Քանի չեք կարողանում օգնել, գոնե մի՛ խանգարեք

108

Հակառակ ամերիկյան որոշ վերլուծաբանների պնդումներին, թե նախագահ Բայդենը կարող է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության հասնելու գործում, մեր տարածաշրջանում առկա իրավիճակը նման լավատեսության շատ տեղ չի թողնում: Պատճառները մի քանիսն ենՙ ռազմական հաջողությունից հարբած Ալիեւի դեռ շարունակվող խումհարային վիճակը, Էրդողանի աշխարհակալական հավակնությունների սրումը, Պուտինի անբացատրելի ու, թվում է, անհեռանկար հանդուրժողականությունը, եւ Նիկոլիՙ արտահերթ ընտրությունների միջոցով իր ռազմական ու քաղաքական պարտության պատասխանատվությունը ժողովրդի վրա գցելու խաղադրույքը: Իսկապես բարդ, հակասական, հակոտնյա ձգտումների մի հանգույց կամ կծիկ, որի թելը քաշելու պարտականությունը ամերիկյան վերլուծաբանները ցանկանում են տեսնել Բայդենի ձեռքերում:

Առայժմ մի կողմ թողնելով Ալիեւին իր հարբածության եւ Նիկոլինՙ իր հոգեախտաբանական տվայտանքների (ինչպես բնորոշել էր դասականը) մեջ, դառնանք մյուս երկուՙ առավել երեք ուժերին, որոնց ձեռքում է մեր տարածաշրջանի եւ, հետեւաբար, մեր երկրի ճակատագիրը, որպես անխուսափելի տվյալ վերցնելով այն իրողությունը, որ նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագիրը ընդամենը զինադադարի եւ ոչ թե խաղաղության փաստաթուղթ է, բնավ չվավերացված եւ չվավերացվելիք միջազգային հանրության կողմից:

Թուրքիան, որ միանգամայն հրձիգն ու հաղթողն է Արցախյան վերջին պատերազմում, իսկական գլխացավ է դարձել ոչ միայն Միջերկրականյան ավազանի անխտիր բոլոր երկրների, այլեւ Կովկասի համար, ներառյալ մեր հարեւան Վրաստանը, որի նախորդ վարչապետը, ի դեպ, հենց այնպեսՙ ներքաղաքական խնդիրների համար չէր որ լքեց իր աթոռը… ՆԱՏՕ-ի 2-րդ մեծագույն բանակն ունեցող այս երկիրը, Թուրքիան, որի մասին նույն կազմակերպության ղեկավարներից մեկը երկու տարի առաջ իրավամբ ասում էր, թե §Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմում մի պրոբլեմ է, իսկ ՆԱՏՕ-ից դուրսՙ մեկ այլ¦, օգտվելով Թրամփի վարչակազմի չներգրավվածության (non-involvement) քաղաքականությունից, սանձարձակության նորանոր անակնկալներ մատուցեց բոլորին, բոլորիս:

Արեւմտյան պատժամիջոցների տակ ճկռող Ռուսաստանը, թեեւ զինադուլի գլխավոր բրոքերի պարտականության ստանձնումով հաջողեց տեղավորվել բաժանարար ամբողջ գծի երկայնքին ու լայնքին, կարծես իրեն զգում է բարակ սառույցի վրա. չի կարող լայն շարժումներ անելՙ կսուզվի, չի կարող անշարժ մնալՙ կվռնդվի, եւ ստիպվածՙ զիջումները մեր հաշվին է անումՙ իրենից հեռացնելով ճակատագրական պահը, որն անպայման գալու է սակայն:

Իրերի այս կացության մեջ անկասկած է, որ յուրօրինակ թմբիրից հետո Մ. Նահանգները ի դեմս Բայդենի վարչախմբի կվերստանձնի իրՙ այսպես կոչված գերհզորի պատասխանատվությունը, որը պահանջ-ակնկալիքն է նաեւ նրա դաշնակիցների եւ բարեկամ այլ պետությունների: Հավասարակշռողի եւ հակակշռողի այդ դերը շատ երկրների ցանկությունն է, նաեւ մեր ցանկությունըՙ ինչ վերաբերում է Էրդողանի Թուրքիային զսպաշապիկ հագցնելու մեր եւ այլ երկրների ակնկալությանը: Եվ այս իմաստով խիստ ուշագրավ է Պետքարտուղարության ուղեղային հարթակներից մեկը համարվողՙ Foreign Policy-ի մարտի 30-ի համարում Դանիել Բաերիՙ §Բայդենը կարող է Հայաստանին եւ Ադրբեջանին օգնել խաղաղություն հաստատելու գործում¦ վերնագրով հոդվածը, որը փաստորեն կոչ է ամերիկյան նոր վարչակազմինՙ Հարավային Կովկասը դիտարկելու որպես պատեհություն ցուցահանելու Մ. Նահանգների ներգրավվածության լրջությունը խաղաղության հաստատման եւ համամարդկային արժեքների պաշտպանության գործում: Հաճախ լսված խոսքեր, որոնք այս պահին հաճո են նաեւ մեր ականջներին, քանի դրանք վերաբերում են Թուրքիային եւ Ադրբեջանին:

Մեր պատկերացմամբ, ավելի ճիշտՙ ակնկալությամբ, նման քաղաքականության սկիզբ կարող է դառնալ Թուրքիայի նկրտումների զսպումըՙ առաջին հերթին Ցեղասպանության ճանաչման նախագահական ակտով, որի մասին արդեն բարձրաձայնում են Սպիտակ տան մոտ կանգնած աղբյուրներ (տեսՙ 2-րդ էջում ՌԱԿ Գերագույն խորհրդի հայտարարությունը):

Ու երեւակայել, որ ճակատագրական այս հանգրվանին մեր տարօրինակ կառավարության ամենատարօրինակ ներկայացուցիչները, երբեմն խեղկատակների շուրթերով, հաճախ նաեւ գործնապես, փորձում են խանգարել դեռեւս 2019 թ.ի Կոնգրեսի զույգ պալատներում սկսված գործընթացը, մինչ ուրիշ մի խեղկատակ, քայլող ուսապարկերի խմբից, ջանում է կասկած առաջացնել, թե ի՞նչ է տալու մեզ Ցեղասպանության ճանաչումը գերհզոր երկրի նախագահի կողմից:

Հաջորդ համարում մեկառմեկ ցույց ենք տալու Ցեղասպանության ճանաչման բոլոր առավելությունները:

Մինչ այդ, պահանջում ենք սին հույսերով չօրորել ժողովրդին: Հայաստանը պատրաստ չէ նոր փորձությունների ու փորձարկումների, պատրաստ չէ թուրքական §խաղաղ¦ ներխուժմանը, ինչպես պատրաստ չէր ռազմական արշավին: Եթե չեք կարող օգնել մեր երկրին, գոնե մի՛ խանգարեք: Իսկ ավելի լավ էՙ հե-ռա-նաք: Ուրիշՙ իսկական պատասխանատու մարդիկ կարող են օգտվել ամերիկյան վերաշխուժացումից, միաժամանակ հստակեցնելով Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունները:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