Պատմական հիշողության արժեքային գերակայությունը անվտանգության ապահովման համատեքստում

335

azgonline.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել պրոֆեսոր, քաղաքական գիտություների դոկտոր, արդի տեսական քաղաքագիտության լավագույն մասնագետներից մեկի Մարիամ Մարգարյանի դասախոսությունների շարքը, –

Հայաստանի Հանրապետության քաղաքական գործընթացների բոլոր դերակատարների համար… Օգտակար է իմանալ… Առցանց դասախոսության նյութ

Քաղաքական գիտության արդի զարգացումներում արդեն զգալի տեղ է գրավում պոստմոդեռնիստական սպառողական հասարակության քննադատությունը: Դա ակնհայտ է, քանի որ այսօր գրեթե չի հիշատակվում միաբևեռ աշխարհակարգը, այլ քննարկվում է նոր աշխարհակարգի կայացման քաղաքական փիլիսոփայությունը իր ուժային բևեռներով: Պոստմոդեռնի սպառողական հասարակության անհատապաշտությանը եկել է լրացնելու, և ինչ-որ չափով հակադրվելու անցյալ – ներկա – ապագա եռաչափության մեջ անցյալի գործոնի վերարժևորումը պատմական հիշողության համատեքստում:

   Ի սկզբանե նշենք, որ պատմական հիշողությունը չի մերժվում, ընդհակառակը, դիտարկվում է որպես ազգային պետական և հանրային անվտանգության ապահովման առանցքային բաղադրիչ, որի հիմքի վրա կարող են համախմբվել անհատները, հասարակություններն ու ազգերը՝ արժևորելով ոգեղենականությունը, հրաժարվել բացարձակ նյութապաշտությունից: Հենց ազգն է, որ ստեղծում է ընդհանուր տարածականություն, որը ներծծված է մակրոքաղաքական ինքնությամբ:

      Պատմական հիշողությունը անհրաժեշտ նախադրյալ է և գործիք ազգային համախմբման համար: Սակայն մակրոքաղաքական ինքնությունը և այդ ինքնության շրջանակներում կայուն զարգացումը ու համախմբումը պետք է հիմնված լինեն պատմական հիշողության վրա, ինչը հնարավորություն է տալիս քաղաքակրթել ազգային կապիտալը, լեգիտիմացնել քաղաքական և տնտեսական իշխանությունը:

     Պատմական հիշողությունը այն հանրույթների մակրոքասղաքական ինքնության անքակտելի մասն է, որոնց համախմբման և ինքնագիտակցության մակարդակը , ինչպես նաև պետության հետ ունեցած կապը թույլ է տալիս դիտարկել որպես քաղաքական ազգեր: Ասվածի համատեքստում կարևորվում է ինստիտուցիոնալացված ծագումնաբանական անվտանգությունը, որի հիմքը «ՄԵՆՔ» -ն է: Ըստ էության այստեղ նկատի ունենք այն, որ սոցիալական դերակատարները իրենց էմոցիոնալ, զգայական, ճանաչողական և իմացաբանական մակարդակները միավորում են հանուն անվտանգ և մրցունակ գոյաբանության:

    Միաժամանակ ծագումնաբանական անվտանգությունը հնարավորություն է տալիս հաղթահարել գոյաբանական վախերը և սպառնալիքները, աշխարհաքաղաքական անորոշությունները դիտարկել որպես ռազմաքաղաքական զարգացման, այլ ոչ թե պատրանքային խաղաղության գրավական:

    Պատմական հիշոսղության համատեքստում անվտանգության ապահովման էությունն ու բնույթը դիտարկենք խաղերի տեսության շրջանակներում: Պայմանականորեն պետությունները բաժանենք A և B-ի, իսկ իրենց միջև փոխհարաբերությունները դիտարկենք զրոյական գումարով խաղի տեսքով, այսինքն այն իրավիճակը, որը առկա է ադրբեջանաթուրքական ագրեսիայից հետո: Եթե  A պետությունը հաղթել է, իսկ B պետությունը պարտվել, ապա ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ կամ B պետությունը նվազեցնում է իր անվտանգության ապահովման երաշխիքները և նույնիսկ պարտությունից հետո զիջումների է գնում՝ անտեսելով իր պատմական հիշողությունը և գոյաբանական հիմնախնդիրները: Երկրորդ սցենարով B պետությունը պարտությունից իրականցնում է ոչ պատվիրակված, գիտավերլուծական SWOT վերլուծություն ոչ միայն իր, այլև A պետության համար: Ստացված վերլուծական արդյունքների հիման վրա  B պետությունը քայլեր է ձեռնարկում սեփական անվտանգությունը բազմակողմանի ապահովելու ուղղությամբ, ինչը A պետության կողմից ընկալվում է որպես սպառնալիք, բայց դա B պետությանը չպետք է վախեցնի, քանի որ  հոսող արդիության մեջ զրոյական խաղի պայմաներում հակամարտության էսկալացիայի հավանականությունը ցանցկացած դեպքում մեծանում է:

     Միջազգային հարաբերությունների պատմականության փորձը ցույց է տալիս, որ զրոյական խաղը հիմնականում «թակարդ» է և նույնիսկ պատրանքային խաղաղության ապահովման ձգտումը ուժային բևեռների կողմից շահարկվում է B պետության պատմական հիշողությունը տարրալուծելու համար:

   B պետությունը քաղաքական իրականության և ժամանակի մեջ պարտվողականությունը հաղթահարելու համար ունի երկու ճանապարհ…Նախ՝ ինքնակազմակերպվել և ինքնաիրացվել՝ օբյեկտիվորեն վերլուծելով իր սխալները: Երկրորդ՝ ապագայի նկատմամբ կերտել ուտոպիստական տեսլական ոչ թե զրոյական խաղի տրամաբանության ծիրում՝ A պետության դերում հայտնվելու համար, այլ բնականոն արդիականացնելով իր ինքնությունը, նորարարական մտածողություն զարգացնի երիտասարդության շրջանում՝ սահմանելով հայենիք/ պետություն – երիտասարդություն փոխհարաբերությունները գլոբալ ու գլոկալ մակարդակներում:

         Հ. Գ.  Այն աշխարհը, որը կորցրել է իր սթափության սկզբունքը, անարխիկ երևույթների աշխարհը, է և չի համապատասխանում  անվտանգւթյան ծագումնաբանության ապահովման իսկությանը / Կլոդ Լևի Ստրոս/:

Կտավ՝ Հիերոնիմոս Բոսխ «Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը»