքի ղեկավարները. Վահե Հակոբյան

79

Ադրբեջանցիները Սյունիքում անընդհատ առաջանալու փորձեր են անում։ Ռուսներն են աշխատում նրանց դիմացն առնել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

Նրա խոսքով ներկայիս իշխանությունները երկիրը տանում են թրքացման, ինչի մասին փաստում է նրանց համակարգված աշխատանքը. «Կա 6 քայլից բաղկացած «Օվերտոնի պատուհան» անունով հայտնի գործողություն, որի ժամանակ հնարավոր է ցանկացած միտք սերմանել մարդու ուղեղում։ Հիմա նույնկերպ թուրքերի հետ հաշտեցման գաղափարն են սերմանում։ Կարծում եմ՝ հասել են առաջին կամ երկրորդ քայլին, դեռ կարելի է ամեն ինչ կանգնացնել և ճիշտ ուղու վրա դնել։ Կարևոր է, որ ապրիլի 24-ին աննախադեպ շատ մարդ գնա Ծիծեռնակաբերդ»,-ասաց Վահե Հակոբյանը։

Անդրադառնալով Սյունիքում առկա անվտանգային իրավիճակին՝ Վահե Հակոբյանը նկատեց, որ եթե իշխանությունները շարունակեն այս հանցավոր անգործությունը, ապա կշատանան Շուռնուխում տեղի ունեցածին նմանվող դեպքերը, երբ ադրբեջանցիները գյուղացու կովերը քշեցին իրենց տարածք. «Հետո կգան կասեն՝ սա ձեր հողը չէ, որոշել ենք մեր դրոշը դնել։ Քանի որ հայկական կողմից որևէ հակազդող ուժ, մարդ չկա, ինչ կուզեն, կանեն»,-նշեց Վահե Հակոբյանը։

Վերջինս հավելեց՝ այսօր ադրբեջանցիների դեմ պայքարում են համայնքի ղեկավարները։ Ցերեկը նրանք ղեկավարում են իրենց քաղաքները, իսկ երեկոյան խրամատում հրամանատար են, իսկ պետության կողմից ոչ մի քայլ չկա. «Այս վերջերս Շուռնուխ-Որոտան հատվածում բուլդոզեր էր անցել ու որոշել կանգնել մեր կողմում։ Հայկական կողմից ոչ մի ներկայացուցիչ չէր եղել, Ռուսաստանի սահմանապահ զորքերն էին գնացել այդ բուլդոզերը հետ ուղարկել։

Անընդհատ նման բաներ անում են։ Բացի այդ մեր անասուններն անցնում են իրենց մոտ, վերահսկել չի լինում։ Երբ մարդիկ գնում են իրենց անասունի հետևից, սպառնում են, որ եթե մի հատ էլ գնան այնտեղ, կխփեն։ Անընդհատ նման խնդիրներ են առաջանում, և համայնքապետերն են այդ հարցերը լուծում։ Բայց չէ՞ որ դա պետական սահման է»,-ասաց Վահե Հակոբյանը։

Աղբյուր` Փաստինֆո