«Պարոն նախագահ, ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»

83

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս «Peace of Art» միավորումը շարունակում է մարտ-ապրիլ ամիսների իր տարեկան արշավը հանուն Հայոց ցեղասպանության ճանաչմանՙ տեղադրելով լուսային ցուցանակներ Ամերիկայի Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքների բանուկ մայրուղիներում: Ցուցանակների ուղերձն այս անգամ ուղղված է անձամբ նորընտիր նախագահ Ջո Բայդենին: «Պարոն նախագահ, հարգալից վերաբերմունքով, արժանապատվությամբ եւ խիզախությամբ, ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»:

«Peace of Art» միավորումը ապաքաղաքական, ապակրոնական եւ շահույթ չհետապնդող կրթական կազմակերպություն է, որը թեեւ պաշտոնապես Մասաչուսեթսում հիմնվել է 2003-ին, սակայն ակտիվ է եղել 1996 թվից սկսած: Հիմնադիրը Դանիել Վարուժան Հաջինյանն է, որն ընտրել է արվեստի համընդհանուր լեզուն` խոսելու համար մարդու իրավունքների հարցերի շուրջ: Հայոց ցեղասպանությունը նույնպես այդ հարցերի թվում է եւ անհրաժեշտ է հասարակությունների իրազեկվածությունը այդ ուղղությամբ բարձրացնել, որպեսզի մարդիկ ավելի խաղաղ ապրեն ու ստեղծագործեն: Միավորումը մասնավոր հիմքերի վրա է եւ չի օգտվում ֆինանսական որեւէ օտար աղբյուրից:

«Բայդենը հովանավորել է բազմաթիվ բանաձեւեր ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման, երբ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահն էր: Իսկ վերջերսՙ նախագահական իր ընտրարշավի ժամանակ նա խոստացավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ մարդու իրավունքների խնդիրները դարձնել առաջնահերթություն նախագահ ընտրվելու դեպքում: Հույս ենք փայփայում, որ նա խիզախությունը կունենա պահելու իր խոստումը եւ այս տարվա ապրիլի 24-ին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը», նշել է Դանիել Վարուժան Հաջինյանը ցուցապաստառների տեղադրման աշխատանքների առթիվ:
Հ.Ծ.