Այսօր Քարվաճառի ազատագրման օրն է, հայկական Քարվաճառի

127

1993թ. ապրիլի 5-ին, հայկական զինված ուժերը ավարտին հասցրեցին մարտի 27-ին սկսված ռազմական օպերացիան և ազատագրեցին Քարվաճառը ապահովելով` Արցախը Հայաստանին կապող երկրորդ ճանապարհը, որը ռազմական կարևոր նշանակություն ուներ:


Քարվաճառ-Մարտակերտ ուղղությամբ ռազմական գործողություններն սկսվել էին դեռ փետրվար ամսին, երբ հայկական զինված ուժերը երկարատև պաշտպանական մարտերից հետո անցնելով հակահարձակաման` ազատագրեցին Մարտակերտի մի շարք գրավյալ տարածքներ և վերահսկողություն հաստատեցին Միրբաշիր-Մարտակերտ-Դրմբոն-Քարվաճառ ավտոմայրուղու վրա:

Չնայած նրան, որ հետագայում Ադրբեջանը բազմաթիվ փորձեր արեց Քարվաճառը վերագրավելու նպատակով, բայց արդյունքի չհասավ, բացի Օմարի ժամանակավոր վերագրավումից, որը տարեվերջին կրկին հայկական ուժերի լիակատար վերահսկողության տակ էր գտնվում:


Իդեպ, Քարվաճառի ազատագրումն այնպիսի մեծ հարված հասցրեց ադրբեջանական զինուժին ու ժողովրդին, որ նրանք դա համարեցին իրենց լիակատար պարտությունն ամբողջ ռազմաճակատում: Դա խոստովանել է նույնիսկ Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը, հայտարարելով, որ «Քելբաջարից հետո պատերազմն Ադրբեջանի համար հեռանկար չունի….»:
Այդ փառավոր ռազմագործողությունից ուղիղ 27 տարի անց, Քարվաճառը, որը գրավելու համար թշնամին իր ամենաէլիտար ուժերն էր նետել և ձախողվել, հանձնվեց թշնամուն:

Հանձնվեց նոյեմբերի 25-ին` Քարվաճառի ազատագրման հրամանատարներից մեկի` Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը:


Ցավոք, կարծես բավարար չհամարելով տեղի ունեցած խայտառակությունը, իշխանական ու մերձիշխանակաՆ որոշ խմբեր հաճախ բարբաջում են, թե իբր Քարվաճառը հայկական չէ:
Թող Քարվաճառը թշնամուն նվիրողները փորձեն բացատրություններ տալ այն որբացած երեխաներին, որոնց հայրերն ընկան` Օմարի կատարները պաշտպանելիս:
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