Նախկինում ուսանողական վարձավճարներից ԱԱՀ չէր գանձվում, հիմա գանձվելու է, իսկ դա նշանակում է, որ բուհերը մեխանիկորեն պետք է բարձրացնեն ուսման վարձերը. Կրթության փորձագետ

58

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով, որն Ազգային ժողովն ընդունեց մարտի 24-ին, կատարվել են մի շարք փոփոխություններ: Օրինակ՝ այն, որ դիմորդը հնարավորություն կստանա միաժամանակ սովորել մեկից ավելի բուհում, ընդունելությունից երկու տարի առաջ տեղեկանալ, թե որ առարկաներից պետք է քննություն հանձնի:

Այս ամենի հետ մեկտեղ, որոշակի փոփոխություններ կլինեն պետական ֆինանսավորման ձևերի մասով: Եթե նախկինում պետության կողմից հատկացվում էին անվճար ու վճարովի տեղեր, ապա նոր օրենքի կարգավորումներով կստեղծվի նոր կրթաթոշակային համակարգ:

Ուսման վարձի փոխհատուցումը կիրականացվի 3 ձևով. պետական կրթաթոշակով, որը տրվելու է ուսանողին՝ բարձր առաջադիմության և ուսումնական հաջողությունների համար, ուսանողական նպաստով, որը տրվելու է սոցիալական խոցելի խմբերին՝ անկախ նրա կրթական ցուցանիշներից, ինչպես նաև ուսանողական ֆինանսական խրախուսումով, որն ուսուցման հետ կապված այլ ծախսերի կամ ակադեմիական և հետազոտական ձեռքբերումների համար տրվելու է լավագույն ուսանողներին։ Նոր օրենքի համաձայն, ընդունելության ժամանակային փոփոխությունը վերաբերում է նրան, որ ուսումնական տարվանից առնվազն երկու տարի առաջ բուհերը հրապարակում են ընդունելության պահանջները, նշում այն առարկաները, որոնք պետք է հանձնեն դիմորդները բուհ ընդունվելու համար: 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ ցանկացած բուհում՝ լինի պետական կամ ոչ պետական, «Հայոց լեզու» առարկայի միասնական քննությունը կլինի պարտադիր:

168.am-ի հետ զրույցում Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը, խոսելով մեկից ավելի բուհում սովորելու հնարավորության մասին՝ ասաց.

«Դա տեսական հնարավորություն է, որը թույլ է տալիս նոր ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը: Այստեղ, իհարկե, խոսք չի գնում վարձերի մասին, որոնք առանց այդ էլ առաջիկայում պետք է ստիպված բարձրանան, որովհետև ավելացված արժեքի հարկը, որը նախկինում չէր գանձվում ուսանողական վարձավճարներից, հիմա սկսելու է գանձվել, իսկ դա նշանակում է, որ բուհերը մեխանիկորեն պետք է բարձրացնեն ուսման վարձերը, և լրացուցիչ դժվարություններ կառաջանան, առավել ևս, որ կրթությունն այն բնագավառն է, որ պետք է հավասարություն լինի: Պետք է հաշվի առնեն, թե ուսանողն ինչպիսի ընտանիքից է՝ հարո՞ւստ, թե՞ ոչ, իսկ փորձը ցույց է տալիս, որ ավելի վատ պայմաններում գտնվող ընտանիքների երեխաները միշտ ուսման առաջադիմության ավելի բարձր ցուցանիշներ են գրանցում, քան մյուսները, և պետք է կրթությունը, ինչքան հնարավոր է՝ լինի մատչելի, որպեսզի չկորցնենք այն տաղանդները, որ այսօր ունենք դպրոցներում և հատկապես՝ գյուղական բնակավայրերում»:

Կրթության փորձագետը նշեց՝ դրական է նաև այն, որ դիմորդը հնարավորություն կստանա միաժամանակ սովորել մեկից ավելի բուհում, ընդունելությունից երկու տարի առաջ տեղեկանալ, թե որ առարկաներից պետք է քննություն հանձնի:

«Ուսումնասիրել ենք Արևմտյան Եվրոպայի փորձը, որտեղ բուհերը նախապես իրենց ռազմավարությունը հայտարարում են, և այն դիմորդները, որոնք որ դիմելու են այդ բուհեր, անպայման չէ՝ դպրոցն ավարտեն, նոր դիմեն, նրանք ընթացքում արդեն դիմելու հնարավորություն են ունենում, ընդ որում՝ մեկից ավելի բուհեր: Հետո, միավորներ հավաքելուց նոր կկարողանան ընտրել, այսինքն, եթե բուհն առաջարկում է որակյալ կրթություն, և բուհի շրջանավարտները կարողանում են հեշտությամբ գտնել աշխատաշուկայում իրենց տեղը, բոլոր դիմորդները կձգտեն այդպիսի բուհեր գնալ և այդպիսի մասնագիտություններ ընտրել, ու նախապես կողմնորոշվելու համար, իհարկե, դա դրական է: Իսկ կիրառման առումով արդեն մտահոգություններ կան, որովհետև մեր ոչ կրթական համակարգը, ոչ էլ վարչական աշխատակազմը՝ և՛ բուհերում և՛ ԿԳՄՍՆ-ում, պատրաստ չեն, դրանք այս պահի դրությամբ ուղղակի գաղափարի մակարդակում են, հետևաբար՝ պետք է տեսնել՝ ինչ խնդիրներ կան, դրանք լուծել, ապա անցնել իրագործման»,- մանրամասնեց Ատոմ Մխիթարյանը:

168.am