Մայոր Վարդանյանի մարտը Ջրականում. «Կարգին կռվել ենք ու հետ չենք նայել». Mediamax.am

52

«Այդ օրը, որ Տիգրանս վիրավորվել էր, բայց դեռ չգիտեինք, դուրսը նստած էի, բժշկական ուղղաթիռն անցավ, մտածեցի՝ տեսնես ում էրեխուն է գնում բերի։ Ի՞նչ իմանայի, որ հենց իմ էրեխու հետեւից է գնում։ Երկու ժամ հետո աղջիկս զանգեց, թե բա՝ չվախենաս, Տիգրանն իմ մոտ է, թեթեւ վիրավոր է։ Դե, ինքը Երեւանի հիվանդանոցներից մեկում է աշխատում։ Ասացի՝ եթե թեթեւ է վիրավորումը, ինչո՞ւ է քեզ մոտ, ոչ թե Գորիսում կամ մեկ այլ մոտիկ տեղ։ Չգիտեմ էլ ոնց, ինչ վիճակում հասանք հիվանդանոց։ Առաջին բանը, որ արեցի, վերմակը տղայիս վրայից քաշելն էր, ուզում էի տեսնել՝ մարմինն ամբողջակա՞ն է…s»։

Մայոր Տիգրան Վարդանյանի մայրը՝ տիկին Շուշանը, առաջին անգամ չէ, որ պատերազմ է տեսնում. շատ երիտասարդ էր, երբ ամուսինը որպես կամավոր ռազմաճակատ էր մեկնում 90-ականներին: «Ես չէի պատկերացնում, որ ամուսինս հանկարծ կարա զոհվի, ուրախ-զվարթ ճանապարհում էի։ Բայց որ Տիգրանս գնաց, ուրիշ էր… Իհարկե, ամեն ինչի պատրաստ էի, բայց շատ անհանգիստ էի, շատ էի նեղվում, ամուսինս կատակով ասում էր՝ հա բա, տղադ է, իմ համար չէիր անհանգստանում էսքան։ Թեեւ ինքն այս կռվին էլ է մասնակցել»։

Տիգրանը, որ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի շտաբի պետն էր, պատմում է՝ մարտական հերթապահության էին, երբ իմացան՝ պատերազմը սկսվել է:

«Լուրը ինձ չի ցնցել, շոկի չի ենթարկել. վտահ էի, որ չեն կարող Արցախի որեւէ պաշտպանական շրջանից սկսել կռիվը, ճեղքել այն ու էդքան առաջ գալ, որովհետեւ Արցախից եմ սկսել ծառայությունս եւ իմ աչքով եմ տեսել, որ շատ ուժեղ էր պատրաստվածութունը։ Բայց փաստորեն սխալվեցի՝ լավ էլ հաջողեցին. 30 տարի պատրաստվել էին այս օրվան, իսկ մենք երեւի թե թերացել ենք։ Չնայած, եթե միայն Ադրբեջանի դեմ կռվեինք էս վիճակով՝ ոնց իրենք կային ու ոնց մենք կայինք, վերջնարդյունքը լրիվ ուրիշ էր լինելու, բայց դե իրենց բոլոր կարեւոր գործողությունները Թուրքիայի բանակի բարձրաստիճան սպաներ էին ղեկավարում, լուրջ մարտերը թուրք հատուկջոկատայիններ էին վարում։ Էլ չեմ ասում վարձկանների մասին, որ թնդանոթի մսի տեղ հա օգտագործում էին ու օգտագործում։ Էսքան էլ որ դիմակայեցինք, էլի փառք մեր տղերքին», – ասում է սպան:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հոկտեմբերի 8-ին մայոր Վարդանյանի ղեկավարությամբ զորքը Ջրական գյուղում էր, որն արդեն հայկական կողմի առաջնագիծն էր. «Իրենք առաջնագիծ չունեին. ցրված, անկանոն առաջ էին գալիս՝ վարձկաններին առաջ գցելով եւ տասնյակներով զոհ տալով։ Առաջին օրը հասանք, ու շատ ուժեղ հրետակոծություն սկսվեց։ Մեր հակատանկայինի տղաներն անթերի էին անում իրենց գործը՝ շատ մեծ հեռավորության վրա խոցում էին նրանց տանկերը, այդ թվում՝ T90-ները։ Մեր աջ թեւում անտառներ էին, այդտեղ էին կուտակվում։ Մեր հրետանին շատ լավ էր աշխատում, բայց իրենք էլ հարվածային անօդաչուներով անընդհատ աշխատում էին մեր հրետանային մարտկոցները չեզոքացնելու ուղղությամբ»։

