Իշխանությունների անգործությունը. երկրի սոցիալ-տնտեսական միջավայրը շարունակում է բացասական ազդակներ փոխանցել․ «Փաստ»

58

«Փաստ» օրաթերթը գրում է․ << Տնտեսական առումով Հայաստանն այսօր շատ դժվարին օրեր է ապրում։ Չէ, շատ մեղմ արտահայտվեցինք. տնտեսագետներն ասում են՝ կոլապսի մեջ է մեր տնտեսությունը: Երկրի սոցիալ-տնտեսական միջավայրը շարունակում է բացասական ազդակներ փոխանցել, իսկ տարբեր ուղղություններով իրավիճակը ոչ միայն չի կայունանում, այլև շարունակում է բարդանալ։ Մի կողմից՝ անասելի գնաճն ու թանկացումները մեծ հարված են հասցնում բնակչության գրպանին, մյուս կողմից էլ՝ սահուն կերպով շարունակում է պահպանվել դրամի արժեզրկման դինամիկան։ Ու եթե այս գործոններին գումարվում է բիզնես միջավայրի վատթարացումն ու գործազրկության աճը, երկրի տնտեսության ապագայի նկատմամբ անվստահությունը, ապա իրավիճակը լիովին պարզ է դառնում։ Այդ է պատճառը, որ, առավել ևս պարտությունից հետո, համընդհանուր հիասթափությունը դարձել է հանրային մթնոլորտում տիրապետող հիմնական գործոնը, իսկ արտագաղթը նորից սկսել է թափ հավաքել։

Եթե այս միտումը մի քիչ երկար շարունակվի, ապա հեռու չէ այն օրը, երբ մեր երկիրը տոտալ կրախի մեջ կարող է հայտնվել։ Տարբեր փորձագետների գնահատմամբ, իրավիճակը կարող է հասնել նրան, որ ընդամենը 4-5 ամիս անց անգամ թոշակների ու աշխատավարձերի վճարման հետ կապված խնդիրների առաջ կանգնենք։ Իսկ հիմա այս պայմաններում տնտեսության կենսագործունեությունը իր հուն վերադարձնելու փոխարեն, մեր երկրի քաղաքական կյանքը շարժվում է դեպի արտահերթ ընտրություններ, որը տնտեսական զարգացման տեսանկյունից լրացուցիչ անորոշություններ է ստեղծում։ Եվ Փաշինյանի՝ նախընտրական արշավ հիշեցնող վերջին մարզային այցելությունները ցույց տվեցին, որ վերջինս նախընտրական փուլում հատուկ ուշադրություն է դարձնելու տնտեսության բարելավման մասին նոր խոստումներին, ինչը նույնն է, թե՝ հեքիաթներին։

Դժվար է ասել, մեր հանրությունը նորից կցանկանա՞ խաբվել այդ հեքիաթներից: Սակայն փաստ է, որ պարզապես անհնար է վստահություն ունենալ այդ խոստումների նկատմամբ, երբ իշխանություններն ի վիճակի չեն անգամ շուկայում ձվի արհեստական դեֆիցիտի առաջացման ու գնի անհարկի բարձրացման հարցը լուծել, որի արդյունքում սպառողները ստիպված էին ձվի համար հերթ կանգնել։ Սա պարզապես մանր օրինակ է, որն առավել ցայտուն է դարձնում իրականությունը: Խնդիրներն առավել խորքային են, սակայն մեր հանրության մի հատվածը, ցավոք, արձագանքում է միայն այն հարցերին, որոնք առարկայորեն իր նեղ շահերին են առնչվում, օրինակ՝ երբ ներկելու ձու չունի: Ինչևէ, թերևս այս իշխանությունները միայն նոր պարտքեր վերցնելու խնդիրն են հաջողում անթերի լուծել։ Իսկ նոր պարտքեր ներգրավելու համար հատուկ ջանքեր հարկավոր չեն, ուղղակի ապագայի անորոշ հեռանկարով հանդերձ, դրանով ավելացնում են պետության ֆինանսական բեռը։ Իսկ այս պահին խոսել տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման օգուտներից՝ որպես տնտեսական կարևոր նշանակություն ունեցող գործոն, ավելի քան վաղ է, քանի որ դեռ հարցական է, թե ինչ պայմաններով կգործեն այդ տրանզիտային ուղիները կամ ընդհանրապես մեզ ձեռնտու կլինե՞ն, թե՞ ոչ։

 
Բացի այդ, հաշվի առնենք, որ տարածաշրջանում անկանխատեսելի զարգացումների սցենարները չեն բացառվում՝ նկատի ունենալով այստեղ ազդեցություն ունեցող ռեգիոնալ և գլոբալ խաղացողների շահերի բախումը և առճակատման հնարավորությունը։ Սակայն այս հանգամանքը Փաշինյանին այնքան էլ չի հետաքրքրում։ Նա «դեռ ջուրը չտեսած՝ սկսել է բոբիկանալ» և տնտեսական զարգացման յուրաքանչյուր հնարավորություն սկսել է կապել ճանապարհների բացման հետ։ Անգամ այնպիսի հեռահար նախագծերից է խոսում, թե հենց ճանապարհների ապաշրջափակումը պայմաններ կստեղծի երկրում պղնձաձուլարանի կառուցման համար և այդպես շարունակ։

Բայց իշխանություններին տևական ժամանակ անգամ չի հաջողվում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրի շուրջ վերջնականապես կողմնորոշվել, ուր մնաց, որ ապագայի հեռանկարային նախագծերից կարողանան գլուխ հանել։ Այնպես որ, ժողովրդին մնում է տեսնել, թե այս երեք տարվա ընթացքում իշխանություններն ինչպես են մսխել և քամուն տվել թանկագին ժամանակն ու դրա արդյունքում հետևություններ անի։ Որովհետև ձվի հերթի մեջ տրորվող, խանութից խանութ ապարդյուն շրջող, ի վերջո «տակից», ծանոթով կամ զոռբայությամբ ձու հայթայթող մեր հայրենակիցները մի օր արթնանալու են հացի, կարագի ու պարենային այլ մթերքի կտրոնները ձեռքներին…։>>

Աղբյուր` Փաստինֆո