Հ1-ի ադրբեջաներեն բաժինը ադրբեջանցի կանաչի վաճառողի գործն է միայն հեշտացնելու. ադրբեջանագետ

227

Ավելի վաղ տեղեկացանք, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը սկսել է ադրբեջաներենով լուրեր թողարկել: Հ1-ի “1lurer.am” էլեկտրոնային կայքում ստեղծվել է ադրբեջաներեն բաժին` “1lurer.am/az“, որտեղ ադրբեջաներեն են թարգմանվում եւ տեղադրվում Հայաստանի Հանրապետության, Արցախի ներքաղաքական ու արտաքին քաղաքական կյանքին վերաբերող կարեւոր նորությունները:

Այս մասին «Իրավունքը» զրուցեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի հետ:

– Պարո՛ն Այվազյան, բոլորովին վերջերս Հ1-ի կայքում ստեղծվել է ադրբեջաներեն բաժին: Ըստ ձեզ` ի՞նչ նպատակով:

– Օրինակ, եթե Հանրային հեռուստաընկերությունը պատերազմից առաջ այսպիսի որոշում ընդուներ, ըստ իս, նորմալ կդիտարկվեր: Այսօր մենք տեսնում ենք, թե Ադրբեջանը ինչպես է մեդիաարշավ իրականացնում օկուպացված տարածքներում՝ փիար ակցիաներ իրականացնելով: Ադրբեջանական կողմն այժմ զբաղված է հայոց պատմության կեղծմամբ, նախագահ Իլհամ Ալիեւը հայկական վանքերի բացահայտ պղծմամբ է զբաղված, ինչն էլ իր հերթին ուղիղ եթերի միջոցով ներկայացվում է աշխարհին: Այս ամենը, ըստ էության, նորություն չէ: Թշնամին միշտ էլ մեդաարշավներով է զբաղվում, եւ հայոց պատմությունը ներկայացվում է որպես կեղծ պատմություն, սակայն պետք է փաստել, որ թշնամին հայատյացության դոզան շատացրել է: Հանրային հեռուստաընկերության ադրբեջաներեն բաժինը բացասաբար չէր դիտարկվի, եթե ստեղծվեր նախքան պատերազմը:

– Ձեր կարծիքով` սա Ադրբեջանին քծնելո՞ւ համար է:

– Նորից եմ կրկնում` եթե այդ ամենը լիներ պատերազմից առաջ, ապա կարելի էր ենթադրել, որ դա արվում է ադրբեջանական ժողովրդի կարծիքի վրա ազդելու համար: Պետք չէ գուշակ լինել հասկանալու համար, որ Հանրային հեռուստաընկերության ադրբեջաներեն բաժնում ներկայացվում են հիմնականում հասարակական եւ ներքաղաքական նորություններ: Առանց այդ էլ Ադրբեջանն ուշի-ուշով հետեւում է Հայաստանի ներքաղաքական կյանքին, ո՞րն է Հ1-ի ադրբեջանական բաժնի իմաստը: Հիմա փաստորեն ադրբեջանասիրական քարոզներին, Ադրբեջանի հետ հաշտվելու ձգտումներին գումարվում է այսպիսի բան: Վերջին ժամանակներս Հանրային հեռուստաընկերության քաղաքականությունը շատ պարզ է, ուստի որոշակի միտում չտեսնելն այս պարագայում փոքր-ինչ դժվար է: Չեմ կարծում, որ Հ1-ը հայկական կողմի քարոզչամեքենան ապահովելու համար է նման քայլի գնացել:

– Թշնամի Ադրբեջանն ինչպե՞ս է արձագանքում այս ամենին:

– Ադրբեջանական սեգմենտում շատ վաղուց կան հայալեզու հարթակներ, սակայն նրանք միտված են ադրբեջանական կողմի քարոզչամեքենայի զարգացման գործում հաջողություն ունենալ: Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, բնականաբար, ադրբեջանցի կանաչի վաճառողի գործն է հեշտացնելու միայն: Նրանք կանաչի վաճառելու ընթացքում իրենց մայրենի լեզվով ծանոթանալու են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:

Հայկ Գեւորգյան