Թիկունքում լավ դիտարկում անելուց հետո հակառակորդին հաջողվում է հայտնաբերել հայկական կողմի կենտրոնացման շրջանը եւ խոցել «Սմերչով»։ Շատ զոհեր եւ վիրավորներ են ունենում, այդ թվում՝ մայոր Վարդանյանի զորքից։  

Զրուցակիցս հիշում է, որ իր կյանքի մեծագույն մարտը հենց այդ օրերին է տվել: «Այս կռիվը հիմնականում հեռահար էր, եւ նրանք ոչինչ չէին խնայում. 4-5 հոգի մարդ էին տեսնում, Բայրաքթարով խփում էին, իրենց համար կապ չուներ՝ ինչքան արժեր այդ մեկ հրթիռը։ Մեր աջ թեւը ԱԹՍ հարվածներից շատ մեծ կորուստներ ունեցավ, տղերքը չկարողացան պահել դիրքերը, եւ մեր առաջ խնդիր դրվեց աջ թեւից դարանակալում անել, որ հակառակորդը չկարողանա առաջանալ»։Տիգրան ՎարդանյանըՏիգրան Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրետանավորները հարվածներ են հասցնում ադրբեջանցիների գրաված երկու բարձունքներին, եւ Տիգրանն իր հատուկ ջոկատային տղաների հետ գնում է բլրի վրա դիրքավորվելու, մինչեւ լրահամալրում անող ստորաբաժանումները կմոտենային։ Տղաներից երկուսին թողնում են կրակով աջակցելու, 5-ով առաջ են գնում.

«Մոտենում էինք այն վստահությամբ, որ ողջ մարդ չի մնացել։ Հենց մտանք խրամուղի, 10-15 հոգի մեր դեմ ելան։ Հենց առաջին պահին խրամատում Հակոբյան Հայկին խփեցին… Շա՜տ ափսոս էր Հայկը։ Ուժեղ տղա էր, սերժանտ, սպայական դասերից հետ էինք կանչել… Որ Հայկին խփեցին, ես մի ձեռքով իրեն քաշեցի, մյուսով նռնակը գցեցի։ Ուժեղ մարտ գնաց էդտեղ, ընդհանուր մի քանի րոպե տեւեց, բայց ոնց որ մի ամբողջ կինո լիներ… 4 հոգով բոլորին վերացրինք։ Երեւի հաջողեցինք նաեւ էն պատճառով, որ խուճապի մեջ ընկան. չէին պատկերացնում, որ էդքան փոքր կազմով կմոտենանք։ Պատերազմի օրերին սա էր միակ մոտ տարածությունից մարտը։ Էդ երկու բարձունքները հետ վերցրինք, զորքը համալրվեց, երկու օր մնացինք, հետո իրենք թեւերով ճեղքեցին, 20-25 կմ առաջ եկան։ Մենք արանքում էինք մնացել եւ ստիպված եղանք նահանջել»։

Մայոր Վարդանյանն անգամ այդ ժամանակ պարտվելու մասին չի մտածել. մարտավարությունում չգրված օրենք կա՝ նախ կանգնեցնել հակառակորդի առաջխաղացումը, հետո՝ անցնել հակագրոհի։ Անընդհատ ձգտել են դրան՝ կանգնեցնել եւ հակագրոհել, սակայն հարձակումը շատ ուժեղ էր եւ առանց դադարների։ Նահանջից խոսելը զինվորականի համար շատ ծանր է, բայց շատ ավելի ծանր էին ԱԹՍ-ների հարվածից հետո տեսարանները։ Փորձել են հանել մեր տղերքի դիերը, բայց, ցավոք, հաճախ դա անհնար է եղել. ինտենսիվ կրակը գրեթե չի դադարել։

