«Քոնն են որդիքն իմ ջահել… » կամ խաղաղության գինը

189

Խաղաղության մասին դիսկուրսը վերջին ժամակներս դարձել է ամենօրյա թեմա։ Իհարկե, խաղաղ ապրել ցանկանում է յուրաքանչյուրը։ Խաղաղության, բարեկեցության ձգտումը յուրաքանչյուր մարդու բնական ձգտում է։

Խաղաղությունը՝ ինչպես աշխարհում ամեն բան, ունի իր գինը։ Այս գինն ամեն ազգի, ամեն տարածաշրջանի, ամեն ժամանակի համար տարբեր է։ Բայց թվում է՝ բոլոր ժամանակներում մեր համար խաղաղության գինը նույնն է եղել։ Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որն իր պատմության ողջ ընթացքում եղել է աշխարհաքաղաքական խաղերի ու շահերի բախման թատերաբեմ։ Այստեղ գոյատևելու մի տարբերակ կա՝ ուժեղ լինել։ Խաղաղության մեր գինը՝ որքան էլ պարադոքսալ հնչի, հենց պատերազմի պատրաստվելն է։

Հայկական բանակը՝ Հայաստանի Հանրապետության գոյության ամբողջ ընթացքում հաջողությամբ իրականացրել էր իր՝ խաղաղություն պարտադրելու գործառույթը։ Ու հենց մենք սկսեցինք խաղաղության համար այլ գին փնտրել կամ սակարկել խաղաղության գինը, ստացանք արյունալի պատերազմ՝ ողբերգական հետևանքներով։ Մի պահ՝ ընդհամենը մի պահ սխալ գնահատեցինք խաղացությունն ու աղետը պատրաստ է։ Այժմ շատերը մեզ համոզում են, որ պետք է խաղաղ ապրել թշնամու հետ։ Խաղաղ ապրել, անշուշտ պետք է, բայց խաղաղ ապրելու համար նախ պիտի տունդ զավթածին դուրս անես տանիցդ, կառուցես տունդ, բուժես զավակիդ վերքերը ու պատրաստվես «նոր խաղաղության»։ Այլ կերպ չի կարելի։ Այլ կերպ հնարավոր չէ։ Չես կարող սերնդեսերունդ արյուն-քրտինքով կառուցած տանդ մեծ մասը թողնես հանցագործերին ու ապաստանելով սանհանգույցում կամ խոհանոցում՝ բարեկամություն անես հանցագործի հետ՝ հուսալով, որ հաջորդ պահին նա չի որոշի զավթել մյուա սենյակները ու չի սպանի քեզ ու զավակիդ։ Այդպես չի լինում. դա ո՛չ մարդկային է, ո՛չ՝ բարոյական։ Դա ոչ թե խաղաղասիրություն է, այլ՝ «ստոկհոլմյան սինդրոմ»։

Ու ամեն հայ պիտի հասկանա, որ խաղաղ ապրելու բանաձևը մեկն է. սերնդեսերունդ երգել «Քոնն են որդիքն իմ ջահել» ու ընդունել, որ այս բառերով դաստիարակվելը միակ տարբերակն է՝ որդիներին ողջ ու առողջ, իսկ տունդ՝ հզոր ու ամբողջական տեսնելու։