ՊՆ շենքի անվտանգությունը կուժեղացվի. Ռազմական ոստիկանության նոր բաժին կստեղծվի այդ նպատակով

73

Կառավարությունը «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն է կատարել, որպեսզի Պաշտպանության նախարարության վարչական համալիրի պահպանությունը հնարավոր լինի  իրականացնել ռազմական ոստիկանության ուժերով։

Մինչև այս որոշման ընդունումը ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի պահպանությունը և անցագրային ռեժիմն իրականացվում էր  ԶՈՒ զորամաս հանդիսացող ստորաբաժանման ուժերով և միջոցներով։

Պաշտպանության նախարարությունը, սակայն, հիմա պարզել է, որ վարչական համալիրի անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտություն է ծագել, որ նախարարության վարչական համալիրի պահպանությունն իրականացնեն ռազմական ոստիկանության ուժերով և միջոցներով:

Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է նախարարության վարչական համալիրի պահպանությունն ու անցագրային ռեժիմն իրականացնող ԶՈՒ զորամասի համապատասխան հաստիքակազմը՝ դրանցում նշանակված զինծառայողներով հանդերձ, ամբողջությամբ փոխադրել ՊՆ ռազմական ոստիկանության համակարգ՝ նրա կառուցվածքում ստեղծելով համապատասխան բաժին: