Գլխավոր դատախազը դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել

83

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բողոքարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նույն դատարանի նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը, համաձայն որի՝ Գրիգորյանի և Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումն անփոփոխ է թողնվել: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, ում ի սկզբանե մակագրվել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը։ Նա որոշել էր գործի վարույթը կասեցնել ու դիմել Սահմանադրական դատարան։ Բացի այդ, դատավոր Գրիգորյանը նաև որոշել էր անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Քոչարյանին։

Այս որոշումներից երկու ամիս անց Դավիթ Գրիգորյանին պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանք է առաջադրվել։ Պաշտոնեական կեղծիքն, ըստ վարույթն իրականացնող մարմնի, այն է, որ Դավիթ Գրիգորյանն իր վարույթում քննվող բողոքներից մեկով նիստ կայանալու մասին կեղծ արձանագրություն է կազմել։ Դատարանի նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու հոդվածով։

Գրիգորյանի և Վարդանյանի վերաբերյալ գործը 2020 թվականի մայիսին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին, ով առանց դատաքննություն նշանակելու՝ գործի նախապատրաստման փուլում որոշում է կայացրել Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու վերաբերյալ։

Այս որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, սակայն դատարանն անփոփոխ է թողել այն։ Գլխավոր դատախազը Վերաքննիչ դատարանի դատական այս ակտն է բողոքարկել: