Ադրբեջանցիներն ագրեսիվ են տրամադրված, շարունակելու են քարերով հարվածել, մարդկանց գերի վերցնել, որ բնակիչներն արտագաղթեն. քաղաքագետ

105

Ադրբեջանցիները շատ ագրեսիվ են տրամադրված , Շուշիում արձանագրված միջադեպը օրինաչափություն է,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ադրբեջանցի զինվորականներն այսօր Շուշիի հատվածում շրջանցել են ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետը ու շարժվել Ստեփանակերտի ուղղությամբ, գրառում կատարել տանկի հուշարձանի մոտ տեղադրված ցուցանակի վրա։ Բացի այդ՝ օրեր առաջ քարերով հարվածել էին զինվորների աճյուններ տեղափոխող մեքենային։ Միջադեպեր են արձանագրվում նաեւ Սյունիքում. Հափշտակել են Շուռնուխի բնակչի խոշոր եղջերավոր անասունները, իսկ Կապանի ճանապարհին քարերով հարվածել հայկական համարանիշով երթեւեկող մեքենային։

Ըստ քաղաքագետի՝ առաջիկայում նման լուրերի ավելի հաճախակի ենք հանդիպելու։ Դա խոսում է այն մասին, որ ադրբեջանցիները շատ ագրեսիվ են տրամադրված, Փաշինյանի խոստումները և թրքասիրական քարոզչությունը, որը այսօր իրականացնում են իշխանությունները, հակասության մեջ է մտնում թշնամու պահվածքի հետ:

«Նրանք շարունակելու են հարվածել հայերի ավտոմեքենաներին, մարդ գողանալ, գերի վերցնել այնքան ժամանակ, քանի դեռ այդ տարածքներում կա հայկական բնակչություն: Սա է խնդիրը, որը, ըստ էության առկա է։ Չնայած մեզ փորձում են համոզել նրանում, որ անվտանգային հարցերն այս պահին վերահսկողության տակ են, բայց մենք տեսնում ենք, որ դա այդպես չե: Իսկ ադրբեջանցիները շարունակում են ճնշումներ գործադրել հայ բնակչության վրա՝ այն հույսով, որ հայերը կհեռանան այդտեղից և տարածքները կմնան Բաքվի վերահսկողության տակ»,- շեշտեց Մելիք-Շահնազարյանը:

Նա նաև նկատեց, որ այս պահին Երևանը լռում է, քանի որ մայրաքաղաքում իշխանությունը ներկայացնում է կապիտուլյանտի թիմը, որը լիովին ենթարկվում է ադրբեջանցիների պահանջներին ու կամքին:

«Իշխանությունը ստորագրում է թղթեր ի վնաս մեզ, և հօգուտ Ադրբեջանի, պաշտպանում է Բաքվի նման քաղաքականությունը, նման մոտեցումները: Նրանք վախենում են խոսալ, քանի որ թշնամու կոշիկը լիզող իշխանություն է: Նրանք ի վիճակի չեն պաշտպանել մեր երկրի շահերը, ավելին` նպատակաուղղված զիջում է մեր շահերը թշնամուն»,- ասաց քաղաքագետը:

Մելիք-Շահնազարյանը հավելեց, որ այս իրավիճակը շտկելու միակ ճանապարհն է հեռացնել դավաճանական իշխանությանը և ձևավորել պետականամետ, հայրենասեր իշխանություն, որն էլ կզբաղվի այս հարցերով:

«իհարկե, առաջին հերթին, այդ գործողություններից հետո անհրաժեշտ է լինելու իրական սահմանագծում անցկացնել հայերի և ադրբեջանցիների միջև, սահմանակետեր դնել և հսկել պետական սահմանը:

Քանի դեռ պետական սահմանը լիարժեք չի վերահսկվում մեր զինված ուժերի կողմից, նման միջադեպերը շարունակական են լինելու», – ասաց նա:

Քաղաքագետը հավելեց, որ եթե մոտակա ժամանակներում իշխանությունը չփոխվի, իրավիճակը կհանգեցնի նոր տարածքային զիջումների՝ Հայաստանի և Արցախի համար, ինչպես նաև հանգեցնելու է նոր բնակավայրերից հայ բնակչության արտագաղթին:

«Իսկ ավելի մեծ սպառնալիքն այն է, որ դա կհանգեցնի պետականության կորստին թե Արցախում, թե Հայաստանի Հանրապետությունում», – շեշտեց Մելիք-Շահնազարյանը:

Աղբյուր` Փաստինֆո