Նոյեմբերի 23-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում չպայթած զինամթերքից մաքրվել է 1900 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 404 պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ

80

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է իր առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Խաղաղապահներն իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ինչպես հաղորդվում է, հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահ զորակազմն ապահովել է Ադրբեջանի Զինված ուժերի վեց շարասյան տեղաշարժը Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների տեղաշարժման անվտանգությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը:

Հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղի տարածքում: Վերջին մեկ օրում մաքրվել է 10 հա տարածք, 3 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 17 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1900 հա տարածք, 583 կմ ճանապարհ, 1658 շինություն, այդ թվում՝ 30 սոցիական նշանակության կառույց: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 404 պայթյունավտանգ առարկա: