«Մեզ թվաց, թե դատախազությունը հասկացել է այս գործի աբսուրդը». փաստաբանը պնդում է՝ իշխանությանը քննադատելու համար են կրկին ուզում կալանավորել Արա Սաղաթելյանին. Aysor.am

71

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանքը վերացնելու մասին Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։

Aysor.am-ի հաղորդմամբ՝ Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանը պնդել է՝ Արա Սաղաթելյանի ազատ արձակվելուց հետո գործող իշխանություններին ակտիվ քննադատելն է պատճառ հանդիսացել, որ դատախազությունը բողոք է ներկայացրել։

«Մեր համար տարօրինակ էր, որովհետև ես ձեզ հավատացնում եմ, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտի նման պատճառաբանված շատ քիչ դատական ակտեր կան ու, ընդհանրապես, այս գործի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան ու մեզ թվում էր, թե դատախազությունը հասկացել է Առաջին ատյանի որոշումը, երբ Կարեն Բեքարյանի կալանավորումը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով մերժվել էր, չէր բողոքարկվել, ազատության մեջ գտնվող այլ անձի հետ կապված էլ էլի բողոք չէր ներկայացվել, մեզ թվաց, թե հասկացել են այս գործի աբսուրդը, սակայն Արա Սաղաթելյանի ազատ արձակվելուց հետո միակ փոփոխությունը, որ տեղի է ունեցել, պարոն Սաղաթելյանի անձնապես գործող իշխանությանը և նրա համակիրների քննդատությունն է եղել ու հենց դա էլ բերեց, մեր գնահատմամբ, դատախազության կողմից բողոքի ներկայացմանը», – ասել է Միհրան Պողոսյանը։

Փաստաբանը նշել է, թե այս գործն այնքանով է աբսուրդ, որ կոնկրետ VPN-ից օգտվել է հարյուրից ավելի մարդ, ընդ որում, միայն Հայաստանի տարածքում ու այդ մարդկանց մեջ ընտրել Արա Սաղաթելյանին որպես հանցանք կատարող, ըստ Պողոսյանի, աբսուրդի գագաթնակետն է։

«Ու ես հատուկ Վերաքննիչ դատարանի նիստում «ProtonVPN» ծրագրի միջոցով IP-ին միացա և ցույց տվեցի, որ այդ IP-ին միանալը հանցագործության հետ որևէ առնչություն չունի», – ասել է Պողոսյանը։

Արա Սաղաթելյանի փաստաբանի խոսքով՝ արդեն սովոր են դատախազության այս գործելաոճին։

«Նոր փաստեր բերելու իրավասություն չունի Դատախազությունը, օրենքն է արգելում, եղած փաստերի մեկնաբանությունն է ուրիշ լինելու, դատախազության դիրքորոշումը այս առումով շատ հետաքրքիր է, Վճռաբեկ բողոքի ուսումնասիրությունից կարելի է հանգել մի հետևության, որ Արշակ Վարդանյանի դատական ակտը գերպատճառաբանված է եղել, այսինքն՝ այնպիսի հարցեր են բարձրացրել, որ դատարանը վաղաժամ եզրահանգումներ է կատարել, մեղադրանքի հետ կապված խնդիրները այս փուլում քննարկման առարակ չպետք է լինեին դատարանի կողմից, այսինքն՝ իրենք ցանկանում էին անձը զրկվի ազատությունից, բայց մեղադրանքի խնդիրները «դե լավ, հետագայում մենք կլուծենք», ընդհանուր առմամբ, այս դիրքորոշումն է վճռաբեկ բողոքից հասկանալի լինում», – նշել է Պողոսյանը՝ վստահեցնելով՝ այնպես չէ, որ նոր փաստեր գոյություն ունեն, եղած փաստերն է այլ կերպ մեկնաբանվելու։

Միհրան Պողոսյանի խոսքով՝ Արա Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդումը քրեական օրենսգրքի ու քրեական դատավարության մեջ բացարձակապես ի սկզբանե չի տեղավորվել։

«Ես ցավ եմ ապրում նրա համար, որ մեզ՝ փաստաբաններից որոշներին, վերջին երկուսուկես տարում ուղղակի դրդում են մեր բուն մասնագիտական պարտականություննեը չկատարել, այսինքն՝ իրական իրավաբանությամբ զբաղվել, այլ ստիպում են, որ մենք նման կոնտեքստների շրջանակում քաղաքական հայտարարություններով հանդես գանք, օգնենք մեր պաշտպանյալներին, ովքեր քաղաքական կարծիք հայտնելու համար հետապնդվում են քրեական հոդվածներով, այդ ամենը հենց իրավունքի դեգրադացման մասին է խոսում, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ այդ ժամանակներն անցնելու են», – ասել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք՝ մարտի 5-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, բեկանել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորման մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ ազատ արձակելով Սաղաթելյանին։

Ազատ արձակվելուց հետո Սաղաթելյանը հայտարարել էր՝ «այս ամբողջ գործընթացը կազմակերպված, նպատակաուղղված է իշխանության կողմից, մասնավորապես՝ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի»։

Փետրվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, բավարարել էր ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։

ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել:

Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ էին արձակվել, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Սարգսյանը ձերբակալվել էին։ Մհեր Ավագյանն ու Կարեն Բեքարյանը հետագայում ազատ են արձակվել, Արամ Սարգսյանն ու Արա Սաղաթելյանը՝ կալանավորվել։

ԱԱԾ-ն այս գործի մանրամասների վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել։

Արա Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտարարել էր, թե Ազգային անվտանգության ծառայությանը հրահանգված է երկրում ծառացած խնդիրները լուծելու փոխարեն բացարձակապես որևէ առնչություն չունեցող մարդկանց վերագրել ինչ-որ ֆեյքերի կողմից էջեր վարելը։

Սաղաթելյանի մյուս փաստաբան Հակոբ Ենոքյանն էլ նշել էր, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն ինչպես իրավական, այնպես էլ փաստական առումով անհիմն է և որևէ կերպ չփաստարկված։

Սաղաթելյանը, Բեքարյանը, Ավագյանն ու Սարգսյանը ձերբակալվել էին ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով: 

Aysor.am