Վրաստանում բողոքի ցույց է տեղի ունենում՝ թուրքական ընկերության կողմից «Նամահվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ

62

Վրաստանում ջրցան մեքենաներ և ոստիկանության լրացուցիչ ջոկատներ են տեղակայվել Իմերեթի մարզի Ռիոնի կիրճի մոտ, որտեղ առավոտից բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ընդդեմ «Նամահվանի» ՀԷԿ-ի կառուցման: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով վրացական «Իմեդի» հեռուստաալիքին:

«Մեր այստեղ գտնվելը նպատակահարմար է քաղաքացիների դիմակայությունից սադրանքներից խուսափելու համար»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը՝ դիմելով ցուցարարներին:  Ցույցի մասնակիցները կարծում են, որ ՀԷԿ-ը չի կարելի կառուցել, քանի որ այն անդառնալի վնաս կհասցնի Ռիոնի կիրճին, ինչպես նաև կվնասի էկոլոգիային: Նրանք նաև պնդում են, որ երկրի իշխանությունները թուրքական ընկերությանն են փոխանցել ամբողջ կիրճի սեփականությունը, սակայն կառավարությունից նշում են, որ ներդրողին է փոխանցվել միայն որոշակի տարածք, այն էլ ժամանակավոր օգտագործման համար:Ցուցարարները հայտարարել են, որ ոստիկանությունը փակել է հիդրոէլեկտրակայանի շինարարական հարթակի մուտքը: Վերջիններս ՆԳՆ-ին կոչ են անում իրենց հնարավորություն տալ ազատ տեղաշարժվել և սպառնում են վրաններ տեղակայել:«Նամահվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքի ակցիաներ Վրաստանում շարունակվում են արդեն ավելի քան 5 ամիս: Վերջերս ակցիաներ տեղի չէին ունենում, քանի որ կառավարությունը որոշել էր կանգնեցնել 100 մետրանոց ամբարտակի կառուցումը 9-12 ամսով, քանի դեռ ևս մեկ անգամ գիտական հետազոտություններ չեն կատարվել:«Նամահվանի» ՀԷԿ-ի կառուցումը Ռիոն գետի վրա, պարբերաբար հետաձգվել է 2009 թվականից: Կառուցումը սկսվել է 2020 թվականի ամռանը: Կառուցման աշխատանքներն իրականացնում է թուրքական ENKA ընկերությունը: