«Այս զորավարժությունների տեսքով կրկին փափուկ ուժ է կիրառվում Հայաստանի դեմ՝ ինչ-ինչ հարցերի լուծում տալու համար». Կարեն Հովհաննիսյան

54

Ապրիլի 6-8-ը տեղի կունենա թուրք-ադրբեջանական համատեղ հերթական զորավարժությունը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ զորավարժության ժամանակ օգտագործվելու են կապի ժամանակակից միջոցներ ու կառավարման ավտոմատացված համակարգեր։

Կապավորների առաջ դրված են միասնական կապի համակարգ ստեղծելու, զորքերի փոխգործակցությունն ապահովելու, կառավարման դաշտային կենտրոններ ձևավորելու և նմանատիպ այլ ուսումնառազմական խնդիրներ։

168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ բազմիցս է ասել՝ այդ զորավարժություններն իրենց մեջ ընդգրկում են այնպիսի տարրեր, որոնք ուղղված են հակառակորդ կամ հակամարտող պետությանը։

«Այս զորավարժությունները ոչնչով չեն տարբերվում մնացած բոլոր զորավարժություններից, և սրանք ամենուղիղ իմաստով ուղղված են Հայաստանի դեմ։ Թող չստացվի այնպես, որ զորավարժությունների ժամանակ կամ հետո պետք է պարտադիր լինեն ռազմական բախումներ կամ ռազմական որևէ միջադեպ, պարզապես այս ամենը մաս է կազմում այն ամբողջ ցիկլի, որը տեղի է ունենում այժմ։ Այսինքն՝ այս զորավարժությունների տեսքով կրկին ուժ կամ փափուկ ուժ է կիրառվում Հայաստանի դեմ՝ ինչ-ինչ հարցերի լուծում տալու համար»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։

Ըստ փորձագետի, չնայած այն բանին, որ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Արցախի հակամարտությունը համարում է ավարտված, այդուհանդերձ նա շատ լավ գիտակցում է, որ հարցը լուծված չէ, և առհասարակ որևէ տեսակի հարց լուծված չէ։

«Այս զորավարժությունները, ինչպես ասացի, ուժի ցուցադրում է։ Սրանով ոչ թե փորձում են հասկանալ, թե ինչ ուժ ու հզորություն ունեն, այլ փորձում են ցույց տալ, որ այս 6-7 ամիսների ընթացքում ունեն հզոր ուժ և կարող են ցանկացած հարցի տալ ռազմական լուծում։ Այս մեսիջը, իհարկե,  ուղղված է Հայաստանին»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ այս տարի սա Ադրբեջանի կողմից իրականացվող վեցերորդ զորավարժությունն է, որն անցկացրել է կամ առանձին, կամ Թուրքիայի հետ համատեղ։

168.am