Նոր Նորքում ծեծի հետեւանքով մահացած տարեց քաղաքացու գործով կա մեղադրյալ. Ռուբեն Մելիքյան

65

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Հենց նոր տեղեկացա, որ Նոր Նորքում 80-ամյա Ավետիք պապիկի բռնի մահվան կապակցությամբ արդեն կա որպես մեղադրյալ ներգրավված անձ։ Մեղադրանքը «առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելն է, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ» (ՀՀ Քրօր. 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետ՝ 5-10 տարի ազատազրկման հեռանկարով): Որպես խափանման միջոց է ընտրված գրավը։

Տուժողի ընտանիքին բացատրել եմ, որ խափանման միջոց կալանքը ծայրահեղ միջոց է, եւ այն կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ մյուս խափանման միջոցները ունակ չեն ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Այդ առումով՝ մեղադրյալի նկատմամբ կիրառված գրավը թերեւս պետք է համարել իրավաչափ՝ քանի դեռ մեղադրյալը նորմալ վարքագիծ է դրսեւորում։

Այսօր ավելի վաղ լայվով նշել էի. ունեմ հիմքեր պնդելու, որ նախաքննությունը լինելու է բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ։ Այդ լավատեսությունս կարծեք թե հաստատվում է։

Շարունակելու եմ հետեւել վարույթին եւ հարկ եղած դեպքում իրազեկել հանրությանը»։