«Հոկտեմբերի 19-ին երկու օրով եկանք տուն, իսկ երբ հետ դարձանք, ստիպված էինք Որոտանի (Կուբաթլու) մատույցներում կանգնել։ Առաջադրանքն էր հայտնաբերել հակառակորդի դիվերսիոն խմբերը, որ արդեն մտել էին քաղաք, թեեւ այն ամբողջությամբ չէին վերցրել։ Տղաներիս հետ դիտարկում անելով գնում էինք, Հայկազյանի գլխավոր ճանապարհի վրա կանգնեցինք, վարորդին ասացի՝ մեքենան քաշի ծառի տակ, չերեւանք։ Իջանք մեքենայից, հետո մեզ կապ տվեցին, հետ կանչեցին, նոր էինք նստել մեքենան, երբ ԱԹՍ-ն խփեց։ Ես դիմացն էի, շվվոցից ինքնըտսինքյան կռացա, դա էլ երեւի փրկեց ինձ: Երբ ուշքի եկա, մեջքս լրիվ բեկորներ էին։ Իջա մեքենայից, փորձում էի հասկանալ՝ ով ինչ վիճակում է. երեք զոհ ունեցանք՝ թափքի մեջ նստած տղերքը, մի քանի վիրավոր, որոնց մեջ ամենածանրը ես էի, բայց էդ պահին չէի ընկալում՝ ինչ վիճակում եմ, մինչեւ որ ինձ ուղղաթիռ չդրեցին ու գիտակցությունս չկորցրի»։Տիգրան ՎարդանյանըՏիգրան Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ ուշքի է եկել, շատ ծանր է տարել վիրավորման փաստը, բայց ոչ ցավի պատճառով, այլ որ չի կարողանալու տեսնել հաղթական ավարտը, դրա մասնակիցը լինել. «Մտածում էի՝ բան չի մնացել, պիտի անցնեիքն հակագրոհի, ու ես չկամ այդ ամենի մեջ, բայց եկավ նոյեմբերի 9-ը… Հիվանդանոցում չէի կարողանում քնել, կարդում էի անընդհատ ու հանկարծ այդ լուրը։ Չէի հավատում, որ կարող է նման բան լինել»։

Լուսանկարը` Արման Արշակյան՝ Մեդիամաքսի համար

Տիգրանն արդեն ընդհանուր առմամբ կազդուրվել է, միայն ձեռքն է թույլ, բայց արդեն վերադառնալու է ծառայության։ Հարցնում եմ՝ պատրա՞ստ ես։ Պատասխանում է՝ ուրիշ ճակատագիր չունեմ. «Ծնվել եմ, ինձ համազգեստ են հագցրել։ Հայրս ազատամարտիկ է եղել, հետո սպա, մեր տան հարեւանությամբ զորամասում է  ծառայել, ու ես փոքրուց միշտ իր հետ էի, իմ դպրոցը հրաձգարանն էր։ Ինձ ասում էին «գնդի որդի»։ Հայրս զորամիավորման ինժեներն էր, Քարվաճառում ականապատեղադրման ժամանակ վնասվեց աչքիս առաջ, 12 տարեկան էի։ Դրանից ավելի ոչինչ չէր կարող ազդել վրաս, այնպես որ, կարելի է ասել, վերականգնվել եմ էս պատերազմի վերքերից նաեւ հոգեպես, բայց զոհված տղերքի համար ցավը չի անցնի երբեք։ Մոտ ընկերներ եմ կորցրել, շատ մարդու մասին տեղյակ չեմ մինչեւ հիմա…»:Տիգրան Վարդանյանը՝ տիկնոջ եւ որդու հետՏիգրան Վարդանյանը՝ տիկնոջ եւ որդու հետ

Լուսանկարը` Արման Արշակյան՝ Մեդիամաքսի համար

Տանը պապիկի անունը կրող փոքրիկ Վարդանի խաղալիքներն են ամենուր, մեծամասամբ՝ զինվորական թեմատիկայով։ Մասնագիտության հարցում, իհարկե, դեռ չի կողմնորոշվել, բայց շատ է սիրում հորը՝ համազգեստը հագին տեսնել։ Եթե ինքն էլ որոշի զինվորական դառնալ, Վարդանյանների ընտանիքում դեմ չեն լինելու։

Այսքանից հետո անգամ Տիգրանի մայրը սիրով է ընդունել որդու՝ ծառայությունը շարունակելու որոշումը:«Տղաս պետք է ծառայի, այլ տարբերակ չկա. թշնամական երկրներով ենք շրջապատված, բա ո՞վ պիտի տեր կանգնի մեր հողին։ էս երկրին կայուն բանակ է պետք՝ գրագետ, հայրենիքը սիրող ու նվիրված սպաներով եւ զինվորներով։ Ես 1988-ից սկսած ինչ ասես տեսա, հիմա ամենաշատը խաղաղություն եմ երազում, բայց սա է մեր իրականությունը»։Փոքրիկ Վարդան ՎարդանյանըՓոքրիկ Վարդան Վարդանյանը

Լուսանկարը` Արման Արշակյան՝ Մեդիամաքսի համար

Կինը՝ Լուսինեն էլ արդեն 2 պատերազմ է անցնել Տիգրանի հետ, բայց ամուր է եւ հույսով, որ ամեն ինչ լավ է լինելու. «2016-ի ապրիլի 7-ին պիտի նշանվեինք, Ապրիլյան մարտերը եղան, էն ժամանակ ինքն Արցախում էր ծառայում, հիմա էլ այս պատերազմը։ Ահավոր էին էդ օրերը. երբ ինձ տեսնեիք, Աստվածաշունչը ձեռքս՝ միշտ աղոթք էի անում, տղայիս էլ քնացնում էի ու աղոթում էի։ Իր վիրավորվելուց մեկ օր առաջ խոսեցի հետը, ասացի՝ խոսք եմ կարդացել, որ Աստված ասում է՝ ես եմ քո վահանը եւ քո սուրը ես պիտի լինեմ։ Փառք Աստծո, հաղթահարեցինք…»:Տիգրան ՎարդանյանըՏիգրան Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրանը տեղի ունեցածի հետ չի կարողանում հաշտվել՝ ոչ որպես զինվորական, ոչ որպես հայ։ Գիտի՝ մի օր իրադարձություններն այլ կերպ են դասավորվելու, եւ իհարկե ոչ հրաշքով, այլ հստակ եւ նպատակաուղղված քայլերով. «Մեզ պետք է մարտունակ բանակ՝ խելացի եւ գրագետ սպաներով եւ ամենակարեւորը՝ ոգին տեղը։ Խելքն ու ոգին երկու ձեռք են, որ իրար հետ պիտի բռնեն զենքը: Ես միշտ իմ զինվորներին ասում էի՝ եթե տեր չկանգնենք էս հողերին, նշանակում է ուրանում ենք այստեղ թափված արյունը։ Չգիտեմ, երեւի հիմա ստացվում է, որ ուրացանք, բայց մի բան կարող եմ վստահ ասել՝ կռվել ենք, կարգին կռվել ենք ու հետ չենք նայել, բայց արդյունքը… մեր անհատական մեղքը չէ, ընդհանուր է։ Չի եղել նման բան, որ մոտ կռվի ժամանակ հակառակորդը հաղթող դուրս գա։ Էն 6 տղան, որ էդքան օր մաքառել ու ողջ էին մնացել, հո պատահական չէր։ Պատրաստ տղերք էին։ Ու ցավն էլ հենց դա է, որ ունեցել ենք նման կռվողներ, իսկ արդյունքը սա է։ Ոնց ուզում ես հավաքել էս փազլը, չի ստացվում ամբողջական պատկեր ունենալ»։

Անի Ռափյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Արման Արշակյանի

Նյութը` Mediamax.am