Պարզվեց, որ ամբողջ պատերազմի ընթացքում ոչ մի հաջող գործողություն չի եղել, եղել է ձախողումը ձախողման հետևից․ Ռոբերտ Քոչարյան

89

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներին հարցազրույց է տվել, որում անդրադարձել է նաև Ղարաբաղյան վերջին պատերազմին:

«Պատերազմը տևել է 44 օր: Պատերազմի առաջին իսկ օրը ռազմական դրություն է հայտարարվել և լիակատար հսկողություն է սահմանվել ամբողջ մեդիա դաշտի, այդ թվում` սոցցանցերի նկատմամբ: Եվ 44 օր մարդկանց գլուխն արդուկում էին, ասելով, որ մենք հաղթում ենք: Այսինքն՝ շոկը հենց դրանից էր: Բոլորի գլուխն արդուկում էին, որ մենք հաղթում ենք, առաջ ենք շարժվում այլ բնակավայրերի ուղղությամբ: Բայց ես գիտեի՝ ինչ է տեղի ունենում, տեղեկացված մարդիկ գիտեին, թե ինչ է տեղի ունենում»,- ասել է նա:

ՀՀ երկրորդ նախագահը նշել է, որ «բնակչությանը այնպես էին լակոտի տեղ դրել, որ այդ ստորագրված հայտարարությունը շատերի համար Հայաստանում շոկ դարձավ»:

«Ինչպե ՞ս այդպես ստացվեց: Հարձակվում էինք, առաջ էինք գնում: Պարզվեց, որ ամբողջ պատերազմի ընթացքում ոչ մի հաջող գործողություն չի եղել, եղել է ձախողումը ձախողման հետևից»,- ասել է Քոչարյանը:

Երկրորդ նախագահը նաև ասել է, որ Հայաստանում այսօր առաջին լրջագույն խնդիրն է՝ հետ-պատերազմական իրավիճակը: 

Հարցին` երկրի կառավարմանը ներգրավված չլինելով, արդյոք ակնկալո՞ւմ էր, որ կարող է նման պատերազմ լինել, Քոչարյանը պատասխանել է. «Անխոս, ավելին ասեմ, ես այդ մասին բազմիցս եւ հրապարակավ նախազգուշացրել եմ: Մամուլի միջոցով զգուշացրել եմ՝ ե՛վ հանրությանը, ե՛վ կառավարությանը: Բանն այն է, որ գրեթե բոլոր փորձագետներն ասում էին` այն քաղաքականությունը, որ վարվում էր Հայաստանում, անխուսափելիորեն կհանգեցնի պատերազմի»:

Քոչարյանի կարծիքով` Հայաստանի գործող վարչապետ Փաշինյանն անձնական պատասխանատվություն է կրում այն ամենում, ինչ կատարվել է: «Մենք Ադրբեջանի հետ երկար տարիներ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտություն ունենք՝ պատերազմ, շփման գծեր, դեմ դիմաց կանգնած բանակներ, փոխհրաձգություններ, այսինքն` գործընթաց, որ ինչ-որ որոշում էր ենթադրում:

Վերջին տարիներին իշխանությունը բանակցային գործընթացը փակուղի է տարել, ընդ որում` փակուղին ստեղծվել է հայկական կողմի նախաձեռնությամբ, իսկ այնտեղ, որտեղ ավարտվում են բանակցությունները, սկսվում է պատերազմը: Գիտակցումը, որ մենք արդեն մտել ենք ռիսկային փուլ, եւ հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսում, ուղղակի ակնհայտ էր»,- նշել է Քոչարյանը, ապա խոսել բանակցային գործընթացից։

Հիշեցնելով բանակցային նախկին գործընթացը՝ Քոչարյանը շեշտել է, որ «Հայկական կողմը նոր պահանջներ էր ներկայացրել՝ «սկսենք նոր կետից, մոռանանք այն, ինչ եղել է մեզնից առաջ», հետո գնաց բանաձեւ` «առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության որեւիցե բանակցություն չի կարող լինել», հետո «Արցախը Հայաստան է, եւ վերջ»:

Այսինքն՝ շատ կարճ ժամանակահատվածում նոր կանխադրույթներով ստեղծվել էր տպավորություն, որ հայկական կողմը բանակցություններից հեռանում է»,- ասել է Քոչարյանը, նկատելով՝ գործող իշխանությունները չեն հասկացել, որ սադրում են, այդ ամենը պատասխանատու, դժվար բանակցություններից հեռանալու պարզունակ մեթոդ էր, փախուստ: