Մինչ Ապրիլի 24-ը հայ ժողովրդին սպառնում է մի նոր ստորացում․ «Փաստ»

253

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բոլորովին կապ չունի, թե հասարակության քանի տոկոսն է ձվի գինն ավելի կարևոր համարում, քան Դադիվանքի կամ Շուշիի հոգևոր ժառանգության կորուստը։ Արդյունքը նույնն է՝ այդ մարդկանցից որևէ լուրջ ակնկալիք չի կարելի սպասել։ Պարզապես մեր բախտը կրկնակի չի բերել, որովհետև մի կողմից՝ հայրենիքի զգացում չունեցող, մյուս կողմից՝ մշտապես դիտորդ հանրային շերտերի պատճառով և օգնությամբ արդեն երեք տարում, վերջին վեց ամսում՝ առավել ևս, մեր երկրում հանրային և քաղաքական դիսկուրսը ծավալվում է գերազանցապես Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակ նետված ստերի շուրջ։ Զավեշտ է, բայց այդպես է։

Վերջին 3 տարում մեր երկրում որևէ լուրջ դիսկուրս չի եղել, որը կվերաբերեր, օրինակ՝ Հայաստանի ու Արցախի անվտանգությանը կամ տնտեսության զարգացմանը։ Փոխարենը հանրության մի ստվար հատված ապրում էր և ապրում է «կոպեկ առ կոպեկ», «գելն ու գելխեղդը», «վերջ թավիշին» և նման տխմարաբովանդակ օրակարգերով։

Սա է նաև պատճառը, որ ասում ենք, թե մենք արդեն իսկ կորցրել ենք մեր պետականությունը։ Ասվածը այս պահին ուղիղ իմաստով պետք չէ հասկանալ։ Ուղիղ իմաստով դա կարող է տեղի ունենալ աստիճանաբար, ոչ հեռու ապագայում, եթե հայ ժողովրդի մեջ՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, պետության կորստի հետ չհամակերպվող հատվածը չինքնակազմակերպվի։ Չգիտեմ, չեմ կարող ասել, թե ատամներով պետականությունից կառչած մարդիկ հասարակության քանի տոկոսն են կազմում, բայց, որպես պետականության գաղափարի կրող, նույնիսկ 15-20 տոկոսը բավարար է ազգային վերածննդի համար։

Պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ հատուկենտ անհատներով է նույնիսկ հնարավոր եղել ոչ միայն պետականությունը պահել, այլև ավելին՝ հաջողությունը ամրապնդել ու զարգացնել։ Ինչևէ։ Մշտապես ասել եմ, որ չի կարելի անընդհատ բողոքել, որ ժողովուրդը չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում, որ ամբողջությամբ կենցաղային է և այլն։ Հասկացանք, գիտենք, որ Նիկոլը զբաղված է ուրիշ գործերով, որ, այո՛, նրան ձեռք է տալիս, որ ժողովուրդը չհասկանա, թե ինչ է տեղի ունենում։

Իսկ մյուսնե՞րը՝ մտավորականները, քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, շատ թե քիչ հայտնի մարդիկ, նրանք հասկանո՞ւմ են։ Եթե հասկանում են, ուրեմն ժողովրդին կա՛մ չեն բացատրում, կա՛մ լավ չեն բացատրում։ Նաև այս շղթայի պատճառահետևանքային կապի արդյունքում տեղի ունեցավ պատերազմ՝ մի քանի անգամ մեծացած Եռաբլուրով, հայրենիքի մի մասի կորստով, պետականության կորստի սպառնալիքով, բայց հասարակության մի հատված իր անտարբերությամբ հանդուրժում է այս իշխանությանը, իսկ մի այլ զանգված ասում է՝ մեր վարչապետի թեկնածուն Նիկոլն է։

Տեսեք՝ սա մի աննախադեպ երևույթ է, որի խորքային պատճառները կարող են գիտական ուսումնասիրման առիթ դառնան։ Ձևացնել, թե իբր ամեն ինչ առաջվա պես է, գունավոր է ու ճիշտ, նշանակում է զուրկ լինել տարրական մարդկային, բարոյական և քաղաքական նկարագրից։ Մի շատ նուրբ հարց էլ կա, որի մասին ուղղակի չի լինում լռել։

Մենք ունենք բացակա ընտրողներ՝ զոհված լուսավոր տղերքը, հոգեպես մահացած նրանց ծնողներն ու հարազատները, տեղամաս գնալ չկարողացող հաշմանդամ դարձած հազարավոր երիտասարդները, բայց նրանց մահվան դատապարտածը և այս օրին հասցրածը պատրաստվում է ուրախ-զվարթ կազմակերպել ընտրություններ, ավելին՝ հաղթել այդ ընտրություններում։Ինչևէ, Նիկոլի բարոյական կերպարը քննարկելու իմաստ այլևս չկա, ամեն ինչ վաղուց պարզ է։ Մի հարց էլ ու վերջ։ Մինչ Ապրիլի 24-ը հայ ժողովրդին սպառնում է մի նոր ստորացում։

Նայեք և լսեք Փաշինյանի թիմակիցների՝ ԱԱԽ քարտուղար, ԱԺ փոխխոսնակ և այլն, վերջին օրերի թրքասիրության, քիրվայության բացահայտ քարոզչությունն ու դրսևորումները։ Ու ամեն ինչ պարզ և հստակ կդառնա: Եթե, իհարկե, ուզում ենք ընկալել ու հասկանալ…»։

«Փաստ»